Բայց մեծ ուշացումով
Տարածված կարծիք գոյություն ունի, որ նախկին միության տարածքում փոստը գործնականում չի աշխատում։ Իհարկե, կարելի է բարեկամին նամակ ուղարկել, բայց այն միեւնույնն է, տեղ չի հասնի։
Հետաքրքիր փորձ է կատարել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։ Միեւնույն օրը թերթի 15 նախկին հանրապետություններում եւ ռուսաստանյան 10 խոշորագույն քաղաքներում սեփական թղթակիցները երկու ծրար են ուղարկել միեւնույն մոսկովյան հասցեով։ Առաջինը ազատ ոճի ուղերձով, երկրորդը՝ տեղական տարադրամով։ Մեկ ամսից ամփոփվեցին արդյունքները։ Պարզվեց, փոստային աշխատողներն օրինապաշտ մարդիկ են։ Տարադրամ պարունակող «սադրիչ» ծրարները՝ ռուսաստանյան ռուբլիներով, բելառուսական «նապաստակներով», մեր դրամներով, ուկրաինական կարբովանեցներով «ողջ-առողջ» հասան հասցեատիրոջը։
Առաջինը (4 օրից) վերջնագծին հասան Ռոստովից եւ Կրասնոդարից նամակները։ Հինգերորդ օրը Մոսկվա հասան Սարանսկից, Պերմից եւ Ստավրոպոլից ուղերձները։ Յոթերորդ օրը՝ Եկատերինբուրգից։
Նախկին խորհրդային հանրապետությունների մրցույթում հաղթող ճանաչվեցին Բելոռուսի կապավորները՝ 5 օր, երկրորդ տեղը գրավեցին Ալմա Աթայի փոստատարները՝ 11 օր, երրորդը՝ նրանց ուկրաինացի գործընկերները՝ 12 օր։
Հայ կապավորները գրավեցին պատվավոր 4-րդ տեղը։ Նամակները Երեւանից Մոսկվա հասան 17 օրում։ Համաձայնեք, փոքր ժամկետ չէ։
Բայց մյուս կողմից, Աշգաբադից նամակները ճանապարհորդում էին 25 օր, Վիլնյուսից՝ 22. Տալինից՝ 26: Իսկ Թբիլիսիից, Բաքվից, Ռիգայից, Տաշքենդից, Բիշկեքից, Քիշնեւից ուղարկած նամակները մեկ ամսում այդպես էլ Մոսկվա չհասան։
Վ. ՍԼՈՅԱՆ