Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի նոր արժեքային համակարգ

Սեպտեմբեր 21,1995 13:30

Եթե Հայաստանի անկախությունը դիտարկենք մեր ազգի զարգացման հարթության մեջ, ապա անշուշտ, պետք է նշենք, որ այն կենսական ձեռքբերում է, որի ամբողջ արժեքը կգնահատեն մեր հաջորդ սերունդները: Անկախության այսօրվա ըմբռնումը անխուսափելիորեն թերի է, հակասական եւ պայմանավորված է մեր կյանքում իրականացվող առնվազն չորս խոշոր գործընթացներով։

ա) Հին արժեքների համակարգի հետ միասին փոխվում է ազգային ինքնության ընկալման ձեւը։

բ) Լիբերալ բարեփոխումները տնտեսության մեջ անց են կացվում բավականին ծանր պայմաններում՝ պատերազմ, շրջափակում, աղետի գոտի։ Դրան պետք է ավելացնել այն բազմաթիվ սխալները, որոնք ամեն օր տեղ են գտնում բարեփոխումների իրականացման ժամանակ։

գ) Քաղաքացիական հասարակարգը ստեղծվում է դեմոկրատական ավանդույթների իսպառ բացակայության, ազգային սահմանափակ մտածողության, «տնային» գիտակցության պայմաններում։

դ) Անկախացումից հետո Հայաստանը դարձել է ինքնուրույն սուբյեկտ եւ պետք է գտնի իր տեղն ու դերը համաշխարհային գործընթացի շրջանակներում։

Մեր մոտեցումն այն է, որ այս չորս խնդիրներից առանցքայինը առաջինն է։ Առանց նոր արժեքային համակարգի հնարավոր չէ իրականացնել ո՛չ լիբերալ-տնտեսական բարեփոխումները, ո՛չ էլ պետականություն կամ դեմոկրատական հասարակարգ կառուցել։ Մեզանում տիրող անհանդուրժողական մթնոլորտը, կյանքի գրեթե բոլոր երեւույթների նկատմամբ համընդհանուր թերահավատությունը, մեղմ ասած, չեն խթանում այդ համակարգի ստեղծմանը։ Հասարակությունն ապրում է հին արժեքներով, միաժամանակ զգալով դրանց անպետքությունն ու սահմանափակությունը։ Սա է անցումային փուլի ամենաբնորոշ արտահայտությունը:

Եվ այսպես, ի՞նչ արժեքային համակարգեր են առկա մեր ներկա հասարակությունում եւ կարո՞ղ է արդյոք դրանցից որեւէ մեկը հիմք հանդիսանալ պետականության հաստատման ու դեմոկրատական հասարակարգի ստեղծման համար։ Դասակարգելով դրանք, կարող ենք նշել առնվազն երեք ուղղություններ. խորհրդահայ պահպանողական, դաշնակցական հեղափոխական եւ 88-ի Շարժման։

Պետք է ասել, որ այդ համակարգերի ներկայացուցիչները միմյանց հանդեպ խոր թշնամանք ու ատելություն են տածում, իրար մեղադրելով «ապազգային» լինելու մեջ։ Այսպես, դաշնակցականները կոմունիստների հետ միասին մեղադրում են Շարժմանը, որ այն փորձում է «ոչնչացնել հայ ժողովրդի մտածողության գենետիկական կոդը, կտրել ազգն իր պատմությունից եւ Հայ Դատն ու Ղարաբաղը զոհելու գնով բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»։

Նույնքան ծանր մեղադրանք են առաջ քաշում Շարժման գաղափարախոսները։ Մասնավորապես, նրանցից մեկի խոսքերով՝ «Հայ հեղափոխական դաշնակցությունը» «Союз русских революционеров»-ի պատճենավորումն է: Հետեւաբար, դաշնակները եւ նրանց արժեքային համակարգը արհեստականորեն ներմուծվեցին հայ ժողովրդի գիտակցության մեջ Ռուսաստանից ու Արեւմուտքից՝ մեծ ողբերգություններ բերելով մեր ժողովրդին։ Իսկ որպես հաստատում իրենց գաղափարների նշվում է, որ հայ ժողովրդի պատմության մեջ ամենամեծ ողբերգությունը հայերն ապրեցին 1895-ից մինչեւ 1920 թվականները, որի գագաթնակետը դարձավ 1915 թվականի ցեղասպանությունը։ Շարժումը միաժամանակ համաձայնվում է «ապազգային» դաշնակների հետ, երբ նրանք դատապարտում են հայ կոմունիստներին, որոնք «հանուն սոցիալիստական հեղափոխության զոհեցին հայկական հողերը»։

