Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքացիության խաչմերուկներում

Սեպտեմբեր 29,1995 14:54

«ՀՀ քաղաքացիության մասին օրենքի» քննարկումը մինչ հուլիսի 5-ը բուռն բանավեճերի տեղիք էր տալիս. հակադրությունների ակունքը երկքաղաքացիության սկզբունքն էր՝ կա՛մ-կա՛մ, թե՞ ե՛ւ-ե՛ւ։ Հայոց Սփյուռքի գոյությունը դարձել էր փորձաքար, սակայն Սահմանադրությունը ընդունվեց, եւ տարակարծություններն ըստ տրամաբանության պիտի վերանային. «ՀՀ քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»։ Ուստի ԳԽ-ից ԱԺ օրակարգ տեղափոխված քաղաքացիության օրենքի նախագիծը անգամ հակադիր բեւեռներում քննարկումների ցանկություն չառաջացրեց։ Վիգեն Խաչատրյանն ու Պարույր Հայրիկյանը միահամուռ առաջարկեցին սրընթաց վավերացնել այս փաստաթուղթը. Սահմանադրության հանրաքվեն որոշել է քաղաքացիության մեր մայրուղին։ Բայց խորհրդարանում բաժանված օրենքի նախագիծը առաջին իսկ ընթերցումից տարակուսանք է հարուցում՝ իր հակասական ձեւակերպումներով։ Այսպես՝ «Ընդհանուր դրույթներ» վերնագրված առաջին գլխի առաջին հոդվածում վկայվում է, որ «քաղաքացին այլ պետության քաղաքացիություն չի կարող ունենալ՝ կա՛մ-կա՛մ: Սակայն հոդված 8-ում՝ «ՀՀ քաղաքացիության պահպանումը», գրված է. «ՀՀ-ից դուրս բնակվելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը ինքնին չեն հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցմանը»։

Այսինքն՝ եթե դուք նախապես ՀՀ քաղաքացի եք եղել, ապա հանգիստ խղճով կարող եք այլ պետություններում եւս ամրագրել ձեր բնակությունը՝ առանց Մայր Հայրենիքից կտրվելու դառն տվայտանքների։ Իսկ, եթե դուք ծագումով հայ եք, վերջին 3 տարին բնակվում եք Հայաստանում, բացատրվում եք հայերենով եւ ծանոթ եք ՀՀ Սահմանադրությանը, բայց ինչ-ինչ պատճառներով չեք հրաժարվում այլ պետության քաղաքացիությունից, ապա դեպի Հայաստանի լիիրավ բնակիչ դառնալու ձեր ճանապարհը փակ է։ Բացի այս՝ հոդված 27-ի 3-րդ կետում վկայակոչվում է «Երկքաղաքացիության պայմանագիրը», որը Հայաստանի Հանրապետությունը կարող է կնքել տարբեր պետությունների հետ՝ արդեն ընտրողաբար։

Իհարկե, ինչպես վերջերս փաստեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Եգորյանը, «օրենքները ոչ թե պետք է բխեն Սահմանադրությունից, այլ չհակասեն նրան, եւ Սահմանադրությունը բնավ հազարամյակների համար չէ», այնուհանդերձ, ինչո՞վ բացատրել կողմերից

մեկի հանդեպ շեշտված բարյացակամությունը՝ մյուսի նկատմամբ դրսեւորվող անսասանության պարագայում։ Որոշակի եզրակացություններ են ծագում նաեւ Սահմանադրության 15-րդ հոդվածի այն մասի ընթերցումից, որտեղ բացատրվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման հիմքերը։ Երկրորդ կետում նշվում է, որ ՀՀ քաղաքացի չեն կարող լինել այն անձինք, որոնք «հանդիսանում են այնպիսի կազմակերպության անդամ, որի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է օրենքով»։ Նման կետով դյուրությամբ կարելի է ձերբազատվել գաղափարական համառ հակառակորդների ողջ բանակից՝ կասեցվում են, արգելվում եւ զրկվում քաղաքացիությունից։ Հարցականները ծնվում են, բայց հուսանք, որ հոկտեմբերի 9-ին դրանք շահագրգիռ կմեկնաբանվեն եւ նոր կքվեարկվեն, շտապողականությունն անհարկի է։

Նարինե  ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930