Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան վատ, այնքան լավ

Սեպտեմբեր 29,1995 12:48

Մսի կոմբինատը՝ 400 դոլարով

Ազգային ժողովը հետին թվով հաստատեց կառավարության 95 թվականի սեփականաշնորհման ծրագիրը։ Սակայն վաուչերային սեփականաշնորհման գործընթացը վաղուց արդեն սկսվել է եւ իր գագաթնակետին կհասնի, հավանաբար, այս աշնանը։ Մոտակա երկու ամսվա ընթացքում սեփականաշնորհվելու են մոտ 70 միջին եւ խոշոր պետական օբյեկտներ, որոնց թվում կան «չալաղաջ կտորներ»՝ մայրաքաղաքի լավագույն հյուրանոցները, պահածոյի եւ կաբելի գործարանները, ծխախոտի եւ գինու կոմբինատները։ Պետք է սպասել, որ դրա հետեւանքով կաճի վաուչերների գինը, հոկտեմբերին մոտենալով 20-30 դոլարի սահմանագծին։

Այդ ամենը, սակայն, ապագայի գործ է։ Իսկ այսօր ավելի ու ավելի բարձրաձայն է խոսվում այն մասին, որ պետությունը գործնականում գրեթե ձրի է բաժանում իր սեփականությունը։ 94 թվականի սեփականաշնորհման ընթացքում (դրանք հիմնականում փոքր օբյեկտներ էին), պետությունն աշխատեց ընդամենը 119 մլն դրամ, չնայած, ինչպես պնդում են որոշ մասնագետներ, վաճառված օբյեկտների ռեալ արժեքն առնվազն մի քանի անգամ գերազանցում էր այդ գումարը։

Խոշոր սեփականաշնորհմանն անցումը նույնպես հղի է երեւույթներով, որոնք, մեծագույն զգուշություն պահպանելով, կարելի է հետաքրքրաշարժ անվանել։ Երեկվա աճուրդում, օրինակ, «Սնարք» գործակալության տվյալներով, Հրազդանի մսի կոմբինատը վաճառվել էր ծիծաղելի գումարով՝ 168 հազար դրամով։ Իսկ մեկնարկային գինը, ըստ նույն աղբյուրի, հավասար էր 2400 դրամի (2 շիշ խորոված): Ամենայն հավանականությամբ, իր դերը խաղաց գնահատման սխալ մեթոդիկան, ըստ որի՝ հիմք է վերցվում ոչ թե տվյալ ձեռնարկության շուկայական գինը, այլ նրա շահութաբերությունը։ Որքան արդյունավետ, շահութաբեր են աշխատում ձեռնարկության ղեկավարն ու կոլեկտիվը, այնքան թանկ են նրան վաճառում հարազատ ձեռնարկությունը։ Եվ հակառակը, որքան վատ, անկազմակերպ, անշահութաբեր է աշխատում գործարանը, որքան շատ է նախօրոք թալանված նրա գույքը, այնքան հեշտությամբ, ասենք, գործարանի տնօրենը կդառնա նրա լիիրավ տերն ու տիրականը։

Բնականաբար, գնահատման նման չափանիշները հորինված չեն որեւէ տհասի կամ խելագարի կողմից։ Այդ իրավիճակից օգտվում են միանգամայն որոշակի մարդիկ, ստանալով միանգամայն որոշակի եկամուտներ։ Այլ կերպ ասած, հարուստները բազմապատկում են իրենց կապիտալները, իսկ աղքատները շարունակում են աղքատանալ, քանի որ պետական գանձարան է մտնում սեփականաշնորհման հետեւանքով առաջացած գումարների չնչին մասը։ Պետական պաշտոնյաները ոչ միայն շահագրգռված չեն բյուջեի ավելացմամբ, այլ ճիշտ հակառակը՝ արժեքազրկում են պետությանը պատկանող հիմնարկությունները։ Նրանց մատչելի է ամենաթանկն այս աշխարհում՝ ինֆորմացիան եւ այդ առումով նրանք մեծ առավելություններ ունեն մեկ-երկու վաուչեր ունեցող հասարակ մահկանացուների նկատմամբ, որոնք դեռեւս չեն հասկացել, որ ամենալավ դրությունը ստեղծվում է այն ժամանակ, երբ վիճակն անտանելի է։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930