Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժե սեփականաշնորհվող օբյեկտը

Հոկտեմբեր 03,1995 15:47

Տպագրելով կառավարության հարգարժան պաշտոնյաների կրակոտ, հրապարակախոսական ոճով գրված պատասխանը (որի համար, այնուամենայնիվ, շնորհակալ ենք), ուզում ենք, որ ընթերցողը, պատգամավորները, տնտեսագետները, գործարանների տնօրենները, ձեռներեց մարդիկ, եւ, իհարկե, իրենք՝ կառավարության հարգարժան պաշտոնյաները, պատասխանեն հետեւյալ հարցերին.՝       ՚

ա) Արդյո՞ք Հայաստանում իսկապես կիրառվում է սեփականաշնորհման միակ հնարավոր եւ ամենաարդյունավետ ձեւը։

բ) Արդյո՞ք սեփականաշնորհման ընթացքում հնարավոր չեն չարաշահումներ, որոնց արդյունքում հարստանում են պետական պաշտոնյաները:

գ) Արդյո՞ք մեր տնտեսական օրենքները արդյունավետ կլինեն, եթե խորհրդարանը այդ ոլորտին վերաբերող որոշումներն ընդունի «ջուրտուքշի» տարբերակով։

Սպասում ենք այդ խնդիրների լուրջ եւ շահագրգիռ քննարկմանը:

«ԱՌԱՎՈՏ»

 

Հիրավի, ի՞նչ արժե սեփականաշնորհվող օբյեկտը։ Ինչպե՞ս գնահատել, ի՞նչ գին դնել, որ լինի արդարացի ու ճիշտ, եւ բոլորը գոհ մնան։

Սեփականաշնորհվող օբյեկտը ապրանք է, որ հանվում է շուկա։ Հայաստանում, ինչպես նկատել է ընթերցողը, պետական ձեռնարկությունները, չնչին բացառություններով, վաճառքի են հանվում բաց բաժնետիրացման, աճուրդային կարգով։

Յուրաքանչյուր ապրանք ունի սպառողական եւ փոխանակային արժեք։ Ըստ որում, եթե սպառողական արժեքի հիմքում ընկած է իրի օգտակարությունը իրացնելու պահանջմունքը, ապա փոխանակային արժեքը որոշվում է իրի եկամտաբերությամբ։ Եկամտաբերության այդ հայտանիշը ապրանքը դարձնում է կապիտալ։

Շուկայական տնտեսությունում ապրանքի գինը որոշվում է պահանջարկով։ Եթե շուկա եք հանում մի ապրանք, որի գինը դնում եք, ասենք, 1 մլն դոլար, սակայն ոչ ոք այդ գինը չի վճարում, այլ տալիս է, օրինակ՝ կեսը, ապա տվյալ ապրանքի շուկայական գինը ոչ թե մեկ, այլ կես միլիոն է։ Սա շուկայի օրենքն է, եւ մենք ներողություն ենք խնդրում ընթերցողից այս պարզ ճշմարտությունները հիշեցնելու համար, բայց ստիպված ենք դա անել, որովհետեւ ոմանք, չտիրապետելով անգամ այդ այբուբենին, իրենց իրավունք են վերապահում հրապարակայնորեն հանդես գալ սեփականաշնորհման վերաբերյալ հավակնոտ դատողություններով։

Օրերս «Առավոտ» թերթում (տես սեպտեմբերի 29-ի համարը) հրապարակված «Որքան վատ, այնքան լավ» վերտառությամբ փոքրածավալ նյութի հեղինակը՝ Գ.Մարտիրոսյանը, բազմիցս կրկնված ու ծամծմված «սրտացավություն» է արտահայտում այն կապակցությամբ, որ «Պետությունը գործնականում գրեթե ձրի է բաժանում իր սեփականությունը»:

