Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական տոմսը անջնջելի խարան է

Սեպտեմբեր 26,1995 17:05

Հոկտեմբերի 25-ի ԱԺ-ի հերթական նիստն ամբողջությամբ նվիրված էր «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգի» օրենքի նախագծի քննարկմանը։ Կանոնակարգի նախագիծը կանխավ բաժանված էր պատգամավորներին, ուստի բավական ծավալուն (21 գլուխ՝ 147 հոդվածով) փաստաթղթին ծանոթանալու ժամանակ յուրաքանչյուր կամեցող ուներ։ Օրենքի նախագիծը ժողովի դատին ներկայացրեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ էգ Եգորյանը: Մտքերի փոխանակությունն ընթացք առավ ու ծավալվեց։ Օրակարգում, Արտաշես Թումանյանի պատկերավոր արտահայտությամբ, «խորհրդարանի Սահմանադրությունն» էր. նախորդ ԳԽ-ում կանոնակարգն այդպես էլ օրենքի կարգավիճակի չարժանացավ՝ մնալով որպես դիպվածային հղումների նյութ:

Ելույթների առանցքում հստակ զատվեցին հետեւյալ մտահոգությունները.

Ա) ԱԺ եւ տնտեսական քաղաքականություն. խորհրդարանը պետք է դառնա գործուն մասնակիցը եւ պատասխանատուն ընթացող տնտեսական գործընթացների։ Արմեն Եղիազարյանը, ելնելով իր թե՛ կառավարական աշխատանքի փորձից, թե՛ այժմյան օրենսդրական պարտավորություններից՝ կարեւորեց հատկապես երկու ոլորտ. սեփականաշնորհման եւ Կենտրոնական բանկի ֆինանսավարկային ծրագրերի հատույթում։ ԱԺ-ն պետք է մասնակցի սեփականաշնորհման բոլոր ծրագրերի քննարկմանը՝ վավերացնելով դրանց օրինականությունը։ ԿԲ-ի հետ հարաբերությունների խնդիրն ամենակնճռոտն է. ԿԲ-ն փաստացի չի ենթարկվում կառավարությանը, հետեւաբար տեսականորեն չի բացառվում, որ նրա ծրագիրը հակասի ԱԺ-ի կողմից հաստատվող բյուջեին։ Եթե ԱԺ-ն իրավասու չէ քննարկելու այս մարմնի ծրագրերը, ապա ստեղծվում է փակուղի։ Ծրագրերի համապատասխանությունը օրենքին վերահսկելու է Սահմանադրական դատարանը, բայց ՍԴ առայժմ չկա, եւ նման գործառույթ պետք է ստանձնի խորհրդարանը։ Արտաշես Թումանյանը փաստեց, որ ԱԺ-ն կարծես սահմանափակվում է ԿԲ-ի ղեկավարության ընտրությամբ եւ լուծարմամբ՝ առանց նրա գործունեությունը վերահսկելու հստակ լծակների։

Բ) Կառավարության հետ հարաբերություններ. պատգամավորներից շատերի համոզմամբ, խորհրդարանի վերահսկիչ գործառույթը կառավարության հանդեպ արհեստականորեն նվազեցված է։ Խոսրով Հարությունյանը նշեց, որ իրենց աշխատանքի առջեւ ուղղակի արգելքներ են ծառանում: Օրինակ՝ ԱԺ նախագահը օրինագծեր է դնում քննարկման՝ ակնկալելով կառավարության եզրակացությունը, բայց եթե մեկամսյա ժամկետում այն չի ստացվում, ապա ԱԺ-ն իսպառ զրկվում է քննարկման իրավունքից։ Վարազդատ Ավոյանը, առավել մասնավորեցնելով, ասաց, որ խիստ սահմանափակ են եւ

ԱԺ նախագահի իրավասությունները, իսկ Արտաշես Թումանյանը եզրափակեց. «Կառավարության կարծիքը սահմանադրական փաստաթղթի արժեք չի կարող ունենալ»։

Գ) Պատգամավորի կարգավիճակ. ընդհանուր կարծիքն այն էր, որ ԱԺ պատգամավորի լիազորությունների շրջանակը հստակ չի որոշված։ Արամ Մանուկյանը շեշտեց, որ «հեղափոխական» խորհրդարանի ժամանակներն անցել են, պետք է ձերբազատվել այն մտայնությունից, թե Հայաստանում ամենացուրտ տեղը պետք է լինի խորհրդարանը, իսկ պատգամավորի աշխատավարձը, անպայման, տեղավորվի նվազագույնի սահմաններում։ Նման մոտեցումների արդյունքում կորչում է օրենսդիր որակը։ Խորհրդարանում պատգամավորների լոկ 1/6 է ցանկանում աշխատել մշտական հանձնաժողովներում, մրցույթ չկա, ազդակներ չկան։

Կուսակցական խմբակցություններից միակ ելույթ ունեցող Պարույր Հայրիկյանը ավելացրեց, որ՛մեր սահմաններից այն կողմ գործազուրկ

թափառականն ավելի պաշտպանված է, քան մեր պատգամավորը։ Կանոնակարգը համեմատվեց արհեստավորի գործիքի հետ. ոչ կատարյալ

գործիքներով անկատար առարկաներ են կերտվում։ Դրան հակառակ՝ Գրիգոր Ավագյանի պնդմամբ, ԱԺ պատգամավորին արտոնություններ պետք չեն. հանցանք ես գործել, ուրեմն պիտի պատժվես՝ առանց «մեղմացուցիչ դեպք հանցանաց»։

Դ) Խորհրդարանական խմբակցություններ. Խոսրով Հարությունյանը նախ հավաստեց իր լիակատար համաձայնությունը համամասնական համակարգով ընտրված պատգամավորների կուսակցական պատկանելությունը ցկյանս ամրագրելու վերաբերմամբ, սակայն մեծամասնական ընտրակարգով մանդատ ստացած պատգամավորները պետք է իրավունք ունենան «կուսակցական տեղաշարժերի», նրանք ԱԺ մուտք են գործել ոչ թե շնորհիվ կուսակցության, այլ իրենց արժանիքների, ուստի իրավասու են ընդգրկվելու այս կամ այն կուսակցական խմբակցություն՝ դուրս գալու երաշխիքներով։ Այս տեսակետին ընդդիմացավ Բ.Արարքցյանը՝ նշելով. «Ինչ-ինչ պատճառներով կարող է նոր ընտրություն լինել, եւ շահադիտական նկատառումներով պատգամավորները կարող են փոխել իրենց խմբակցությունները», հետեւաբար կուսակցական տոմսը դառնում է անջնջելի «խարան»։

Վերջում որոշվեց. կանոնակարգի քննարկումները շարունակել մինչ չորեքշաբթի, իսկ այսօր օրակարգում են միջազգային պայմանագրերը եւ համաներումը։

Նարինե  ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930