Բայց ԱՊՀ-ն կարող են քանդել
ԱՊՀ-ի ճակատագրի վերաբերյալ Ռուսաստանի հիմնական քաղաքական ուժերի տեսակետների բազմազանությունը ցույց է տալիս, որ երկրի քաղաքական-պետական վերնախավը այդ հարցում վերջնականապես ինքնորոշված չէ, թեեւ արդեն սկսում է համակերպվել որոշ հանգամանքների հետ։
«Ռուսաստանի դեմոկրատական ընտրությունը», որը ղեկավարում է Եգոր Գայդարը, Ռուսաստանի ազգային-պետական կառուցվածքի վերաբերյալ հստակ բանաձեւ ունի՝ «Միացյալ, սակայն բաժանելի Ռուսաստան»: Ըստ այդ բանաձեւի, Ռուսաստանը եւ ազգային, եւ տարածքային 89 մասերի միավորում է, որի լիազորությունները պետք է կարգավորվեն նոր սահմանադրությամբ ու դաշնակցային պայմանագրով։ Ազգային այն ինքնավարությունը, որը ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի կազմից, կարող է դա իրականացնել միմիայն հանրաքվեի միջոցով։ Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի պետությունների հետ հարաբերություններին, ապա Գայդարը եւ նրա կողմնակիցները համարում են, որ այն պետք է կառուցվի «միջազգային չափանիշների հիման վրա»։
Այս կազմակերպությունը գալիք ընտրություններում մեծ ակնկալիքներ չունի։
Կարդացեք նաև
Իսկ այդ գաղափարաքաղաքական դրույթներով Ռուսաստանի միասնությունը չի պահպանվի։
Բորիս Ֆյոդորովի «Առաջ Ռուսաստան» կազմակերպության հիմնադրույթն է՝ «Միացյալ ու անբաժանելի Ռուսաստանը»։ Ի տարբերություն Գայդարի, Ֆյոդորովը Ռուսաստանի ներսում մերժում է «ցանկացած անջատողականություն»։ Նա դեմ է այն դրույթին, ըստ որի Ռուսաստանը տարածքների միավորում է։ «Ռուսաստանը անբաժանելի միասնական տարածք է, որտեղ ինքնավարությունները ստեղծել են Լենինն ու նրա ընկերները»,- նշում է Ֆյոդորովը։ ԱՊՀ-ի վերաբերյալ Ֆյոդորովի մոտեցումը չի տարբերվում Գայդարի մոտեցումներից, դեռ դրան գումարած ազգայնական սրտաճմլիկությունը։ Առաջին հայացքից, ժողովրդավարական ու ազգայնական արժեքները համադրելու Ֆյոդորովի փորձը գեղեցիկ է թվում, սակայն իրականում «ունիտարիստ-դերժավնիկ» լինել Ռուսաստանի ներսում, եւ միաժամանակ քաղաքակիրթ վերաբերմունք ունենալ ԱՊՀ-ի նկատմամբ՝ հնարավոր չէ, եւ դա հասկանում են բոլոր լուրջ շրջանակները։ Ունիտար Ռուսաստանը անխուսափելիորեն ձգտելու է վերականգնել իր կայսերական դիրքերը նաեւ ԱՊՀ-ի շրջանակներում: Ահա թե ինչու Բորիս Ֆյոդորովի կերպարը համոզիչ չէ։ Նա դեռ հասունացած գործիչ չէ, սակայն այդպիսին դառնալու ներուժ ունի։ Գալիք ընտրություններում նրա հաղթելու հնարավորությունները եւս մեծ չեն։
Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի «բլոկի» եւ նրա ղեկավար Յավլինսկու դիրքորոշումները ավելի լուրջ ու հավասարակշռված են, քան Գայդարինն ու Ֆյոդորովինը։
