Երեկ «Հայաստան» հիմնադրամում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որը նվիրված էր նույն օրը կայացած տեղական հանձնախմբերի միացյալ նիստին։ Մանուշակ Պետրոսյանն իր խոսքը սկսեց «Հայաստան» հիմնադրամի նախաձեռնած այցելությունից, որի ընթացքում բոլոր հրավիրյալները, ներառյալ եւ լրագրողները, հնարավորություն ստացան անմիջաբար ծանոթանալու հանգանակված գումարների գործնական կայացումներին։ Միակ խանգարիչ հանգամանքը այդ «ստուգողական» այցի վատ եղանակն էր, սակայն նման առիթներ դեռեւս շատ կընձեռվեն։ Հոգաբարձուների խորհրդի նախագահության նիստը՝ հանձին հաշվեքննիչ հանձնաժողովի, արդեն վավերացրել է հիմնադրամի գործունեության ճշգրտությունը. այսինքն՝
ծրագրերի եւ գործնական աշխատանքի նոր հեռանկարներ են բացվում։ Չորս
ժամ տեւած տեղական հանձնախմբերի ներկայացուցիչների հավաքը հետապնդում էր հենց այս նպատակները։ Առանցքում նոր գաղափարաբանության հիմնավորումն է, Սփյուռք-Մայր Հայրենիք զգայական կապի առարկայացումը. ժողովրդին պետք է հաղորդակից դարձնել հիմնադրամի բուն առաքելությանը, որը բնավ դրամահավաքությունը չէ, լինի դա տարբեր իրադարձությունների կապվող հանգանակություն, թե ինքնաբուխ նվիրատվություն։ Հիմնադրամն ամենից առաջ ազգային տուրքի գաղափարի ամրակայումն է յուրաքանչյուր հայի սրտում եւ ուղեղում, որտեղ էլ նա գտնվի։
Սփյուռքի հայության կյանքում այժմ գերակա են բազում եկեղեցական, կուսակցական կառույցներ, որոնք ազգային տուրքի իմաստավորման տարբեր
Կարդացեք նաև
դրսեւորումներից են։ «Հայաստան» հիմնադրամն իր առջեւ նպատակ է դնում ոչ թե հակադրվելու այս կառույցներին, այլ ուղղորդելու դրանք դեպի մեկ միասնական նպատակ։ Այս նախաձեռնումները, անշուշտ, ժամանակ են պահանջում, նոր մարտավարություն։ Մ. Պետրոսյանը լրագրողներին ցույց տվեց իրենց քարոզչական- գովազդային գործունեության պարագաները՝ գրքույկներ, տեսահոլովակներ, հատուկ գանձարկղիկներ։
Տեղական հանձնախմբի յուրաքանչյուր ներկայացուցիչ զեկուցել է հանգանակած գումարների վերաբերյալ, սակայն էականը տվյալ տարածքում ապրող հայերի այն թիվն է, որն արտացոլում է հիմնադրամի գործունեության ընդլայնումը։ Դրամահավաքի կորը այս երկու տարիների ընթացքում մեծ
վերելքներ չի ապրել, սակայն Մ. Պետրոսյանը հուսով է, որ բացվող տարին՝ մասնակցության առումով, իրոք հաղթանակող կլինի։ Հիմնադրամն իր առջեւ կարեւորագույն նպատակներ է դրել՝ կապված ամենից առաջ Արցախի հետ, բացի ջրամատակարարման, ավտոճանապարհների կենսական ծրագրերից՝ օրակարգում են կրթության, հոգեւոր ոլորտի հարցերը։ Այսպես՝ նախատեսվում է Շուշիի Ռեալական ուսումնարանի վերականգնումը, Ստեփանակերտի Ֆիզիկա-մաթեմատիկական դպրոց-համալիրի կառուցումը, այստեղ իրենց ուսումնառությունը կստանան մոտ 200 օժտված երեխաներ (արցախցիները հայտնի են ճշգրիտ գիտությունների իրենց բարձր ընկալունակությամբ):
Հիմնադրամի գործադիր վարչությունը նպատակադրվել է հետեւողականորեն վերահսկել տեղական հանձնախմբերին եւ ձերբազատվել նրանցից, ովքեր ներգրավվել էին կառույցի մեջ, առանց հաշվի առնելու իրենց գործնական ունակությունները: «Հայաստան» հիմնադրամի անդամակցությունը ոչ միայն պատիվ է, այլեւ ծանր աշխատանք:
Դաշնակցության հանդեպ պետության որդեգրած դիրքորոշման պատճառով հիմնադրամի շուրջ ստեղծված մթնոլորտին Մ.Պետրոսյանը կարծես չէր պատրաստվում անդրադառնալ, սակայն այդ կապակցությամբ հնչած հարցին պատասխանեց հստակ եւ զգացմունքային. «Մենք ապաքաղաքական կառույց ենք, որ խոսում է դրոշի, պետության մասին»։ Այսինքն՝ իշխանության այս կամ այն դեմքերը, կուսակցությունների հանդեպ վերաբերմունքը տվյալ դեպքում բնավ վճռորոշ չեն, միակ անբեկանելին համահայկական խնդիրներն են՝ Հայաստանի պետականության կայացումը, Արցախը։ Որոշ դաշնակցական շրջանակների հակաքարոզչությունը, Մ. Պետրոսյանի համոզմամբ, ժամանակավոր երեւույթ է, այն կարող է առավելագույնը մի քանի հոգու շեղել ճշգրիտ գաղափարաբանությունից։ Ինքը չի կամենում որեւէ մեկի դատապարտել. վաղը գալու են առավել առողջ ժամանակներ՝ բարդույթազերծ գործիչներով։ ՀՕՄ-ը գրավոր հրաժարվել էր հիմնադրամի աշխատանքներին որեւիցե մասնակցություն բերելուց, սակայն իրենք սպասում են, սփյուռքահայ ցանկացած կառույց եւ կազմակերպություն ունի իր տեղը, որը միշտ էլ բաց կլինի։ Վերջում, սակայն, իբրեւ նախազգուշացում հնչեցին հետեւյալ խոսքերը. «Մենք նախաձեռնել ենք մի կառույց, որի անգամ դանդաղ կայացումը մեծ վնաս է ժողովրդին, վատ ընթացքի դեպքում ավելի լավ էր ընդհանրապես չնախաձեռնել», թեեւ տրամաբանությունը հուշում է, որ համազգային նպատակների կայացումը կասկածի չպետք է ենթարկվի։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