Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնճղուկալաց՝ կկվային երանգներով

Սեպտեմբեր 26,1995 16:55
harutyun araqelyan

Մեր թերթի նախորդ համարում հրապարակել էինք ՀՌԱԿ-ի «անջատողականների» կողմից տրամադրված հոդվածը, որը պարունակում էր գաղափարական եւ անձնական մեղադրանքներ ՀՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների եւ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հասցեին: Այսօր տպագրում ենք վերջիններիս պատասխանը՝ ձեռնպահ մնալով մեկնաբանություններից:

«Առավոտ»

Տարօրինակ է. բայց փաստ. հենց որ ՀՌԱԿ-ում ինչ-որ գործընթացներ սկսվեցին, հանրապետական որոշ թերթերում անմիջապես հայտնվեցին ներկուսակցական իրավիճակի վերլուծությանը հավակնող «խորիմաստ» հոդվածներ։ Հոդվածները (տես՝ «Լրագիր», «Առավոտ») ստորագրված են ինչ-որ անձանց կողմից՝ տպավորություն ստեղծելու, թե խոսվում է «զանգվածների» անունից, եւ ՀՌԱԿ-ի քաղաքական ղեկավարության վերաբերյալ վարկաբեկիչ լուրերին հավաստիություն հաղորդելու համար։ Իսկ քանի որ բացահայտ հերյուրանքի եւ զրպարտության համար նախատեսված է պատասխանատվություն (նույնիսկ դատական կարգով), ապա հարց է առաջանում, ովքե՞ր են այդ Հայկ Արամյանները («Լրագիր») եւ Հենրիխ Հովհաննիսյանները («Առավոտ»), գոյություն ունե՞ն արդյոք իրականում։ Անանունությունից վատ հոտ է գալիս, մանավանդ որ անհայտ քերթվածքները հիշեցնում են հայտնի ժամանակներում բավական տարածված «մատերիալները». առկա է թե ՀՌԱԿ Հանրապետական Վարչության ներկա անդամների «կոմունիստական անցյալը», թե նրանց հարազատների «անհարիր» կենսագրությունը, թե «արտաքին թշնամու» խարդավանքները, թե հանցավոր կապի ակնարկները «ներքին թշնամու» հետ՝ ռամկավարական կապույտ դրոշին կարմիր (գուցե եւ դարչնագույն) երանգ տալու եւ օգնություն խնդրելու նպատակով…

Եթե հիշում եք՝ դասական «մատերիալները» ավարտվում էին ինքնահաստատման հաղթական վերջաբանով՝ ասել է թե՝ «ժողովրդի թշնամիների դավերը չե՛ն անցնի»։ Տվյալ դեպքում, բնից վռնդված ճնճղուկները, որոնց ճակատագրով այդքան անհանգստացած է պրն Հովհաննիսյանը, նրա իսկ վկայությամբ, անպայման ճակատամարտ կտան «ապարատային կկուներին» եւ կտիրեն իրենց լքված բներին։ Տա՛ Աստված,- կավելացնեի ես, եթե խոսքն իսկապես գնար ուխտադրուժ կկուների եւ խեղճ ճնճղուկների մասին։ Բայց, քանի որ պրն անհայտ հեղինակը փետրավորների տակ նկատի ունի կոնկրետ մարդկանց, իսկ բնի շուրջ ծավալված ճնճղուկա-կկվային կրքերի տակ՝ ՀՌԱԿ-ում տեղի ունեցած «պալատական հեղաշրջման» փորձը եւ դրա տապալումը, ապա ավելի լրջորեն խոսենք, թե խեղճ ճնճղուկների, թե ուխտադրուժ կկուների մասին։

Եվ այսպես, կկուները՝ ՀՌԱԿ ներկա Հանրապետական Վարչության անդամների մեծամասնությունն են, իսկ ճնճղուկները, ՀՌԱԿ 5-րդ (արտահերթ) պատգամավորական ժողովից հետո, արդեն դրա վարչության նախկին անդամները։ Ինչպես եւ դասական տրագիկոմեդիայում, «մտավորականներ» անվանվող ճնճղուկները դրական հերոսներ են, կկուները՝ գիշատիչ ապարատային բոբոներ, որոնք իրենց կարմիր էությունը թաքցնելով ռամկավարական դիմակի տակ, աշխարհով մեկ հալածում են անպաշտպան մտավորականներին։

