Սեպտեմբերի 20-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալդո Այելոյի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վարդան Օսկանյանի մամլո ասուլիսը։
Ալդո Այելոն հայտնեց, որ եկել է տարածաշրջան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի հանձնարարությամբ, իսկ այցի հիմնական նպատակն է՝ շեշտել գլխավոր քարտուղարի ակտիվ հետաքրքրությունը հակամարտության քաղաքական լուծման նկատմամբ, ինչպես նաեւ մեկ անգամ եւս հաստատել այն բազմակողմանի աջակցությունը, որը ՄԱԿ-ը ցուցաբերում է ԵԱՀԿ-ին։ Պարոն Այելոն հայտարարեց, որ Մինսկի խումբը անում է ամեն հնարավորը, իսկ ՄԱԿ-ը աջակցում է նրան ե՛ւ քաղաքական, ե՛ւ օպերատիվ մակարդակներով։ Այցի ավարտից հետո Այելոն տրամադրելու է ողջ ինֆորմացիան Բուտրոս Ղալիին, նա իր հերթին տրամադրելու է այն Անվտանգության Խորհրդին, իսկ վերջինս պետք է պարզի իր սեփական նախաձեռնությունը՝ ուղղված հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Պարոն Այելոն հիշեցրեց նաեւ, որ շուտով նախատեսվում է ՄԱԿ-ի 50-ամյակին նվիրված տոնախմբություն Նյու Յորքում, եւ ինքը հույս ունի, որ այնտեղ կկայանա Տեր-Պետրոսյան-Ալիեւ հանդիպումը։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած զրույցին, Այելոն նշեց, որ այն չափազանց կարեւոր էր եւ ինֆորմատիվ, սակայն ավելացրեց, որ անհրաժեշտ է ավելի լրջորեն վերլուծել իրավիճակը։ Այդ նպատակով հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Նյու Յորքում կկայանա երկրորդ հանդիպումը նրանց միջեւ: Պարոն Այելոն տեղեկացրեց նաեւ, որ իրենք պրն Քոչարյանի հետ պայմանավորվել են գնալ Նյու Յորքի լավագույն ռեստորաններից մեկը, իսկ չափազանց հետաքրքրասեր մի լրագրողի այն հարցի, թե կոնկրետ ո՞ր ռեստորանը, պարոն Այելոն հայտնեց, որ դա կախված է նրանից, թե որ խոհանոցին է նախապատվություն տալիս պրն Քոչարյանը։ Վարդան Օսկանյանը գնահատեց պրն Այելոյի այցը որպես չափազանց կարեւոր եւ օգտակար։ Նա նշեց, որ այցի ժամանակը չափազանց ճիշտ է ընտրված, քանի որ, առաջինը, Բուդապեշտի համաժողովից հետո արվել են որոշակի քայլեր՝ Մեծ քաղաքական համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ, եւ այժմ ՄԱԿ-ի քաջալերանքը մեծապես կնպաստի այդ գործընթացին։ Ինչ վերաբերում է երկրորդ պարագային, ապա այցը նպաստավոր է նաեւ այն տեսանկյունից, որ հնարավորություն է տալիս պրն Այելոյին եզրակացություններ անել Նյու Յորքում Ալիեւ-Տեր-Պետրոսյան հանդիպման շեմին։
Պատասխանելով հարցերին, Ալդո Այելոն ասաց, որ իր կարծիքով երկու կողմերն էլ անկեղծորեն փորձում են վերջ տալ հակամարտությանը եւ, չնայած նրան, որ զենքի լռությունը դեռեւս խաղաղություն չէ, նա հակված չէ մտածել մարտական գործողությունների վերսկսման մասին։
Ա. ԻՍԱԲԵԿՅԱՆ