Պաշտոնյաների հրաժարականները, որոնք առաջներում սրտի թրթիռ էին առաջացնում լայն քաղքենիական շրջանակներում եւ, կարծես թե, փոփոխություններ էին խոստանում օլիմպիական բարձունքներում, այսօր ընկալվում են փիլիսոփայական հանգստությամբ։ Մեր ազգաբնակչությունը վերջնականապես սերտել է քաղաքական թվաբանության տարրական օրենքները, որոնց համաձայն գումարելիների տեղափոխությունից գումարը լի փոխվում։
Կոմունիստներին արժանիորեն փոխարինած ՀՀՇ-ականները հերքեցին իրենց նախորդների քրիստոմատիկ դարձած կարգախոսը, ըստ որի՝ անփոխարինելի մարդիկ չկան։ Նոր իշխանավորները ապացուցեցին, որ գերադասում են վառ արտահայտված «թիմային» խաղը, որի մեջ խիստ սահմանափակ է անհատականությունների դերը՝ հնարավոր մրցակցությունից խուսափելու համար։ Անհատականություններն ընդունակ են իշխանությունից դուրս հայտնվելու պահին դավաճանել իրենց նախկին գործընկերներին, խախտելով նման դեպքերում ընդունված «լռության երդումը»։
Այդ ամենից խուսափելու համար այսօր հույսը դրվում է չափազանց վստահելի եւ հավատարիմ մարդկանց վրա։ Նման խաղաոճն ունի իր թե դրական, եւ թե բացասական կողմերը։ Սակայն պարզ է մի բան. մարդը, որը մտել է նոմենկլատուրային շրջանակի մեջ եւ ցուցաբերել է նշված հատկությունները, կարող է հանգիստ լինել իր ապագայի համար։
Ահա այսպիսի քաղաքական փասիանս է դասավորվում, որում բոլոր խաղաթղթերը բաց են եւ նախօրոք հայտնի։ Ամենաթարմ օրինակը պաշտոնական լրատվական միջոցներում տեղի ունեցած փոփոխություններն են. Այդին Մորիկյանը դուրս եկավ «ՀՀ»-ից, Աշոտ Անտինյանը՝ «Արմենպրեսից», Տիգրան Հակոբյանը, Վահրամ Մարտիրոսյանը եւ Արայիկ Մանուկյանը՝ հեռուստատեսությունից։ Բայց դա, ինչպես արդեն պարզ է, ոչինչ չի նշանակում՝ ո՛չ նշված անձանց, ո՛չ էլ նշված հիմնարկությունների համար։ Սուրբ տեղը թափուր չի մնում։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