Լրագրողից տնտեսագիտական խոր գիտելիքներ, իհարկե, չես պահանջի: Բայց եթե նա հանձն է առնում կարծիք հայտնել լրջագույն մի նյութի մասին, ինչպիսին սեփականաշնորհումն է, ապա մոտեցումն էլ առնվազն լուրջ պետք է լինի։ Մինչդեռ, լրջության փոխարեն՝ կատակի հավակնություն ունեցող ծամածռություններ (մայրաքաղաքի լավագույն հյուրանոցները անվանում է «չալաղաջ կտորներ»), առաջին աղբյուրից տվյալներ քաղելու փոխարեն՝ «Սնարք» գործակալության վկայակոչում, եւ եզրակացություններ, որոնք իր իսկ արտահայտությամբ «մեծագույն զգուշություն պահպանելով կարելի է հետաքրքրաշարժ անվանել»։

Եվ այսպես, հոդվածագրի հեգնախառն տագնապի կամ տագնապախառն հեգնանքի պատճառը պետական ունեցվածքի «ձրի բաժանումն է»։

«Սնարք» գործակալության տվյալներով Հրազդանի մսի կոմբինատը վաճառվել է ծիծաղելի գումարով՝ 168 հազար դրամով։ Իսկ մեկնարկային գինը, ըստ նույն աղբյուրի, հավասար էր 2400 դրամի»,- գրում է հոդվածագիրը, վերջին թիվը ապրանքային արտահայտությամբ համեմատելով երկու շիշ խորովածի հետ:

Սեփականաշնորհվող օբյեկտների ազդագրերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Եվ եթե հոդվածագիրը բացեր այդ թերթի այս տարվա դեկտեմբերի 8-ի համարը (այս տարվա դեկտեմբերի 8-ի «ՀՀ»-ի համարը, հասկանալի պատճառներով, չափազանց դժվար է բացել։ Այսօր դեռեւս այս տարվա հոկտեմբերի 3-ն է,- «Առավոտ»), ապա կտեսներ, որ խոսքը ոչ թե Հրազդանի մսի կոմբինատի, այլ մսամթերքների վերամշակման ձեռնարկության մասին է, որը զբաղվում է մսի մթերմամբ։ Այնուհետեւ. մեկնարկային գինը ոչ թե 2400, այլ 48 հազար դրամ է Եղել (Քանի շիշ խորոված՝ հաշվարկը թողնում ենք հոդվածագրին): Սա՝ սխալների մասին, որ չէին լինի, եթե հոդվածագիրը փոքր-ինչ բարեխիղճ լիներ փաստերը հայթայթելիս։ Իսկ այժմ դառնանք նրա եզրակացությանը։

«Ամենայն հավանականությամբ,- գրում է հոդվածագիրը,- իր՛ դերը խաղաց գնահատման սխալ մեթոդիկան, ըստ որի հիմք է վերցվում ոչ թե տվյալ ձեռնարկության շուկայական գինը, այլ նրա շահութաբերությունը»։

Ո՜վ սուրբ անմեղություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեթոդիկայի հիմքում դրվի ձեռնարկության շուկայական գինը։ Ձեռնարկությունը կոշի՞կ է, թե՞ կարտոֆիլ, որ նախապես իմանաս շուկայական գինը։ Ձեռնարկության շուկայական գինը որոշվում է միմիայն շուկայում, ինչը եւ արվում է աճուրդի ժամանակ: Ինչ

վերաբերում է շահութաբերությանը, ապա նրանով որոշվում է միայն ձեռնարկության հիմնական միջոցների նախնական արժեքը։ Հիմնական միջոցներից բացի, ինչպես հայտնի է, ձեռնարկությունը ունի նաեւ շրջանառու միջոցներ (հումք, պատրաստի արտադրանք, դրամական միջոցներ եւ այլ), որոնք նույնպես հաշվի են առնվում գնահատման ժամանակ։

