Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրո»-ի գործ. Օրագիրը ողջ է, թե՞ մեռած

Սեպտեմբեր 27,1995 16:34

«Դրո»-ի դատավարության երեկվա նիստը նորից պտտվում էր Արծրունու օրագրի շուրջը։ Օրագիրը գործին կցելու հերթական՝ թվով 5-րդ միջնորդության հեղինակը դարձավ փաստաբան Ավագյանը։ Քանի որ իր պաշտպանյալը շատ բան պատմեց օրագրի ստեղծման մասին, «օրագիրը մեռած է», հայտարարեց Ավագյանը, ավելացնելով, որ այն չի կարելի օգտագործել այլ գործում եւ ոչ մի արգելք չկա այս դատավարության ժամանակ նրա կիրառման համար։ Պաշտպանությունը, ինչպես միշտ, սատար կանգնեց այդ նախաձեռնությանը՝ փաստաբանները մասնավորապես պնդում էին, որ Արծրունու ցուցմունքների քննարկման ժամանակ մի շարք հարցեր են ծագել, որոնք վերաբերում են օրագրի բովանդակությանը։

Մեղադրող կողմին, սակայն, պաշտպանության փաստարկները չհամոզեցին։ Դատախազ Գրիգորյանը խորհուրդ տվեց չշտապել օրագրի առողջական վիճակի վերաբերյալ գնահատականներով եւ դեմ արտահայտվեց միջնորդությանը։ Դատական կոլեգիան բարդ ընտրության առջեւ էր կանգնել. վերջին անգամ միջնորդության մերժումը կարող էր փակուղու հասցնել ողջ դատավարությունը։ Ուստի կոլեգիան իմաստուն որոշում ընդունեց՝ Ավագյանի միջնորդությանը անդրադառնալ գործում եղած բոլոր ապացույցների քննարկումից հետո։

Այդ որոշումը, բնականաբար, չբավարարեց դատապաշտպաններին։ Փաստաբան Ռշտունին, մասնավորապես, մեղադրեց կոլեգիային, որ նա սպասողական դիրք է գրավել։ Դատավարության ընթացքում, նշեց Ռշտունին, ամեն ինչ է լ կարող է պատահել՝ տեղի կտան ամբաստանյալի նյարդերը, ինչպես որ դա եղավ Արծրունու դեպքում, կամ էլ ապակողմնորոշող հարց կտրվի… Ուստի դատարանի որոշումը, ըստ Ռշտունու, հեոու գնացող նպատակներ ունի։

Նիստի ավարտին վերջապես հերթը հասավ Գեւորգ Ալավերդյանի ցուցմունքներին։ Վերջինս սկզբից հրաժարվեց ցուցմունքներից, սակայն հետո, խորհրդակցելով փաստաբանի հետ, փոխեց իր որոշումը եւ խնդրեց հետաձգել լսումները հաջորդ օրը՝ պատրաստվելու նպատակով։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930