Կկուների կողմը հոդվածում ներկայացված է ի դեմս ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի եւ վարչության անդամների՝ Համլետ Կարապետյանի (ՀԿԿ Կենտկոմի ապարատի աշխատող), Շամիրամ Աղաբեկյանի (ՀԿԿ ԿԿ «Կոմունիստ» թերթի աշխատող), Համլետ Դալլաքյանի (ՀԿԿ շրջկոմի նախկին քարտուղար), Ալեքսանդր Թադեւոսյանի (ՀԿԿ կենտկոմի ապարատի աշխատող) եւ վերջապես Ստեփան Ստեփանյանի (շինջոկատների հանրապետական խորհրդի նախագահ): Իսկ որտեղ են մյուսները։ Չէ որ կուսակցության Հանրապետական Վարչության կազմը բաղկացած է 15 անդամներից եւ 3 թեկնածուներից եւ փառք Աստծո, նրանք բոլորն էլ առկա են։ Երեւի թե պրն Հովհաննիսյանը մյուս 12-ի կենսագրություններում կենտկոմական նշույլ անգամ չկարողացավ բացահայտել։ Դե ինչ, 6-ն են, թող լինեն վեցը։ Բայց, հարց է ծագում, ինչու է պրն Հովհաննիսյանը զբաղվում իրեն անծանոթ մարդկանց վարկաբեկմամբ։ Հավանաբար ուրիշների կենսագրությունների եւ ՀՌԱԿ պատմության խոր գիտակ այդ «մասնագետը» այլ կերպ չէր կարող հաստատել, որ Ռ.Միրզախանյանի մուտքը Հայաստանի ռամկավարների շարքերը նշանավորվեց հետագայում էլ պարբերաբար կրկնվող ռամկավարների մի ստվար խմբի «ելքով», որոնք ընդվզեցին կոմունիստական ֆունկցիոներների ներխուժումից»։

Ովքե՞ր եւ որտեղի՞ց պետք է հեռանային, եթե Ռուբեն Միրզախանյանը ինքն է հանդիսացել ՀՌԱԿ հիմնադիր խորհրդի նախագահ ու կուսակցության հիմնադիրներից մեկն է։ Այստեղ պարոն ամենագետ մասնագետին հիշեցնենք, որ հեռացածների (ավելի շուտ հեռացվածների) մեջ իսկապես քիչ չէին նաեւ իսկական «ապարատային կկուները»՝ միայն Վիգեն Խաչատրյանի անունն ինչ արժե։

Ռ.Միրզախանյանի կենսագրության մութ «բծերը» Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ԽՄԿԿ պատմության դասախոս նրա հայրն է, նրանից «ժառանգած» մշակույթի ֆակուլտետի դեկանությունը. «Արհմիությունները կոմունիզմի դպրոց են» թեկնածուական թեզը, ինստիտուտի կուսկոմիտեին նրա անդամակցությունը, ՀՌԱԿ-ի համար «ճակատագրական» համագործակցությունը ՌԱԿ-ի «աչքն ու ականջը» հանդիսացող Հակոբ Ավետիքյանի հետ։

Միրզախանյանի կենսագրության այսօրինակ «բծերի» եւ դրանց հայտնաբերողի կապակցությամբ կարելի է ասել հետեւյալը. խզբզոցի հեղինակ-մասնագետը, որպես Միրզախանյանների ընտանիքի կենսագիր, պարզապես դեռեւս չի կայացել։

Այո, Ռուբեն Միրզախանյանը միեւնույն ժամանակ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի

դերի բացահայտմանը նվիրված չորս գրքերի եւ հարյուրից ավելի գիտական հոդվածների հեղինակ Կառլեն Ժիրայրի Միրզախանյանի որդին է։ Ռ.Միրզախանյանը իսկապես 1984 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ, բայց «Հայաստանի      արհմիությունները 70-ական թվականներին» թեմայով։ Ի դեպ, Ռ. Միրզախանյանը այն ժամանակ ընդամենը 25 տարեկան էր եւ գիտությունների ամենաերիտասարդ թեկնածուն։