Ինչ մեթոդիկայով եւ ինչպես էլ գնահատվի ձեռնարկությունը, նրա իսկական շուկայական գինը որոշվում է կամ բաժանորդագրությամբ կամ էլ աճուրդում։ Եթե ցածր է գնահատված, ապա սակարկությունների արդյունքում պահանջարկը բարձրացնում է նրա գինը, եթե բարձր է գնահատված, ապա ոչ ոք չի գնում եւ հաջորդ աճուրդում կամ բաժանորդագրության ժամանակ ստիպված են լինում իջեցնել մեկնարկային գինը։

Սեփականաշնորհման միակ ճիշտ ձեւն է սա։ Համենայնդեպս, մարդկությունը առ այսօր ավելի լավ ձեւ չի հորինել։

Այո, շուկան է որոշում արժեքը։ Այսօր կա բնակարանի շուկա։ Ցանկացած բնակարան կառուցելը մի քանի անգամ ավելի թանկ արժե, քան այսօր շուկայում բնակարանի առաջարկն է։ 80 հազար դոլարով կարող ես երկհարկանի առանձնատուն գնել, իսկ եթե այդ նույն առանձնատունն այսօր կառուցես, ապա տասն անգամ ավելի շատ կծախսես։ Ուրեմն ի՞նչ։ Ո՞վ է ում խաբում։ Այստեղ խաբեություն չկա։ Կա շուկա։ Կա առաջարկի եւ պահանջարկի կարգավորում։

Համարում ես, որ ցա՞ծր է գնահատված ձեռնարկությունը, երկու շիշ խորովածի գի՞ն է, հրաժարվիր խորովածից եւ դարձիր սեփականատեր։ Ով է խանգարում ցանկացած մարդու մասնակցել ցանկացած ձեռնարկության աճուրդին, գնել, բաժնետեր դառնալ։ Եվ սխալ է կարծել, թե ձեռնարկության կամ նրա մի մասը ձեռք բերելով դառնում ես հարուստ։ Սեփականատերը գույքահարկ է վճարում, եւ եթե ձեռնարկությունը աշխատի ու արժեքներ չստեղծի, ապա սնանկացումն անխուսափելի է, եւ ձեռնարկությունը կանցնի մեկ ուրիշի կամ այլոց ձեռքը, մինչեւ որ գտնի արժանի տիրոջը (տերերին): Եվ այս դեպքում աշխատանքով ապահովված կլինեն որոշակի թվով մարդիկ, ՝ իսկ հարկերի վճարումներից կհամալրվի բյուջեն եւ կշահի ողջ հասարակությունը։ Սա է շուկայական տնտեսության տրամաբանությունը եւ որքան շուտ իրականացվի սեփականաշնորհումը, այնքան ավելի արագորեն ձեռնարկությունները ոտքի կկանգնեն ու կընդլայնեն իրենց արտադրությունը։

Եվ վերջապես հոդվածագրի մտքի մի թռիչքի մասին եւս։ Պետական պաշտոնյաներին, նրա կարծիքով «մատչելի է ամենաթանկն այս աշխարհում՝ ինֆորմացիան եւ այդ առումով նրանք մեծ առավելություններ ունեն մեկ-երկու վաուչեր ունեցող հասարակ մահկանացուների նկատմամբ»:

Այդ ի՞նչ ինֆորմացիայի են նրանք տիրում, որ անմատչելի է հասարակ մահկանացուներին։ Սեփականաշնորհվող ձեռնարկությունների մասին մանրամասն տեղեկությունները հրապարակվում են ազդագրերի ձեւով, եւ դա ողջ ինֆորմացիան է։ Այս առումով ոչ ոք առավելություն չի կարող ունենալ մեկ ուրիշի նկատմամբ։ Առավելությունը ձեռներեցության, աշխատասիրության, մի բան ստեղծելու եւ ոչ թե դատարկախոսության մեջ է։

Բորիս ՔՈՉԱՐՅԱՆ

Սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար

Աշոտ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

Պավել ՂԱԼԹԱԽՉՅԱՆ

Պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման

վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031