Լրահոս
Օրվա լրահոսը

Աղդամ քաղաքը

Սեպտեմբեր 21,1995 18:24

«Ձախ մայթով կգնաս, շենքերի կողքով… Զգույշ կլինես, Աղդամից խփում են»,- անհանգստանում են ամեն անգամ բարեկամներս։ Իսկապես, Աղդամից խփում են… հեռահար հրետանուց, «Գրադից»։ Ձախ մայթով եմ գնում։ Ստեփանակերտ, 1992թ. նոյեմբեր։

«Մտնելո՞ւ ես մզկիթ… դու գիտես»: Մզկիթի բակում «շինելների» ու «սապոգների» հսկայական կույտ։ Դագաղներ… Աստիճաններով բարձրանում եմ մզկիթի երկրորդ հարկը։ Խփում են՝ հեռահարից, «Գրադից»։ Ադրբեջանցիներն են՝ գիտեն, որ հայերը ալրաղացի ցորենն են դատարկում։ Խփում են։ Պայթյունները մոտենում են մուսուլմանական տաճարին, որի մեջ զոհվել ես ամենեւին չեմ ուզում։ Դուրս եմ պրծնում մզկիթից։ Չորս կողմը ավերակներ…

Աղդամ, 1993թ. օգոստոս։

«Աղջիկ ջան, ասում են կռիվը պրծել ա, «սոգլաշենի» են ստորագրել՝ հայը, թուրքը, ռուսը։ Ճիշտ ա՞»,- դիմում է ինձ վարդավաճառ կինը։ «Ճիշտ է,- պատասխանում եմ ես,- վարդերը որտեղի՞ց եք բերել»։ «Աղդամից, աղջիկ ջան… բոլ-բոլ ա»։ Ստեփանակերտ, 1994թ. մայիս։

… Մի քանի օր առաջ բարեկամս զանգահարեց՝ չորս տարի է ընտանիքով Մոսկվայում են ապրում։ «Կինս, Սյուզին, ռուսաց լեզու է դասավանդում»։ Զարմացա։ Մոսկվայո՞ւմ։ Ռուսաց լեզո՞ւ։ «Այո, այո, ադրբեջանցի ընկերոջս երկու տղաներին ռուսերեն է սովորեցնում։ Փախստական է ընկերս… Աղդամից»։

…Լուսանկարներիցս ընտրում եմ այս մեկը՝ շենքերի ավերակների կույտի վրա էին «հավերժացրել» ինձ։ Աղդամ, 1995թ. հունվար։

Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930