Ինչ վերաբերում է «Ժառանգած դեկանությանն ու կուսկոմիտեում անդամակցությանը, ապա դեկաններին, ինչպես հայտնի է, ընտրում են փակ գաղտնի քվեարկությամբ եւ Միրզախանյանը ընտրվել է 7 թեկնածուներից։ Իսկ մանկավարժական ինստիտուտի կուսկոմիտեի կազմում նա ընդհանրապես չի եղել։

Համլետ Կարապետյանի մեղքերը եւս բավականին լուրջ են։ Այո, Կարապետյանը ժամանակին կենտկոմի գործերի կառավարչի տեղակալն էր։ Բայց երեւում է, իր ապարատային գործունեության մեջ այնքան էլ հեռու չի գնացել, քանի որ դիմումի համաձայն «իր ցանկությամբ» դուրս է մղվել դեպի բարձիթող քայքայված մի տնտեսություն, որը կոչվել է Ձկնաբուծության պետկոմիտե։ 17 տարի Համլետ Կարապետյանը ղեկավարել է այդ բնագավառը եւ այդ ընթացքում «Հայձուկ» ԳԱՄ-ը իր հաջողություններով հռչակվել է ինչպես միությունում, այնպես էլ ԱՊՀ-ում։

Ըստ հայտնի «կկվագետի», Հակոբ Ավետիքյանը՝ ՌԱԿ-ի «աչքը եւ ականջը», ֆինանսական մութ գործարքների համար «արդեն վաղուց է հայտնվել Ռ.Միրզախանյանի անհատակ գրպանում»։ Իսկ մեզ համար, ՀՌԱԿ անդամների եւ հանրապետության ողջ հասարակայնության համար Ավետիքյանը հայ սփյուռքի արժանի զավակն ֊է, մինչեւ Հայաստան գալը, «Զարթոնք» առաջատար ռամկավարական ամենօրյա թերթի

խմբագիրը։ Ավետիքյանը այդ պաշտոնում փոխարինել է ՌԱԿ անվանի գործիչ Գերսամ Ահարոնյանին, իսկ մինչ այդ, բեյրության պատերազմի 17 տարիների ընթացքում իր լայն հասարակական գործունեությամբ պաշտպանում էր Լիբանանի հայկական համայնքի շահերը։ Նրա կյանքը բազմիցս վտանգվել է եւ որքան էլ ցավալի է, նույնիսկ ժողովրդավարական Հայաստանում։

Այսօր Հակոբ Ավետիքյանը լավագույն հայկական թերթի հիմնադիրն է եւ նրան կարելի է համարել հայկական ժուռնալիստիկայի նոր դպրոցի հիմնադիր։ Այդ մասին է վկայում նաեւ «Ազգ» թերթի լայն ժողովրդայնությունը։ Այսքանից հետո համաձայնեք, որ դժվար է նույնիսկ ենթադրել, որ Ավետիքյանի նման մարդը զբաղվում է «ֆինանսական մութ գործարքներով»։

Հաջորդ «կկուն» Հարություն Կարապետյանն է՝ Հայաստանի գրողների միության անդամը, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագիրը, իսկ ներկայումս՝ «Պայքար» պարբերականի գլխավոր խմբագիրը։

Ի տարբերություն պրն Հովհաննիսյանի, մենք ճանաչում ենք մեկ Ալեքսանդր Թադեւոսյանի՝ բազմագիտակ մասնագետի, փիլիսոփայական գիտությունների թեկնածուի, ավագ գիտաշխատողի եւ դոցենտի, սոցիալ-քաղաքական գիտությունների ինստիտուտի բաժնի վարիչի, Հայաստանի սոցիոլոգների ընկերակցության փոխնախագահի, Հայաստանի քաղաքագետների միության վարչության անդամի, որը 1991-94թթ. ղեկավարել է ՀՀ արտգործնախարարության վարչություններից մեկը։

