Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բացվում են վարագույրները

Սեպտեմբեր 27,1995 17:42

Որքան շատանում են թերթերն, այնքան էլ ընդարձակվում է ընթերցողների հետաքրքրությունների շրջանակը։ Ի՞նչ նոր խոսք է ասելու… նորածինը, հետաքրքիր է, ի վերջո, ո՞րն է նպատակը։ «Մեր պատկերացումներում «ԿՀ»-ն լինելու է թերթ ընտանիքի համար, այն փորձելու է բավարարել ավագ, միջին, երիտասարդ սերունդների հետաքրքրությունները։ Լինելու է թերթ տան տղամարդու ու նաեւ տանտիրուհու, գործարարի ու գործ սկսողի, բազմափորձ այրի ու պատանու, բոլոր նրանց համար, ովքեր սիրում եւ ձգտում են ճանաչել կյանքը»։ «Կիրակնօրյա «Հայքի» «մուտքի խոսքում» հնչած այս նպատակադրվածությունը արդեն իսկ վկայում է այն մտահղացողների եւ «ի կատար ածողների» «նոր ուղու» մասին։ Մնում է, որ այդ գաղափարն իր համապատասխան «զգեստավորումն» ունենա։ Եվ ոչ միայն տարածականության (էջերի քանակի), այլ կյանքը «պեղելու», այսինքն՝ կյանքի ճանաչողության բարդ գործում ընթերցողին օգնելու (բովանդակության) առումով։ Արդեն իսկ լույս են տեսել «Կիրակնօրյայի» երկու անդրանիկ համարները։ Թերթը բացելով, հիրավի, թարմ շունչ է զգացվում, մի տեսակ, ասես թարմ օդ է ներխուժում փակ վարագույրները բացվելուց հետո. սա իր առարկայական դրսեւորումն ունի հենց նոր թեմատիկայի արծարծման տեսակետից, իսկա¬ես, ինչու չնայել, թե «վարագույրների հետեւում», այսինքն ծանրաբեռն աշխատանքային օրվանից հետո ուրիշ ինչո՞վ են «շնչում» մեր պետական-կառավարական գործիչները։ Եվ «Կիրակնօրյային» (ոչ առանց դժվարության) հաջողվել է կառավարական ամառանոցի փակ դարպասները բաց գտնել իր աոջեւ ու մի ամբողջ 3 ժամ գտնվել վարչապետի հարկի ներքո։ Զրույցը անկաշկանդ է, «քաղաքական գունազարդումից» զերծ։ Իսկ հաջորդ նյութերից մեկը՝ «Իրական դեպք, որ պատահել է կեսգիշերին», հակիրճ եւ տարողունակ, արտաքուստ «թեթեւ», բայց ասելիքով խորը, պատում է մերօրյա կյանքից առնված։ Սերը՝ հավերժական թեման, իր խայտաբղետ դրսեւորումներով մուտք է գործում նաեւ… հասարակաց տո՞ւն։ Եվ ընդհանրապես, «Գեղեցկության ինդուստրիան» շարքի նյութերը երիտասարդներին պարտադրելու, մեծական խրատաբանությամբ դաստիարակելու միտում չունեն, այլ հնարավորություն են ընձեռում սեփական վերլուծության համար։ «Միջանձնական հարաբերություններ» խորագրի ներքո ներկայացվող Դեյլ Կարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ եւ սկսել ապրել» գրքից մատուցվող հատվածները, անշուշտ, կնպաստեն կողմնորոշվելու անձնական կնճռոտ հարցերը լուծելիս։ «Բախտացույց-դիմանկարները» շատ բարձր պաշտոնավորների ու երեւելիների «դռանն են չոքելու» եւ բացելու մարդու բնավորության ու կերպի «վարագուրված» գծերը… Մի խոսքով, 90 դ. մուծելուց հետո կարելի է ծանոթանալ նաեւ «էլիտայի» (վերնախավի) ներկայացուցիչներին, տղամարդկանց ու կանանց անսքող հարաբերություններին եւ այլն, եւ այլն։ Ինչպես վկայում է երկրորդ համարի երկրորդ առաջնորդողը՝ եթե կյանքը ինչպես որ կա ներկայացվող լավ նյութեր գրվեն, լավ հոնորար կտրվի հեղինակներին, կկրճատվեն տրտնջացողների շարքերը, կավելանա գործ անողների թիվը։

Մի հին ու փորձված խորհուրդ՝ քանի նոր է, լավն է ու որակով (ինչպես յուրաքանչյուր ապրանք), այնպես որ, գնեք «ԿՀ»-ը, թեեւ խմբագրակազմին երբեք էլ չի վախեցնում «հնանալը»… Բարի մուտք եւ հաջողություն։

Ռ. ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930