Մեռած եւ արդեն ծիծաղելի:
Կուռքերի համառ ճանաչմամբ …
ուզում ենք մեզ ազատել գալիքի ստեղծման նեղությունից։
Վահան Տերյան
Կարդացեք նաև
«Հայ գրականության աննկատելի մահը» վերնագրով իմ հեռուստահաղորդումը, որի գրական հենքը օգոստոսի 11-ին եւ 12-ին որպես հոդված լույս տեսավ «Առավոտ»-ում, մի արդյունք գոնե տվեց: Երկարամյա ընդմիջումից հետո սեպտեմբերի սկզբին վերջապես Հայաստանի գրողների միությունը զուտ գրական խնդիրներին նվիրված ընդլայնված պլենում գումարեց։ Թե՛ պլենումի ընթացքը, թե՛ մամուլում հոդվածիս արձագանքները (ստորագրված ու անստորագիր, սկզբում կամ վերջում դրված վերնագրերով) ցույց տվեցին, որ հարկ եղած դեպքում հայ գրողները կարող են նաեւ միավորվել։ Մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, առկա հակակրանք-համակրանքները եւ միավորվել «բոլորը մեկի դեմ» սկզբունքի շուրջը։ Սկզբունք, որ ստալինյան տարիների ողբերգությունն էր եւ այսօր կրկնվում է որպես ֆարս։
(Ի դեպ, հոդվածումս տրված պատկերը բնորոշ է մշակույթի բոլոր ոլորտներին, բայց մյուսները, ում կարող էր վերաբերել ասվածը, կա՛մ չհասկացան, կա՛մ չհասկանալու տալով խոհեմաբար լռեցին):
Ինձ համար անսպասելի չէր, որ արձագանք կլինի եւ արձագանքը կլինի բուռն: Անսպասելին այն էր, որ ծերունի ավազակների զառամախտն այնքան է առաջացել, որ նրանք որեւէ սուր հոդվածի վերնագրից ավելին չեն կարողանում ընկալել: Ցավալի էր այն, որ երիտասարդ շնորհալի գրողների մի մասի սպիտակ տենդն այնքան է խորացել, որ նրանք նույնիսկ հոդվածի վերնագիրը չեն ընկալում այնպես ինչպես կա, այլ նրանում առկա գույժը տեղայնացնելով իրենց համար անհրաժեշտ ոլորտում, սկսում են ատամներով պաշտպանել այդ ոլորտը: Անհավատալի էր, որ բացառությամբ «Ազգ»-ում տպագրված «Գրականությունը մեռավ։ Կեցցե՛ գրականությունը» անստորագիր հոդվածի, բոլոր ընդդիմախոսները գերադասել էին բանավեճի ամենաստոր մեթոդը՝ հակառակ կողմին վերագրել ինչ միտք խելքիդ կփչի, ապա հեշտությամբ ջարդուփշուր անել նրա փաստարկները:
Ինչեւէ։ Իրականությունն այս է։ Ուստի ստիպված եմ շատ ավելի պարզ կամ ընկալման համար քիչ մտավոր աշխատանք պահանջող եղանակով պատասխանել ինձ ներկայացվող հիմնական մեղադրանքին:
«Հայ գրականության աննկատելի մահը» հեռուստահաղորդման մեջ կամ հոդվածում բառ անգամ չկա այն մասին, որ վերջին տասնամյակներին առհասարակ արժեքավոր գործեր չեն ստեղծվել։ Տարբեր առնչություններով հիշատակված գրողներից վեցի անունը տվել եմ պատշաճ գնահատանքով։ Այս առիթն օգտագործելով՝ կարող եմ «մատնել» իմ սերը նաեւ Հովհաննես Գրիգորյանի զգայուն-հեգնական ու չնախապաշարված բանաստեղծական աշխարհընկալման, Արմեն Շեկոյանի երեւանահայկական տրուբադուրի լեզվաոճի. դատողականության հմայքները պեղելու, Հենրիկ Էդոյանի ընդունակության, առօրյայի միջով Ռուբեն