«Շրջկոմի նախկին քարտուղար» Համլետ Դալլաքյանը, Ադրբեջանի հանրապետության նախագահ Հեյդար Ալիեւի խորհրդականներից մեկի վերջերս հրատարակված գրքում ներկայացված է որպես «ադրբեջանական ժողովրդի թշնամի»։ Այդ «բարձր» կոչմանն արժանանալու համար անհրաժեշտ էր, որ նա իր վրա վերցնի սահմանամերձ Կրասնոսելսկի շրջանի բնակչության եւ փախստականների ծանրագույն խնդիրների լուծման ու անվտանգության ապահովման պատասխանատվության բեռը։

Իսկ Շամիրամ Աղաբեկյանը… Նրան տրված պիտակը ամենատրաֆարետայինն        է։ Ըստ ամենագետ հեղինակի, «Գոլոս»-ը «Կոմունիստի» հետնորդն է։ Իսկ ինչո՞վ է վատ «սիոնիզմի» հետնորդ կոչելը։ Չէ՞ որ, նախքան անկախ թերթ դառնալը, «Գոլոս»-ը «Արաս ինտերնեյշնլ» ընկերակցության սեփականությունն էր, որը հիմնադրել եւ ղեկավարում էր հրեա Առնոլդ Մազուրը (իմիջիայլոց ատում էր Կենտկոմը եւ կոմունիստներին): Պրն Հովհաննիսյանին չի խանգարի մշտապես հիշել, որ «Կոմունիստը» հանրապետությանն է տվել զգալի թվով որակյալ լրագրողներ, այդ թվում, օրինակ, ՀՀՇ անդամ եւ «PA»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Հակոբյանին, «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի առաջատար թղթակից Էլիանորա Վարդանյանին եւ թող զարմանալի չթվա, այդ թերթի գլխավոր խմբագիր Արմեն Խանբաբյանին, որը ոչ հեռու անցյալում «Պրավդա» թերթի սեփական թղթակիցն էր եւ վարում էր «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական օրագիրը։

«Կոմունիստի» ծնունդ է նաեւ «Ուրարտու» թերթի գլխավոր խմբագիր Իոսիֆ Վերդյանը, «Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը։ Ուրեմն, ինչպես կհրամայեք վարվել նրանց հետ, պրն Հովհաննիսյան։ Իսկ ինչ պիտակներ կպցնել «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Կոմսոմոլեց» թերթերից «դուրս եկածներին», չէ՞ որ Հայաստանում այն ժամանակ այլ մամուլ չկար։ Նույնիսկ ՀՀՇ-ական Մերուժան Տեր-Գուլանյանը այն ժամանակ խմբագրում էր ՀԼԿԵՄ կենտկոմի օրգան հանդիսացող «Գարուն» ամսագիրը։ Եվ ինչ, միգուցե «կկուներ» են նաեւ Բաբկեն Արարքցյանը, Հրանուշ Հակոբյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Աշուր Մանուչարյանը, Գագիկ Հարությունյանը, Վալերի Միրզոյանը, ինչպես նաեւ բազմաթիվ նախկիններն ու ներկաները։ Չէ որ նրանք էլ ունեն կոմերիտական կամ կուսակցական աշխատանքի ստաժ։ Ինչեւիցե։

Մինչդեռ ճնճղուկները «մասնագետի» կողմից համեստորեն ներկայացված են «մտավորականների» կերպարանքով։ Իսկ ինչու ռամկավարական շարքերի մաքրության համար պայքարող այդ «մարտիկներին» չզննենք խոշորացույցի տակ։ Հետաքրքիր պատկեր կստացվեր։ Ի դեպ, որտեղից ճնճղուկների երամում հայտնվեցին երկու պրոֆեսոր։ Մենք գիտենք միայն մեկին՝ մտավորական-պրոֆեսոր Ռաֆիկ Պետրոսյանին, որն իրավաբանական ինստիտուտի 4-րդ կուրսից հեռացրեց լավագույն ուսանողուհուն միայն նրա համար, որ նրա մոր խմբագրած թերթը համարձակվել էր կասկածի ենթարկել Ռաֆիկ Պետրոսյանի (ՀՌԱԿ արդեն նախկին անդամ) քաղաքական վարքագիծը։

