Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞վ եք զբաղվել մինչեւ 17 թվականը»

Սեպտեմբեր 30,1995 11:22
jenya

Անկեղծորեն խոստովանեմ. մանկապարտեզում ես մեծ ոգեւորությամբ արտասանում էի Լենին պապիկի մասին ոտանավորներ, այնուհետեւ, փոքրոգություն ցուցաբերելով, ընդունվեցի պիոներների շարքերը, որից հետո դարձա նաեւ կոմերիտական։ Ինստիտուտում ես սերտում էի գիտական կոմունիզմի կանոնները։ Ավարտելուց հետո ամբողջությամբ ծախվեցի խորհրդային վարչակարգին, աշխատելով մի թերթում, որը (ո՜վ սարսափ) կոչվում էր «Կոմսոմոլեց»։ Գիտակցելով իմ հանցավոր անցյալը, որին ներում չկա, խոստանում եմ մինչեւ կյանքիս վերջը ինձ համարել ուղղափառ կոմունիստուհի եւ չփորձել ներթափանցել այլ քաղաքական կազմակերպությունների շարքերը։

Եթե նույնիսկ փորձեմ, միեւնույն է, կգտնեն եւ կմերկացնեն։ Այնպես, ինչպես դա արեցին ՀՌԱԿ-ի «անջատողականները» մեր թերթում («Առավոտ», թիվ 149): Նրանք մեծ խորաթափանցությամբ բացահայտեցին իրենց նախկին կուսակցական ընկեր, իսկ այժմ քաղաքական հակառակորդ Ռուբեն Միրզախանյանի մութ անցյալը։ Փաստարկներն իսկապես սպանիչ էին. ռամկավար-ազատական պայծառ շարքերը չեն կարող աղտոտվել նախկին կուսակցական ղեկավարների, կոմկուսի նախկին թերթերի լրագրողների, ինչպես նաեւ գաղափարապես խորթ թեմայով պաշտպանած դիսերտանտների ներկայությամբ։ Իսկ եթե դու, դրան գումարած, ծնվել ես ՍՄԿԿ պատմության դասախոսի ընտանիքում, համարիր, որ ընդմիշտ կընդգրկվես լիբերալ ժողովրդավարական շարժման ոխերիմ թշնամիների սեւ ցուցակում։

Այնպես որ, սիրելի քաղաքական գործիչներ, խոստովանեք, քանի դեռ վհուկաորսը, որը կարծես թե շրջանցել էր մեր հանրապետությունը, մեծ թափ չի առել։ Ընդ որում, վհուկները լինում են տարբեր գաղափարական հագուստներով, ոչ անպայման կոմունիստական։ Իրենց «շարքերի մաքրությանը» այսօր սկսել են հետեւել գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները, ջանասիրաբար որսալով դավաճաններին։ Ամենաարգասաբեր նյութն է, այս առումով, կենսագրությունը։ Բավական է մի քիչ քչփորել, թե ինչով է զբաղվել այս կամ այն գործիչը 88-ից առաջ, 88-ին եւ 88-ից հետո, եւ կարելի է արդեն ըստ էության չվիճել նրա ներկա գործունեության եւ հայացքների վերաբերյալ։

Որ դա այդպես է, եւս մեկ անգամ համոզվեցինք պրն Միրզախանյանի պատասխանից իր ընդդիմախոսներին («Առավոտ», թիվ 150), որտեղ ճիշտ նույն ձեւով վերլուծվում էր վերջիններիս կենսագրությունը։ Մի խոսքով, «հիմարը դու ես»։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930