Հախվերդյանի զվարթ ու արտիստական երթի նկատմամբ։ Թվարկածներիս կարող եմ առնվազն եւս տասը բանաստեղծի ու արձակագրի անուն ավելացնել, որոնց զգալի մասն ընկերներս են, պետք չէ, որ ոմն Խ. Մանուկյան նրանց գոյությունն ինձ հիշեցնի։ Բայց ոչ նախորդ, ոչ ընթացիկ հոդվածիս խնդիրը դա չէ։ Հիմնական խնդիրը գրականության եւ իշխանության, ընդհանրապես մշակույթի, նույնիսկ՝ ընդհանրապես մտավորականության ու պետության փոխհարաբերությունն է։ Խնդիրն այն է, թե ինչ դերակատարություն ունի հասարակական կյանքում արվեստագետը, երբ արվեստն այլեւս գաղափարախոսական գործիք ու եկամտաբեր զբաղմունք չէ։ Խոսքն, ի վերջո, վերաբերում էր արժանապատվություն ունենալուն, որը պահպանելու կոչերի վերջերս բարեբախտաբար հանդիպեցի նաեւ բեմադրիչ Ռոբերտ Սահակյանցի հարցազրույցում. «Ծիծաղելի է համեմատվել Ֆրանսիայի հետ, որովհետեւ աղքատ գրպանից մշակույթի համար միայն չնչին գումարներ կարելի է սպասել… Նրանք, ովքեր փող են պահանջում, գռռալով մշակույթի մասին, իրենք են մեղավոր, որ այսօր փող չունեն, որովհետեւ 30 տարվա ընթացքում ստեղծել են ապաշնորհ ֆիլմեր… Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը որոշ գումար է տալիս այն դեպքում, երբ վստահ է, որ այդ գումարները կվերադառնան… Ես չեմ դիմի կառավարությանը։ Տեսնելով այդքան տատիկ-պապիկներին փողոցում փող մուրալիս, արտիստների, որոնք մի քանի դրամի համար նվագում են դրսում, ես 40 հազար դոլար չեմ վերցնի մուլտֆիլմ անելու համար» («Շրջան», 08.09.95թ.):
Բավականին մեղմ ձեւակերպմամբ գրել էի, թե «ետպատերազմյան գրողները միջնորդ են եղել ժողովրդի ու հայ գրականության միջեւ»։ Բայց իրականությունը շատ ավելի դառն է։ Տասնամյակներ շարունակ գրականության ասպարեզում իշխող գեղարվեստական չափանիշերը եղել են հետադիմականության աստիճան պահպանողական։ Գնահատվել են ոչ թե որոնումն ու ինքնատիպությունը, այլ նմանությունը դասական գրականությանը։ Այսինքն, ըստ էության՝ էպիգոնությունը։ Երեւույթի վառ
արտահայտությունը ավագ սերնդի տաղանդավոր հանգաթուխների կոհորտայի արշավանքն էր մոդեռն բանաստեղծների խմբի դեմ (Դավիթ Հովհաննես, Արտեմ Հարությունյան, Սամվել Կոսյան, Հովհաննես Գրիգորյան եւ այլք), որի արդյունքում վերջիններս սկսեցին սոնետների պսակներ գրել, իսկ նրանցից ավելի ջահելների մեծամասնությունը ձեռնամուխ եղավ դարասկզբի գրական ուղղությունների վերակենդանացմանը: Բացի այս, երիտասարդների համար գործում էր առաջին գիրք տպագրելու տարիքային ցենզ, որը թույլ չէր տալիս երեսունից ջահել հասակում գիրք հրատարակել նույնիսկ համապատասխան ծնող, տոհմ գերդաստան ունեցողներից շատերին։ Որի շնորհիվ ավագները բնական ժամկետից շատ ավելի երկար ասպարեզում մնում էին մենիշխան, եւ նրանց համբավը առաջ էր ընկնում իրենց ստեղծած արժեքից (համոզվելու համար ցանկացած միջավայրում
