Լրագրողները շարունակում են մնալ ահաբեկիչների նախընտրելի թիրախները։ Հերթական անգամ նրանք ընտրել են «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Գագիկ Մկրտչյանին։ Ընթերցողները նրան հիշում են «Երկիր»-ի
հրապարակումներից՝ ուղղված հանրապետությունում բնավորված ախտերի ու հանցագործությունների դեմ։
Միշտ էլ կարելի է հեղինակի հետ բանավիճել, բայց անկարելի է չփաստել, որ Մկրտչյանն այն լրագրողներից է, որոնց չեն պակասում ինչպես համարձակությունը, այնպես էլ մասնագիտական վարպետությունը։ Նրա բարեմասնությունների դաշինքը չխախտվեց նաեւ «Գոլոս» տեղափոխվելուց հետո։ Այդ հանդուգն հատկանիշները չէին կարող երկար ժամանակ վրիպել ահաբեկիչների աչքից. դեպքը կատարվել է երեկ, առավոտյան ժամը 9-ին։
Գագիկ Մկրտչյանը դուրս է եկել իր բնակարանից՝ աշխատանքի գնալու մտադրությամբ։ Առաջին հարկի հարթակում նա հանդիպել է երեք անծանոթ երիտասարդների, երկրորդի մոտով անցնելիս լսել է «Դո՞ւք եք Գագիկ Մկրտչյանը» հարցը։ Դրական պատասխան ստանալուն պես անծանոթները հարձակվել են անակնկալի եկած լրագրողի վրա եւ սկսել ոտքերով անխնա հարվածներ տեղալ։
Կարդացեք նաև
Իրենց «գործն» ավարտելուց հետո նրանք հեռացել են՝ Մկրտչյանին թողնելով հարթակում։ Վերջինս դժվարությամբ բարձրացել է տուն եւ երկու ժամ ուշացումով ներկայացել աշխատանքի։ Անմիջապես հրավիրված մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ եթե ԱԺ պատգամավոր Սամվել Գեւորգյանի առաջարկը իրականություն դառնար, եւ պաշտպանվելու համար իրեն զենք տային, անվարան կգործածեր այն։ Թեեւ «Գոլոս»-ի մեկնաբանը արտաքին վնասվածքներ չուներ, սակայն այդ պատասխանը ցույց տվեց, որ «վաստակած» ֆիզիկական ցավն ու վիրավորանքը սովորականներից չեն։ Իսկ երեւույթի գնահատականը արդեն շատ արդիական էր՝ ազատ մամուլի հալածանք։
Կրկին հիշատակվեցին առանձին լրագրողների ու խմբագրատների դեմ գործի դրված բռնարարքները, որոնց զգալի մասը «բաժին է հասնում» «Գոլոս»-ին։ Գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը տպարանային ու դատական քաշքշուկների ծանոթ փաստերին հավելեց եւս մեկը՝ անձնականը։ Նրա 4-րդ կուրսեցի դստերը հայտնի իրավագետ Ռաֆիկ Պետրոսյանը հեռացրել է իր ղեկավարած կրթօջախից՝ իրավական ու բարոյական բազմաթիվ կանոններ ոտնահարելով։ Այդ արարքն իրականացվել է մեկ հատիկ «արդարացմամբ»՝ «Սա իմ ցեխն է, ինչ կուզեմ՝ կանեմ»։
Հեռացված կողմը պատրաստվում է դատի տալ, իսկ Գագիկ Մկրտչյանը նման ցանկություն չունի։ Նրա կարծիքով իրադարձությունների ներկա ընթացքը հուշում է, որ դա անիմաստ է։
Այդ պատասխանի ենթատեքստը հասկանալի էր, բայց լրագրողներից մեկը չհապաղեց հարցնել՝ իսկ պարտքեր կամ հարեւանների հետ վեճեր չունեի՞ք։ Գագիկ Մկրտչյանը երկուսն էլ հերքեց, միաժամանակ մանրամասնելով իր խոսքը։ «Ոտքի յուրաքանչյուր հարվածը, որ ես ստանում էի,- ասաց նա,- հարված էր ձեզնից յուրաքանչյուրին, հարգելի գործընկերներ»։
Գործընկերներից շատերը ոչ միայն համաձայն էին այդ մտքին, այլեւ ծավալված խոսակցության ընթացքում հիշեցին հալածանքի բազմաթիվ փաստեր, որոնք առնչվում էին միայն անկախ մամուլին ու նրա ներկայացուցիչներին։ Ահաբեկչության չենթարկված, բայց իրենց ազատ համարող որոշ լրագրողներ, ասուլիսում այնքան էլ անկաշկանդ չէին զգում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մեղավորության նրանց ակամա զգացումը կարող էր ծառայամտություն թարգմանվել, այլ որովհետեւ իսկապես տխուր է, երբ լրագրողները հավաքվում են միայն այսպիսի առիթներով։ Այնուամենայնիվ, այս առիթը եւս օգտագործենք, ասելու համար, որ «Առավոտ»-ը խստորեն դատապարտում է ցանկացած դավանանքի տեր լրագրողների դեմ իրականացվող ահաբեկչական գործողությունները եւ իշխանություններից պահանջում անհապաղ հայտնաբերել ու պատժել հանցագործներին։
Հ.ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