Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցու պատմությունը՝ ազգի պատմությունն է

Սեպտեմբեր 23,1995 16:49

Հարցազրույց Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության եւ գրականության դոկտոր, պրոֆեսոր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հետ։

– Սրբազան, ո՞րն էր ֆակուլտետի ստեղծման անհրաժեշտությունը։

– 70 տարի շարունակ իշխում էին հակակրոնական գաղափարախոսություններ, հայկական ամենալուրջ, ամենախոր աստվածաբանությունը, որն իր եկեղեցին ստեղծել էր որպես արվեստ, արգելված էր ուսանողության համար։ Եվ ահա անհրաժեշտ էր, որ այդ պակասը լցվեր։ Մինչդեռ եկեղեցու պատմությունը ազգի պատմությունն է, եւ եկեղեցու կանոնները հայ կյանքը կառավարող կանոններ են։ Լավ գիտենալով ազգային եկեղեցին, մենք մեր սերնդի մեջ կվերականգնենք իսկական հայ մարդուն։ Քանզի առանց կրոնի մարդը նման է գազանի։

– Ուշացած չէ՞ր արդյոք ֆակուլտետի բացումը:

– Իհարկե, ուշացած է, որովհետեւ մենք մեր ժամանակին կգնայինք Գերմանիա գիտելիք ստանալու։ Եվ ահա բացելով այս ֆակուլտետը՝ մենք սերունդներին հնարավորություն ենք տալիս սովորել եւ կրթվել Հայաստանում։

– Արտասահմանյան համանման կրթօջախների հետ հարաբերություններ նախատեսվո՞ւմ են։

– Անշուշտ, արտասահմանի մեջ նման հայկական ֆակուլտետներ չկան, բայց արդեն կապեր ենք ստեղծել Բելգիայի Կաթոլիկ համալսարանի, Փարիզի Աստվածաբանության ֆակուլտետի հետ եւ ջանում ենք հարաբերություններ ստեղծել Բոստոնի համալսարանի նույնանուն ֆակուլտետի հետ։

– Ֆակուլտետի եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ ինչպիսի՞ գործնական կապեր են հաստատվելու։

– Ոչ մի կապ, որովհետեւ ֆակուլտետը գիտական հաստատություն է, որը պետք է գիտելիք տա։ Մեր գործը կրոն տարածելը չէ, այլ ուսուցանելը։

– Քրիստոնեությունից զատ. կրոնական ի՞նչ ուղղություններ են դասավանդվելու:

– Բոլոր կրոնների պատմություն՝ երկու տարվա տեւողությամբ։ Պարտադիր է նաեւ գրաբարի եւ որեւէ օտար լեզվի ուսուցումը։ Ուսանողները սովորում են նաեւ հին հունարեն, եբրայերեն, լատիներեն։

– Ամեն մի նոր միշտ ուղեկցվում է որոշակի դժվարություններով։ Սրբազա՛ն, որո՞նք էին հաղթահարված խոչընդոտները։

– Խոշոր դժվարություն չունեցանք։ Ընդամենը մեկ տարի տեւեցին մեր բանակցությունները, եւ ահա այսօր ունենք երկու ամբիոն՝ կրոնագիտության եւ աստվածաբանության։

Հարցազրույցը վարեց՝ Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930