խնդրեք այսօրվա անվանի բանաստեղծների 5 բանաստեղծություն ոչ թե արտասանել, այլ պարզապես թվարկել): Իսկ վերջին պլենումի ելույթները ցույց են տալիս, որ նույնիսկ այսօր, երբ թվում է կիսելու բան էլ չկա, տարեցները երիտասարդներին կա՛մ չեն ընդունում, կա՛մ էլ ընդունելիս այնպիսի ճաշակ են ցուցաբերում (օրինակ՝ Սերո Խանզադյանը), որ մեր դասականները գերեզմանների մեջ երեւի շուռ են գալիս։
Այս պարագաներում ինձ համար արտառոց էր «գառների լռությունը», ինձ տարեկից դախացած «գառների» լռությունը, երբ որ այն, ինչ ասել էի, մեր ընդհանուր կենսագրությունն է։ Եվ այսօր էլ ինչ որ գրել եմ գրականության հանդեպ պետական հոգածության մասին, գրել եմ տանը դրած 7 (յոթ) անտիպ գիրք ունենալով։ Ինչ որ գրել եմ Գրողների միության մասին (հասկացնեմ հումանիտար օգնությունը գլուխներին խփած տղաներին) Գրողների միությունն ըստ նշանակության օգտագործելու կոչ է:
Թեեւ, հիմա արդեն խոստովանեմ, բուն նպատակս անցած-գնացածը արձանագրելով ոչ թե երիտասարդներին պաշտպանելն էր, այլ այն սովետական գրողներին կյանք, իրականություն վերադարձնելը, ովքեր պատկառելի ավանդ ունեն հայ գրականության հարստացման գործում։ Անկախ իրենց մեծ կամ փոքր կոմպրոմիսներից (նույնիսկ Արմեն Հովհաննիսյանի նման ճաշակով թարգմանիչը, օրինակ, «գրդոնից» չխորշելով գեղարվեստական թարգմանության համար սահմանված սուղ ծավալները «խժռելուց», 1981-ին հրապարակ հանեց Պյոտր Պրոսկուրինի «Անունը քո» 50 մամուլանոց անհամ վեպի թարգմանությունը, որը մի «Ժիգուլի» ավտոմեքենայի գնից ավելի հոնորար էր նշանակում): Նրանց երկիրը մեռավ, իրենք մնացին։ Որբեւայրու նման, որի ամուսինը թագուհու պես է պահել իրեն, բայց ինքզինքը անմահ կարծելով ո՛չ զավակ, ոչ էլ անհոգ ծերությունը ապահովող թոշակ է թողել:
Ցավոք, մի բան հաշվի չէի առել: Որբեւայրիների հետ հարկավոր է ավելի նրբանկատ լինել։ Հոդվածս, ասենք, պետք է վերնագրեի՝ «Որոշ մտահոգություններ անցյալ տասնամյակների գրական կյանքի մի շարք ստվերոտ կողմերի առթիվ»։ Կամ էլ՝ «Պահպանել եւ զարգացնել»։ Կամ, ավելի լավ է՝ «Չհապաղել, բայց նաեւ չշտապել»: Այդ դեպքում էլ, վախենամ, հոդվածս չկարդային մյուս ընթերցողները, որոնք ժամանակակից հայ գրականությանը ծանոթ չեն ու չեն հետաքրքրվում նրա վիճակով։ Իսկ եթե չկարդային, չէին իմանա, որ ծանոթ չեն, որովհետեւ իրենց ոչ ոք չի սովորեցրել գեղարվեստական գրականություն կարդալու արվեստը, որովհետեւ այսօր էլ իրենց ծեր ու ջահել գրողների ու գրականագետների գրախոսությունները, նույն բառերով զառանցանքն ու գլուխգործոցը գովաբանելով, համոզում են, որ Հայաստանում ոչ մի վատ գիրք չի գրվում.
Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հաջորդ համարում կարդացեք Վահրամ Մարտիրոսյանի «Մի ժողովրդի պատմություն» հոդվածը։