Սփյուռքի միատարրության մասին վարկածը մերժվեց այն պահից, երբ հնարավոր դարձավ սփյուռքի եւ հայրենիքի միջեւ կապերի ընդլայնումը՝ համագործակցության որակական նոր մակարդակի վրա: Խորհրդային տարիներին, երբ շփումը հայկական գաղութների հետ իրականացվում էր առավելապես «էլիտար մտավորականության շքախմբերի միջոցով, սփյուռքը հայրենիքում ընդունվում էր որպես միմիայն Հայաստանի ճակատագրով ու խնդիրներով ապրող, միայն կորցրած հողատարածքների վերադարձման գաղափարով գոյատեւող մի ամուր կառույց։
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո պատկերացումները փոխվեցին։ Ուրախալի է, որ շուտ անցավ առաջին էյֆորիկ ալիքը, երբ շատերը Հայաստանում կարծում էին, թե աշխարհով մեկ սփռված հայերը դրախտի նման կպահեն փոքրիկ հայրենիքը, անձնվիրաբար կզորացնեն բանակը, «հայկական միլիոնների» շնորհիվ կվերականգնվի տնտեսությունը։
Կարճ ժամանակում պարզվեց, որ դրանք իրական գաղափարներ չէին: Փոխարենը սկսեց ձեւավորվել դժվար, բայցեւ անհրաժեշտ նոր հարաբերությունների փուլը: Այս տեսանկյունից աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններում հանգրվանած սփյուռքը ուրվագծվում է մի քանի հանգուցային կետերով։
Ա. Առանձին, սակավաթիվ անհատներ, որոնք լիովին գիտակցում են նոր հարաբերությունների կենսականությունն ու խնդիրները:
Կարդացեք նաև
Բ. Հայության հոծ զանգվածներ, որոնք զգացմունքային ելույթներից ու տոնախմբություններից զատ, գործնական ոչինչ չեն անում։
Գ. Սփյուռքի մի հատված, որը կանգնած է ձուլման եզրին, բայց իր գիտակցական որակների շնորհիվ ի վիճակի է որպես հայի վերակենդանացմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գաղափարը իր արդիականության ու կենսականության շնորհիվ կարեւոր փորձաքննություն է ողջ հայության համար։ Դրանով հնարավոր է ստուգել՝ որքանով է այս էթնիկական միավորը համաչափ ժամանակին, ժամանակավրեպ կապերի ու հարաբերությունների միջոցով ոչինչ հնարավոր չէ անել։
«Հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը կառաջանար նույնիսկ Հայաստանի եւ Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի նորմալ լինելու պայմաններում։ Հիմնադրամի նպատակը ոչ միայն կազմակերպված դրամահավաքն է՝ կարեւորագույն ծրագրեր իրականացնելու համար, այլեւ հայության միասնության հաստատություն դառնալը»,- այս խոսքերը ՀՀ փոխնախագահ Գ. Հարությունյանինն են։ Եվ քանի որ այս ձեռնարկման նյութական միավորը այնուհանդերձ դրամն է, սրա միջոցով փորձենք ներկայացնել վիճակը: «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել են բավական գումարներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում ծրագրերի իրականացումը։ Բայց…
Հիմնադրամի ներկայացրած տեղեկագրում, տեղական հանձնախմբերից հիմնադրամի հաշվին փոխանցած գումարները բաժնում (ըստ պետությունների) նշվում է հետեւյալ պատկերը. 1992–95թթ. այնպիսի հոծ գաղութներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Լիբանանը, Սիրիան, Եգիպտոսը, 1 ցենտ անգամ չեն հանգանակել։ ԱՄՆ ներկայացնող հանձնախմբերից մեկը՝ Լոս Անջելեսը իր հնարավորությունների համեմատ հավաքել է չնչին գումար (2500000): Մոտավորապես այդքան գումար է փոխանցել Չիլլիի հայկական համայնքը, որը ըստ հայերի թվաքանակի անհամեմատ զիջում է նախորդին։ Բավական ակտիվ են Ֆրանսիայի, Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի հայ գաղութները:
Այս թվերից ելնելով միանշանակ եզրակացություններ անելը սխալ է, գաղութներից բոլորը ունեն իրենց յուրահատուկ, սպեցիֆիկ խնդիրները։ Այսպես՝ Ռուսաստանի հայության անտարբերությունը, որը 3-4 տարվա ընթացքում չհանգանակեց 1 կոպեկ, բացատրվում է առավելապես հայկականության գործոնը վատնած լինելով կամ հիմնադրամի համապատասխան հանձնախմբի անաշխատունակությամբ։ Լոս Անջելեսյան անտարբերությունը մոտ է հիմնադրամին բոյկոտ հայտարարել, նույնը երեւի բնորոշ է լիբանանահայության պահվածքին՝ կապված քաղաքական անհամաձայնությունների հետ:
Ֆրանսիայի ներկայացուցիչը իր ելույթում առաջարկեց թույլ տալ իրենց հանգանակած գումարների 5 տոկոսը տրամադրել գաղութի պահանջներին։ Այն է՝ հայկական դպրոցների ֆինանսավորում, հայերեն մամուլի եւ այլ հայապահպան միջոցառումների օժանդակում։ Ըստ գաղութի ներկայացուցչի, Ֆրանսիայի հայկական դպրոցների վիճակը աղետալի է: Այնպես որ, ֆինանսական ամենաակտիվ ցուցանիշները հայության բարօրության միակ երաշխիքները չեն։ ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչը նշեց, որ ժողովուրդը շատ քիչ է մասնակցում, հանգանակությունները կատարվում են մի քանի անհատների շնորհիվ։ Արգենտինայի ներկայացուցիչը կարեւորեց տեղեկատվության բացակայությունը, որը խիստ դժվարացնում է գործը: Տեղեկատվության մասին, աշխարհի 17 երկրներից ժամանած լրագրողները բողոքում էին ինֆորմացիայի բացակայության առիթով։ Թերթերը չեն հասնում, փոստը չի գործում: Զանազան աղբյուրներից մի կերպ հայթայթած ինֆորմացիան մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Այս հարցը պետական մակարդակով անպայման պետք է լուծվի: Կար ժամանակ, երբ սփյուռքի մասին խոսելիս կարեւորվում էր նրա ինքնատիպության գաղափարը: Ձուլման երեւույթի մասին հիմա չեն խոսում, իսկ այն իրական է: Եվրոպական շքեղ սրահներում երկու ժամ հուզված Սեւակ արտասանելով կամ Հայաստանից ժամանած կիսասիրողական համույթներին ծափահարելով՝ գաղութը չի գոյատեւի: Անհրաժեշտ է լուրջ, մշտապես իրականացվող քաղաքականություն՝ ուղղված սփյուռքի պահպանմանը, հայապահպանության խնդրին։
Գաղութները մասնակցում են հիմնադրամի հանգանակման գործերին 10-15 տոկոսի չափով։ Անկասկած իր մեղքը ունի այս հարցում հիմնադրամի գործադիր վարչությունը: Անհրաժեշտ է նոր, ավելի արդյունավետ մեխանիզմների մշակում, պրոպագանդայի, գովազդի ընդլայնում: Սրանց վրա ծախսված գումարները իրենց անպայման կարդարացնեն։ Հեռավոր Վենեսուելայում ապրող հայի համար անչափ դժվար է հասկանալ Լաչինի ճանապարհի կառուցման կենսականությունը:
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