Խորհրդային հասարակարգի հարստություններից մեկը՝ կենտրոնական ջեռուցումը, այս ձմռանն էլ կմնա մայրաքաղաքի իշխանությունների գլխավոր գործը, այն այլընտրանք չունի։ Հիմնավորումը հաշվարկներն են. դրանք ցույց են տալիս, որ ջեռուցման ծախսերը անհամեմատ զիջում են գազի, նավթի ու փայտի դիմաց պետության եւ բնակչության վճարելիք գումարները։ Հրատապության հնչերանգ ունի նաեւ ծառահատումների վերսկսման վտանգը, որի պարագիծն այս անգամ անչափելի կդառնա։ Կենտրոնական ջեռուցմանն ապավինելը հիշյալ երկու խնդիրն էլ դրականորեն կլուծի, մանավանդ, որ նախորդ տարիների փորձը միանգամայն հուսադրող է։ Կենտրոնական ջեռուցման վերսկսման առաջին տարում տաքացվող շենքերի թիվը 800 էր, հաջորդ տարում՝ 1800, իսկ այս ձմռանը այն կհասնի 2100-ի։ Կառավարության հետ արդեն որոշվել է նաեւ մեկ քառակուսի մետրի վարձավճարը՝ 657 դրամ (իրականում 1400 դրամ): Ջեռուցման ողջ տարեշրջանի համար երեւանցիները կմուծեն 25-26 հազար, դրամ։ Տարեշրջանը կսկսվի նախորդից 15 օր շուտ՝ նոյեմբերի 15-ին։ Երքաղխորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանի Երեկվա մամուլի ասուլիսում հրապարակված այս փաստերը խորհել են տալիս, իհարկե, քաղաքային տնտեսությունը վերականգնման փուլ է թեւակոխել, սակայն, չվերականգնվածը գերակշռող է մնում։ Ինչպես վիճակագրությունն է փաստում, հիշյալ 2100 շենքում ապրում է մայրաքաղաքի բնակչության 40 տոկոսը։ Սակայն ի՞նչ է սպասում 60 տոկոսին։ 90000 երեւանյան ընտանիք կընդգրկվի «Փարոս» ծրագրում։ Իսկ մնացած 160 հազա՞րը։ Անշուշտ, պետք է արժանին հատուցել նրանց, ովքեր միջազգային ու տեղական հնարավորությունները ջանում են լավագույնս համադրել իրենց պաշտոնական պարտականություններին։ Արձանագրենք, որ գումարելիների համատեղությունը արդյունավետ է հատկապես ձեռքբերումների «տեսականու» հարցում։ Այսպես, կաթսայատների նորոգմանը եւ դրանք շուրջօրյա էլեկտրականությամբ ապահովմանը հավելվում են նաեւ հարթ տանիքների նորոգումը, շենքերի ներքին ցանցերի թարմացումը, ջրագծերի փոփոխումը, շքամուտքերի դռների տեղադրումը եւ այլն։
Հիշյալ գործընթացը նորություններ է խոստանում։ Օրինակ՝ դպրոցական առօրյան կվերադառնա նախկին կենսառիթմին՝ դասերի ու արձակուրդների սովոր հերթագայությանը։ Դա ջեռուցման ձեւից կախում չի ունենա։ Ի դեպ, կենտրոնական ջեռուցման ցանցից դուրս մնացած կրթօջախները կտաքացվեն վառարաններով, որոնց թիվը զգալիորեն կավելանա։ Հասկանալի է, նույնը վերաբերում է նաեւ վառելիքի քանակին։ Նշվեց, որ մայրաքաղաքի որոշ շրջաններ՝ Արաբկիրը, Կենտրոնը, Նորքի 4-րդ եւ 5-րդ զանգվածները, առաջվա նման քաղաքային իշխանություններին առանձնահատուկ հոգս կպատճառեն։
Քաղաքապետը լրագրողներին տեղեկացրեց, որ միջազգային կազմակերպությունների հատկացրած մարդասիրական օգնությունը երեւանցիներին կբաշխվի միայն «Փարոս» ծրագրով, նախկին 11 կատեգորիաներն այլեւս չեն գործելու։ Իսկ նավթի կտրոններով կարելի է փոխհատուցել ջեռուցման ծախսերը։ Դա կատարվելու է վերահաշվարկի միջոցով։
Վահագն Խաչատրյանը պատասխանեց ասուլիսի մասնակից լրագրողների բազմաթիվ հարցերին։ Միայն մեկ մանրամասն: Քաղխորհուրդը մշակել եւ երեկ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Երեւանի մասին օրենքի նախագիծը։
Կարդացեք նաև
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