Լրահոս
Օրվա լրահոսը

Անցում «համահայկականից դեպի «քաղաքացիական»

Հոկտեմբեր 03,1995 13:41

Հասարակական-֊քաղաքական իրադարձությունների լարվածությունը աստիճանաբար մարում է եւ Հայաստանում հաստատվում է հարաբերականորեն անդորր ու անվրդով կեցություն։ Ընտրական եւ սահմանադրական ամառը կարծես սպառեց հուզագործնական եռանդը հասարակության թե՛ գոհ, թե՛ դժգոհ խավերի մեջ: Պարտության դառնությունն ու հաղթանակի վայելքն արդեն երկու ճամբարներում էլ անցած շրջան են, միակ բացառությունը, թերեւս, ՀՌԱԿ-ն է, որտեղ անհաջողակների բացասական եռանդուժը դեռեւս պարբերաբար բորբոքվում է, սակայն այդ պոռթկումներն էլ արհեստական են թվում՝ սահմանափակվելով մամուլի էջերում ի հայտ եկող գրչախոցումներով։ Այժմ ամենատարածված տրամադրությունը անհաղորդությունն է, որը միանգամայն բնական է իբրեւ հասարակական հոգնածության դրսեւորում։ Մարդկանց մի մասի հույսերն ի դերեւ ելան, մյուսներինը արդարացան, սակայն դրանից էական ինչ-որ փոփոխություն, տեղաշարժ չկատարվեց, ուստի բոլորն աստիճանաբար խորամուխ են լինում առտնին-կենցաղային մակարդակ, ձմեռը մոտենում է։

Այժմ ավելի շատ ձմեռային պահեստավորման-պահածոյացման մասին են խոսում, քան ընթացիկ խորհրդարանական նիստերի կամ այլ քաղաքական-կուսակցական իրողությունների մասին («Դրո»-ի դատավարության ընթացքում նորանոր շեշտադրումներ են Երեւան գալիս, բայց միեւնույն է, ամեն ինչ բախվում է անհաղորդության պատին): Թեեւ օրենսդիր մարմինը քննարկում է կենսական կարեւորության խնդիրներ՝ սեփականաշնորհում, քաղաքացիություն, բայց հավանականության մեծ տոկոսով, կարելի է պնդել, որ ռադիոլսողների բանակն էլ կտրուկ նվազում է, գուցե առարկեն, թե պատճառներից մեկը թատերայնության նվազումն է, լռել են նախկին ընդդիմախոս աստղերը

Իրոք, եկել է տեսական արժեւորման պահը, պատահական չէ, որ պաշտոնական մամուլն ու հեռուստատեսությունը հանապազ լի են պետականության կառուցմանն առնչվող ընդհանուր գիտական դրույթների հանրամատչելի ճշտումներով, իսկ արվեստագետների փոխարեն մեր էկրանների հյուրերն արդեն գիտնականներն են, առավելապես՝ իրավաբան, քաղաքագետ: Տարածված եզրույթով ասած՝ ընկերաբանների կարծիքներն են արմատավորվում, իսկ դրանց առանցքում այն ճնշող մտայնությունն է, թե պետության եւ պետականության հարթության վրա գործ ունենք միայն

օրենքների եւ դրանց կրող ու ենթակա քաղաքացիների հետ: «Քաղաքացի» բառը, ինչպես եւ «պետությունը», հասել են վերացականության բարձրագույն աստիճանին։ Եթե բոլորովին վերջերս մենք շատ հաճախակի եւ դյուրությամբ գործածում էինք «համահայկական», «համազգային» եւ նման կարգի այլ արտահայտություններ ու կարգախոսներ՝ «Մեկ ազգ մեկ հայրենիք, մեկ եկեղեցի», ապա այսօր գործնականում խուսափում ենք դրանցից՝ բարձրաձայն փաստարկումներով, ընդ որում այս իրողությունները ծավալվում են եւ Հայաստանում, եւ Սփյուռքում։

Եվ առաջին հերթին մտահոգվում, թե ձեռնարկվելիք գործողությունները ինչով կօգնեն նախ անձամբ մեզ, ապա մեր պատկանած կազմակերպությանը, տարածքին, այսինքն՝ շահը կամ պատիվը ում բաժին կընկնեն: Մեր ազգային իրականության մեջ մի տարօրինակ ծայրահեղություն կա. ժամանակների եւ միջոցների անհեռատես շռայլումից անցնել դրանց գերխնայողության, որի հետեւանքով կորուստներն անխուսափելի են։

Նարինե  ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031