Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդյանը «ծաղկեցրել» էր իր կենսագրությունը

Սեպտեմբեր 28,1995 13:11

Երեկ «Դրո»-ի դատավարության ժամանակ լսվում էին ամբաստանյալ Գեւորգ Ալավերդյանի ցուցմունքները։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է ներկայացված Քրօրի թիվ 72 հոդվածով՝ զինված ավազակախմբին անդամակցելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն, նա թեեւ անմիջական մասնակցություն չուներ սպանությունների մեջ, սակայն կատարելով իր ղեկավար Արմենակ Մնջոյանի հանձնարարությունները,,՛ հետեւում էր Աշոտ Ներսիսյանին։ Մեղադրանքը հիմնված է հարցաթերթիկի վրա, որը լրացրել էր Ալավերդյանը «Դրո» կառույցի մեջ ընդունվելու ժամանակ, ինչպես նաեւ նրա զեկույցների, որոնցում նա տեղեկացնում էր Ներսիսյանի գործողությունների մասին։

Դատավարության ժամանակ Ալավերդյանն իրեն մեղավոր չճանաչեց եւ հետեւելով Արծրունու օրինակին հայտարարեց, որ նախնական քննության ժամանակ տված ցուցմունքները գրել էր քննիչի ճնշման տակ։ Նա հայտնեց, որ հունվարի 11-ին Մոսկվայում ձերբակալությունից հետո Ռուսաստանի անվտանգության մարմինները պահանջեցին խոստովանել իր մեղքը, իսկ երբ հրաժարվեց՝ դաժանաբար ծեծեցին։ Հունվարի 15-ին նրան տեղափոխեցին Հայաստանի ԱԱՊՎ քննչական մեկուսարան, որտեղ վերաբերմունքը նույնն էր։ Դրա հետեւանքով, նա համաձայնում էր բոլոր առաջարկվող ձեւակերպումներին։

Սակայն, ի տարբերություն Արծրունու, Ալավերդյանը չէր պնդում, որ իր տված բոլոր ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը։ Ամբաստանյալի խոսքերով, 93 թվականին նա ծանոթացավ Մնջոյանի հետ, ՀՅԴ շարքերն ընդունվելու եւ Ղարաբաղում կռվելու նպատակով։ Մնջոյանը նրան առաջարկեց լրացնել հարցաթերթիկ, որում նա փոքր-ինչ «ծաղկեցրեց» սեփական կենսագրությունը։ Այսպես, հարցաթերթիկի հարցերից մեկին՝ արդյոք նա մարդ սպանե՞լ է, ամբաստանյալը պատասխանեց, թե, այո, սպանել է՝ «թաղային կռվում»։ Ըստ Ալավերդյանի, պարզապես ուզում էր կռվելու ընդունակ մարդու տպավորություն թողնել։ Սակայն պատերազմ գնալու առիթ չներկայացավ, դրա փոխարեն նրան առաջարկվեց Այնթափի բազայի պահակի պաշտոնը։ Ամբաստանյալը պնդում էր, որ իր զեկույցները Մնջոյանին գրել էր ԱԱՊՎ քննչական մեկուսարանում։

Այդ պնդումները կասկածի տակ դրվեցին դատախազ Գրիգորյանի կողմից, որն ուշադրություն դարձրեց հետեւյալ հանգամանքին, թե հարցաթերթիկը, եւ թե զեկույցները հայտնաբերվել են դեկտեմբերի 10-ին Նար-Դոսի բնակարանում խուզարկության ժամանակ, երբ Ալավերդյանը դեռ չէր ձերբակալվել։ Ամբաստանյալը չկարողացավ բացատրել այդ հակասությունը։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930