Երեկ ԱԺ եզրափակող նիստում պատգամավոր Լեոնիդ Հակոբյանը ելույթ ունենալով սեփականաշնորհման կառավարության ծրագրի կապակցությամբ, հրապարակեց մի ուշագրավ տեղեկատվություն։ Մադրիդում գործող Ազգերի մշտական դատարանը 1994 թ.-ի նոյեմբերյան իր նիստում Միջազգային արտարժութային հիմնադրամի (ՄԱՀ-ի) գործունեությունը որակել է իբրեւ մարդկանց սպանություն՝ չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչպես է իրագործվում այդ հանցագործությունը՝ հայերեն հապավման բառային իմաստով։ Հայտնի է, որ ՄԱՀ-ի ներդրում-ծրագրերը Հայաստանում տեսակարար զգալի կշիռ ունեն։
Ընդմիջմանը պրն Հակոբյանը ամբողջությամբ «Առավոտի» թղթակցի համար ընթերցեց Մադրիդյան դատավճիռը, որտեղ մասնավորապես ասվում էր. «ՄԱՀ-ի կործանարար որոշումները պետք է դիտարկել իբրեւ հանցագործության ծնունդ եւ ոչ թե գիտական սխալ։ Նրանք խախտում են պետությունների ինքնիշխանությունը՝ փաստացի վերահսկողություն սահմանելով շատ երկրներում, ներառյալ եւ Ռուսաստանը, նրանց կառուցվածքային փոփոխությունները հանգեցնում են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների»։ Մեկնաբանելով այս դատավճիռը՝ Լ. Հակոբյանը եզրակացրեց. «Նրանց, ում Ռուսաստանում եւ Հայաստանում մեծարում են, իսկ մեր կառավարությունները՝ նաեւ երկրպագում, իրականում հանցագործներ են, որոնց այլ երկրներում արհամարհում են»։