Ճնճղուկ «մտավորականների» եւ նրանց «ապարատային» բարեկամության ցուցակը կարելի էր շարունակել եւ շարունակել։ Բայց զզվելի է… զզվելի է ոչ միայն պրն Հովհաննիսյանի ընտրած եղանակը, այլեւ նրան այդ «սխրանքին» ոգեշնչած մարդկանց վարքագիծը։ Բոլոր ժամանակներում «ճնճղուկների» նման վարքագիծը ստացել է միանշանակ գնահատական՝ ստոր դավաճանություն։ Եվ բարձր քաղաքական մոտիվների վրա մատնացույց անելը այստեղ անհարիր է։

Ավաղ, պրն կկվագետ, ճնճղուկներդ զոհեր չեն։ Նրանց գիշատիչ վարքագիծը մեկ անգամ չէ, որ իրեն դրսեւորել է ակնհայտ ձեւով. ՀՌԱԿ Վարչությունում ծավալած շանտաժը նախ՝ ընտրական ցուցակում բարձր տեղ գրավելու համար, փոխադարձ լուռ եւ անսանձ ատելությունը՝ ինքնափառաբանման

պոռթկումներով ընտրապայքարի ընթացքում, նոր տերերի մոլեգին որոնումները՝ մեծամեծ խոստումներով ընտրություններից հետո… Իսկ արդյունքում՝ «փոթորիկ մի գավաթ ջրի մեջ»՝ ՀՌԱԿ ատենապետին իբրեւ թե

հեռացնելու եւ իշխանությունը կուսակցությունում ստանձնելու պատրանքային տեսարանը բարձրագոչ ծղրտոցով հաստատելու միջոցով։

Երբ «հեղաշրջումը» չստացվեց, պայքարը դարձավ ավելի թափանցիկ եւ կեղտոտ, գործի դրվեց կուսակցությունն ու նրա ղեկավարին ամեն գնով վարկաբեկելու մեխանիզմը։ Մինչդեռ չորս ամիս առաջ, այդ ղեկավարներին միաձայն խնդրում էին չհրաժարվել ստանձնել կուսակցության ղեկը, քանի որ չկա այլ արժանի թեկնածու։

Ճնճղուկներն իրականում կուսակցական ազդեցիկ գործիչներ էին, մասնավորապես՝ կուսակցության փոխատենապետը եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները… Կարելի է լրջորեն պնդել, թե կուսակցությունը ղեկավարվում էր առանց նրանց, կամ թե նրանք պատասխանատու չէին կուսակցության քաղաքականության եւ ԱԺ-ի ընտրություններում պարտության համար։ Նրանք չէին արդյոք քվեարկում «Հանրապետություն» բլոկին մաս կազմելու կամ չկազմելու համար։ Ինչու լռեցին ճնճղուկները ապրիլյան (4-րդ արտահերթ) պատգամավորական ժողովում, չբացահայտեցին Միրզախանյանի «խարդավանքները», ինչու դա չարեցին սեպտեմբերյան (5-րդ արտահերթ) պատգամավորական ժողովում՝ ընդհանրապես չներկայանալով եւ զրկելով իրենց ամբողջ կուսակցությանը դիմելու հնարավորությունից։

ՀՌԱԿ 5-րդ (արտահերթ) պատգամավորական ժողովի արդյունքներով կուսակցության ներսում տրամաբանական ու օրինաչափ պարտություն կրելուց հետո, մշակույթի հետ գրեթե ոչ մի կապ չունեցող ու իրենց «իսկական ռամկավար», «բարոյական» համարող «մեծապատիվ» այս միջակությունները մի քանի համախոհների հետ միասին նոր թափով շարունակում են բանսարկությունների ու խոսակցությունների գործընթացը՝ այս անգամ արդեն Թեքեյան մշակութային միությունում։ Նորից արժանի մարդկանց վարկաբեկելու միջոցով, նրանք փորձում են լուծել անձնական ինչ-որ հարցեր։

Մարդիկ, զգուշացեք իսկապես «կկուական» ընդունակություններով օժտված, անհիմն մեղադրանքներով, գարշահոտ մեկնաբանություններով ու կեղծարարություններով շրջապատը ապականող այդ եւ նման տիտղոսավոր «օրինապաշտ բարոյախոսներից»։

Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀՌԱԿ ՀՎ անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930