Երկարատեւ թմբիրից հետո հայկական հեռուստատեսությունում կարծես թե աշխուժության նշաններ են երեւում։ Անցյալում փորձարկված բազմաթիվ շոուներից հետո, որոնք կոչված էին հեռուստախաղի «ժանրը» ներմուծել հայկական եթեր (ցավոք, որպես կանոն, իրենց պրիմիտիվության պատճառով դրանք բոլորն էլ տապալվեցին ու երկար կյանք չունեցան), հոկտեմբերի առաջին օրը հեռարձակվեց սերիալի հերթական հաղորդումը։
Այս անգամ «Կամ… կամ» անվանումով։ Երբ հաղորդավարը բացատրում էր խաղի կանոնները, թվում էր, թե միտք է շարժվել, հանդիսատեսի համար ստեղծվել է հաճելի լարվածություն ապահովող հաղորդում։ Սակայն, հետագայում պարզվեց, որ «Կամ… կամն» էլ տառապում է հայկական հեռուստախաղի ամենաբնորոշ ախտանիշով՝ ձանձրալիությամբ։ Գուցե թե «Կամ… կամի» նորը լինելու ֆոնի վրա այս տեսակետը վիճարկելի թվա, սակայն, որոշ ժամանակ անց պարզ կդառնա, որ խաղը հանդիսատեսի համար չէ: Իսկ թե ինչու, փորձենք պարզել։
Իհարկե ողջունելի է, որ հաղորդավարը մերժեց եթերից ողջույններ հաղորդելու ռուսական ավանդույթը հայկական հեռուստախաղ ներմուծելու գաղափարը, սակայն այս էլ ո՞րերորդ հեռուստաշոուն է, որ մեր խաղավարները չեն կարողանում պոկ գալ հանրահայտ «Հրաշքների դաշտի» պտտվող թմբուկից, որը խաղատախտակի դեր է կատարում:
Իհարկե, խաղատախտակը նույնությամբ չի նմանակվում, սակայն փոխվում են միայն երանգները: Մինչդեռ, նույն ռուսաստանյան հեռուստատեսությամբ բազմազան շոուներ են ցուցադրվում, որոնք մեկը մյուսին գրեթե ոչնչով չեն կրկնում:
Հաջորդ թերացումն այն է, որ մինչեւ վերջ հստակեցված չեն խաղի կանոնները, չկա մեխանիզմ, որը կսահմաներ, թե մրցակցության դեպքում, իսկ այդպիսի բան խաղի կանոններով նախատեսված է, երբ երկու հակառակորդներն էլ միաժամանակ պատրաստ են պատասխանել, նրանցից ո՞ւմ պետք է դրա հնարավորությունն ընձեռվի: Նախապատվություն տալու ցանկությունը թողնել խաղավարի հայեցողությանը, թե ես կարծում եմ այսինչը պետք է պատասխանի, նշանակում է հեռուստադիտողների միլիոնանոց բանակի աչքի առաջ խախտել օբյեկտիվության սկզբունքը: Եթե սրան էլ ավելացնենք, որ տոկոսներով միավորներ գումարող կամ նվազեցնող սլաքը համարյա միշտ էլ կանգ էր առնում հավելող խաղադաշտի ուղղությամբ, ապա կարելի է ենթադրել նաեւ, որ խաղատախտակը կառավարվում էր, այսպես ասենք, դիստանցիոն կամ էլ էլեկտրական որեւէ սարքավորումով։ Որեւէ հիմք չունենք պնդելու, որ դա, իրոք, այդպես է, սակայն մյուս կողմից էլ կարող ենք ենթադրել, որ միավորները խաղատախտակի օգնությամբ հավելվում էին հովանավորներին շահագրգռելու համար։
Անհաջող էր նաեւ մեծ թվեր խաղարկելու սկզբունքը, այնքան անհաջող, որ նույնիսկ խաղի մասնակիցները չէին կարողանում ոչ միայն մրցակիցների, այլեւ իրենց շահած միավորները հաշվել։ Սա, իր հերթին, նպաստում էր, որ խաղի նկատմամբ նվազի նաեւ հեռուստադիտողի հետաքրքրությունը։
Մրցանակները շնորհելու արարողությունը եւս, բացի հանդիսավորությունից, ոչնչով աչքի չէր ընկնում: Պարզվեց, որ միայն հզոր հովանավորներ ունեցողները կարող են մրցասպարեզ ելնել։ Այսինքն՝ ակնհայտորեն մեկ անգամ եւս ընդգծվեց, որ «Կամ… կամը» բոլորի խաղը չէ: Այս տպավորությունը չցրվեց նույնիսկ Ճենտերեջյան եղբայրների՝ խաղը վարպետորեն վարելու ունակությամբ, որոնք ջանում էին բոլորին բնական վիճակում պահել։
Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ «Կամ… կամը» ցուցադրվեց ուշ ժամի եւ այն էլ աշխատանքային նոր շաբաթից առաջ։
Ա. Զ.