Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլուխը պատով տալու առավելությունները

Սեպտեմբեր 26,1995 16:51

Ամերիկացիները խելացի մարդիկ են։ Կամ, գուցե, ոչ այնքան խելացի են, որքան փորձառու՝ կատակ բան չէ 200 տարվա դեմոկրատիան։ Ուզես թե չուզես, քաղաքակիրթ «դեմոս» կդառնաս։ Մինչեւ որ մենք սովորության համաձայն զարգացնում էինք վաղ դեմոկրատիայի պարզունակ մեթոդները՝ հանրահավաքներ, երթեր եւ այլն, ամերիկացիների միտքը հասավ բացասական հույզերի եւ ավելորդ էներգիայի սպառման շատ ավելի կատարելագործված միջոցի։ Գտնվեցին բարի մարդիկ, որոնք ամերիկյան այդ գյուտին հաղորդակից դարձրեցին մեզ, տեղադրելով այն հենց Թատերական հրապարակում։

Հավանաբար, տեսած կլինեք աստղավոր-զոլավոր այդ փչովի տնակը՝ մտիր այնտեղ եւ հարձակվիր պատերի վրա, ինչքան որ սիրտդ կամենա։ Դեմոկրատական այդ նորարարության առավելությունները բազմաթիվ են։ Նախ, ոչ գլուխդ, ոչ էլ մարմնիդ մնացած մասերը չեն ցավում՝ պատերը փափուկ են։ Երկրորդ, սիրտդ, այնուամենայնիվ, հովանում է։ Եվ ամենակարեւորը՝ բավարարվածություն ես զգում քաղաքացիական պարտքդ կատարելուց հետո։ Այնպես որ նրանց, ում չեն բավականացնում Պարույր Հայրիկյանի ուրբաթ օրերին կազմակերպվող հանրահավաքները, կարելի է խորհուրդ տալ այցելել այդ տնակը։ Ով որ փորձել է, պնդում է, որ շատ օգտակար է։ Իհարկե, աշխարհում կատարյալ բան չկա եւ որպես առաջընթաց քայլ՝ կարելի է պատերին փակցնել ղեկավար էլիտայի դիմանկարները։ Դա արդեն ժողովրդավարության հաջորդ քայլը կլինի։

Այնուամենայնիվ, ամերիկացիների գաղափարը այնքան էլ նոր չէ։ Պարզապես, նրանք ժամանակին հիշեցին մեր հին ազգային իմաստությունը, որը հրամայաբար խորհուրդ է տալիս «գլուխը պատով տալ» այն դեպքում, երբ չգիտես ինչ անել։ Ստացվում է, որ այստեղ էլ մենք առաջինն ենք։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930