Յավլինսկին Գայդարի պես համարում է, որ Ռուսաստանը 89 տարածքների միավորում է եւ ընդունում է դաշնակցային պայմանագրի գաղափարը։ Սակայն ի տարբերություն Գայդարի, Ֆյոդորովի պես մերժում է «անջատողականությունը՝ երկրի ներսում»։ Ռուսաստանի միասնությունը, ըստ Յավլինսկու, կարելի է ապահովել ոչ թե մակրոտնտեսական ցուցանիշների գերակայումով, ինչպես փորձում էր իրականացնել Գայդարը, այլ միջին ու փոքր բիզնեսի աջակցությամբ, արդյունաբերության հանդեպ ավելի «ուշադիր» վերաբերմունքով, բարեփոխումների սոցիալական ուղղվածությամբ, շրջաններին իրական լիազորություններ տալով։ Իսկ որպեսզի Ռուսաստանի միասնությունը ամրապնդվի, ըստ նրա պետք է «ավելի գործուն քաղաքականություն վարել ԱՊՀ-ի ամրապնդման համար»։ Ըստ Յավլինսկու՝ միայն ԱՊՀ-ի ամրապնդմամբ է հնարավոր ամրապնդել Ռուսաստանը։ Նրա համոզմամբ ԱՊՀ-ն պետք է վերածվի գործող համադաշնության, հակառակ դեպքում Ռուսաստանի ներսում երբեք կայունություն չի լինի։ Գրեթե նույն տեսակետն ունեն «Մեր տունը Ռուսաստանն է» կազմակերպությունը, նրա ղեկավար Վիկտոր Չեռնոմիրդինը: Ռուսաստանի ազգային-պետական կառուցվածքի եւ ԱՊՀ-ի ճակատագրի վերաբերյալ Չեռնոմիրդինի ու Յավլինսկու կարծիքների միջեւ սկզբունքային ոչ մի տարբերություն չկա։
Պետք է նշել, որ սկզբունքային տեսակետից Յավլինսկու ու Չեռնոմիրդինի մոդելներին չեն հակասում նաեւ «Սկոկով-Լեբեդ-Գլազեւ» եռյակի մոտեցումները։ Տարբերությունը նույն այդ «շարժիչ» ուժն է: Այս եռյակի տեսանկյունից, ինտեգրացիոն գործընթացները ԱՊՀ-ում կարող են ընթանալ, միայն այն դեպքում, երբ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՊՀ-ի երկրներում բարեփոխումների ուղղվածությունը կտրուկ կփոխվի դեպի արդյունաբերությունը։ Ըստ Սկոկովի՝ ԱՊՀ-ի անկայունության հիմքը արդյունաբերության փլուզումն է, իսկ ներկայիս ֆինանսական կայունությունը ԱՊՀ-ի բոլոր երկրներում կրում է արհեստական բնույթ: Ըստ Գլազեւի, արդյունաբերության լիարժեք ֆինանսավորումը սկզբնական փուլում, իրոք կարող է բարդացնել սղաճի ալիքը, սակայն հետագայում, երբ ԱՊՀ-ի տարածքում վերականգնվեն արդյունաբերական կապերը, սկսեն լիարժեքորեն աշխատել արդյունաբերության բոլոր ճյուղերը, ֆինանսական կայունությունը կդառնա իրականություն եւ կկրի «բնական» բնույթ։ «Արտաքին առեւտրում պետք է վերականգնել պետական մոնոպոլիան», նշում է Գլազեւը եւ ընդգծում, որ Ռուսաստանի զարգացման չեռնոմիրդինյան մոդելով երկիրը կդառնա Արեւմուտքի հումքային կցորդը, իսկ վերջինս Ռուսաստանում հիմնական ներդրումը կիրականացնի հենց հումքային ոլորտում։
Փաստորեն «Սկոկով-Լեբեդ-Գլազեւ» եռյակը առաջարկում է Ռուսաստանի զարգացման «չինական» տարբերակը, սակայն անհրաժեշտ է, որ այն ընդունեն նաեւ ԱՊՀ-ի մյուս երկրները։ Իսկ որպես հիմնական լծակ՝ կօգտագործվի ԱՊՀ-ի երկրներում «ռուսալեզու բնակչության շահարկման» գործոնը:
Վերլուծելով այս եռյակի տեսակետները Ռուսաստանի եւ, ընդհանրապես, ԱՊՀ-ի հետագա զարգացման վերաբերյալ, կարելի է հետեւություն անել, որ Յավլինսկու եւ Չեռնոմիրդինի հետ միասին նրանք դառնալու են Ռուսաստանի ապագա ազդեցիկ ու լուրջ քաղաքական վերնախավի հիմնական մասը։
