Ինչպես արդեն գրել ենք մեր թերթում («Առավոտ», թիվ 152), կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը, հանդես գալով ԱԺ նիստում, փորձեց ապացուցել, որ Միջազգային արժութային հիմնադրամը (ՄԱՀ) հանցագործների եւ մարդասպանների հավաքածո է։ Դրանով իսկ պատգամավորը հանրագումարի բերեց այն զանգվածային հիսթերիան, որը տիրել է մեր քաղաքական շրջանակներին՝ արտաքին թշնամու համառ փնտրտուքում։ Այդ թշնամու հավաքական կերպարը այսօրվա վիճակով մոտավորապես հետեւյալ կերպարանքն ունի՝ պանիսլամիզմ, սիոնիզմ, հուդամասոնականություն գումարած արեւմտյան իմպերիալիզմ՝ նրա ռուսաստանյան տարատեսակի որոշակի դրսեւորումներով։
Շատ հնարավոր է, որ համաշխարհային դավերի արտահայտությունների մի մասը ես բաց եմ թողել, բայց փաստը մնում է փաստ. մեր փոքր երկրի համար, պարզվում է, աշխարհի ուժեղները մեծ խանդավառությամբ իրար միս են ուտում եւ չեն կարող պատկերացնել իրենց գոյությունն առանց այդ պայքարի։ Դրան զուգահեռ, բնականաբար, իմպերիալիստները հնարավորություն չեն տալիս հայրենի իշխանություններին որեւէ ինքնուրույն քայլ ձեռնարկել։ Հետեւաբար, ընդդիմության դեմ պայքարը թելադրված է Ռուսաստանի կողմից, սեփականաշնորհումը, ազատականացումը՝ ամերիկյան իմպերիալիստների դավերն են, իսկ արտաքին քաղաքականությունը իրականացվում է աշխարհի բոլոր հնարավոր եւ անհնարին ուժերի ճնշման տակ։
Նման մտածելակերպ ունեցող գործիչներին կարելի է հարցնել. իսկ մե՞նք… Ի՞նչն է մեր սեփականը, բացի հազարամյա պատմության, մշակույթի եւ ավանդույթների մասին խոսակցություններից եւ համաշխարհային առաքելությունների հավակնություններից։
Եվս մի հանրահայտ ազգասեր եւ հայրենասեր՝ Իգոր Մուրադյանը, որը նույնպես նվիրվել է ներքին եւ արտաքին թշնամիների մերկացմանը, պնդում է, թե մենք ինչ-որ բանով պետք է որ հետաքրքրենք աշխարհին։ Սակայն ինչով, եթե, ըստ կարմիրների եւ ազգայնականների, ընդունակ չենք արտահայտել մեր կամքը եւ խաղալ սեփական խաղը։ Կարծում եմ, այդ «յուրահատկությունը» կարելի է բնութագրել որպես ագրեսիվ գավառականություն։ Դրան համապատասխան մտածելակերպը հնարավորություն չի տալիս ենթադրել, որ մենք ոչ միայն համաշխարհային քաղաքականության կրավորական առարկան ենք, այլեւ նրա լիարժեք սուբյեկտը։
Բայց այդ դեպքում պետք է ընդունենք, որ աշխարհի ցանկացած կետում բախվում են տարբեր ուժեր (բացառված չէ, նաեւ՝ վերոհիշյալ ուժերը): Այնուամենայնիվ, ամենուր գերակշռողը պետք է լինի սեփական պետական շահը։ Այլապես, հետեւելով «արտաքին դավերի» տրամաբանությանը, կարելի է նմանվել գավառական այն օրիորդին, որը մեծ խանդավառությամբ փեսացուներ է փնտրում մայրաքաղաքից։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