«Սկոկով-Լեբեդ-Գլազեւ» եռյակը ազգայնական շրջանակներից «ամենաքաղաքակիրթն» է։ Համենայնդեպս, վերլուծելով մնացած ազգայնական ու կոմունիստական կազմակերպությունների մոտեցումները, կարելի է նրանց բնութագրել որպես խիստ վտանգավոր, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՊՀ-ի համար։ Ասենք՝ Ռուցկոյը եւ նրա «Դերժավան» չունեն ոչ մի հիմնարար ծրագիր, բացի վերացական ազգայնական ճառասացությունից։ Հուսադրողը միայն այն է, որ նրանք գալիք ընտրություններում մեծ հաջողության չեն հասնի։ Ինչը, ցավոք, չի կարելի ասել կոմունիստների ու ագրարայինների մասին։ Արտաքուստ թվում է, թե ներկայիս կոմունիստները Զյուգանովի գլխավորությամբ այն «հին» կոմունիստները չեն. ընդունում են եւ «խառը» տնտեսության, եւ ժողովրդավարության գաղափարները: Սակայն իրականում նրանք վտանգավոր ուժ են, չունեն ոչ մի լուրջ ծրագիր ո՛չ տնտեսության, ո՛չ էլ ԱՊՀ-ի հեռանկարի հարցում։ Մինչդեռ ունեն ծրագրեր, որտեղ կոմունիստները առաջարկում են Բելովեժյան պայմանագրի դենոնսացիա եւ Խորհրդային Միության վերականգնում։ Նրանց այս ծրագրերը կարող են լրջորեն ապակայունացնել ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ ԱՊՀ-ն, իսկ այդ ապակայունացման հետեւանքով, քաոսի պայմաններում իշխանությունը Ռուսաստանում կոմունիստներից կարող է անցնել ծայրահեղ ազգայնական ուժերին՝ Ժիրինովսկուն եւ մնացած արկածախնդիրներին, գեներալներ Աչալովին, Մակաշովին եւ այլոց։ Այս արկածախնդիրները ողջ ԱՊՀ-ով մեկ կարող են սկսել «չեչենական» օպերացիաներ, հիմք դնելով նոր ազգայնական կայսրության վերաստեղծման փորձերին։ Անկասկած, դա նրանց չի հաջողվի, սակայն միջազգային հարաբերությունները կարող են լրջորեն վատթարանալ եւ Ռուսաստանում ու ԱՊՀ-ում փլուզման գործընթացները կրել քաոսային բնույթ: Ահա թե ինչու այսօրվա կոմունիստները չափազանց վտանգավոր են Ռուսաստանի համար։
Նրանք ոչ թե կփորձեն ուժային միջոցներով վերականգնել ԽՍՀՄ-ը, այլ չունենալով ոչ մի իրական լուրջ ծրագիր տնտեսության զարգացման վերաբերյալ, կսկսեն արթնացնել ռուսների պահանջատիրական կայսերական բնազդները, իսկ հետո, տնտեսությունը վերջնականապես փլուզելուց հետո, զինվորականների ձեռքով կհեռացվեն իշխանությունից էլ, ինչպես վերը նշեցինք, պետության ղեկը կանցնի ծայրահեղ արկածախնդիրներին, որից էլ կարող են սկսվել կայսերական արկածախնդրությունները։
Այսպիսով, ներկայիս Ռուսաստանում առկա են երեք կոնստրուկտիվ ուժեր՝ Յավլինսկու բլոկը, «Մեր տունը Ռուսաստանն է» բլոկը՝ Չեռնոմիրդինի գլխավորությամբ, եւ «Սկոկով-Լեբեդ-Գլազեւ» եռյակը։ Սրանց հիման վրա ապագայում կարող է ձեւավորվել «Երկկուսակցական համակարգ», ինչպես Մեծ Բրիտանիայում է, Միացյալ Նահանգներում կամ Գերմանիայում։ Հնարավոր է, որ ձեւավորվի Շվեդիայի, Ճապոնիայի կամ Իտալիայի նման «մեկուկես-կուսակցականանոց» համակարգ։ Հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանում հաստատվի «հարավ-կորեական» մոդելը:
Ինչեւիցե, բոլոր այդ տարբերակները ցանկալի են, եւ դրանք կնպաստեն ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԱՊՀ-ի զարգացմանը: Պարզ է նաեւ, որ այս երեքից ոչ մեկը չի դիմի «ԽՍՀՄ-ի վերականգնման» համանման արկածախնդիր քայլերի։
Երվանդ ԲՈԶՈՅԱՆ