Եվ այլն, եւ այլն…

Կարճ ասած, այդ եռյակից ցանկացած երկուսը առիթ են գտնում խարազանելու երրորդին, միեւնույն ժամանակ գաղափարական անդունդ ունենալով միմյանց միջեւ։

Ապազգայնության մեջ իրար մեղադրելու մրցավազքը, մեր կարծիքով, տգիտության, թերզարգացածության եւ ավելին՝ թերարժեքության բարդույթի հետեւանք է։ Ժամանակակից աշխարհում միայն աֆրիկյան ցեղերի առաջնորդներն են, որ փորձում են մեկ այլ ցեղի վրա գերակայություն հաստատել նման մեղադրանքներով, ազգայինի տակ հասկանալով, որ պետության մեջ գերակայող դեր պիտի խաղան։ Կայացած երկրներում նման տերմինները օգտագործվում են բացառապես որպես դեմագոգիայի միջոց։ «Ազգայինի» պաթոսը հանդես է գալիս ազգի համար կրիտիկական պահին, երբ անհրաժեշտ է այս կամ այն խնդրի շուրջ համախմբել ողջ հասարակությանը։ Մինչդեռ այսօրվա Հայաստանում նման բանավեճի իրական բովանդակությունը հետեւյալն է. «Եթե ես ազգային արժեքներ կրող միակ գործիչն եմ, կամ կազմակերպությունը, իսկ իմ հակառակորդները ապազգային են, ուրեմն Աստված ի վերուստ ինձ է հանձնարարել իշխելու այս երկրին»։

Իրատես լինենք եւ խոստովանենք, որ ե՛ւ Շարժման, ե՛ւ խորհրդահայ պահպանողական, ե՛ւ դաշնակցահայ հեղափոխական արժեքային համակարգերն իրենց էությամբ ազգային են։ Երեքն էլ արտացոլում են հայ ժողովրդի էությունը, պահանջներն ու նպատակները տարբեր պատմական փուլերում։

19-20-րդ դարերի սահմանագծին մի շարք երկրներում պահպանողականությունն ամենուրեք պարտվում էր հեղափոխականությանը։ Քայքայվում էին հին բարքերը, առաջանում էր լյումպենական զանգվածը։ Այդ «միջանկյալ» մարդիկ պահանջում էին նոր գաղափարաբանական հենք՝ իրենց բողոքն արտահայտելու համար։ Բողոքն ուղղվեց հիմնականում ընդդեմ հարուստների ու այլազգիների։ Ընդդեմ հարուստների բողոքը ստացավ սոցիալիստական գաղափարական հենք, իսկ ընդդեմ այլազգիների՝ ազգայնական։ Գերնպատակը դարձավ «մեծ Հայրենիքը» իր «կենսական տարածքներով»։ Սակայն, քանի որ մեկ ազգի «մեծ Հայրենիքի» տարածքները հատվում էին այլ ազգերի «մեծ Հայրենիքների» տարածքներին, բնականաբար, մարդկությունը մտնում էր տոտալ պատերազմների փուլ։ Իսկ տնտեսական խոր ճգնաժամը, որը տիրում էր աշխարհում 20-րդ դարի առաջին կեսին, պետական իշխանություններին դրդում էր գտնել սեփական ժողովուրդների առջեւ արդարանալու ամենապարզ պատճառաբանությունը՝ «մեղավոր են այլազգիները»։

Ռուսական ու օսմանյան կայսրություններում համապատասխանաբար հրեաների հալածանքն ու հայերի զանգվածային կոտորածները պայմանավորված էին մասնավորապես այդ հանգամանքով: Այս պարագայում, 19-րդ դարի վերջում հայ մտավորականների մեջ առաջացավ այն գիտակցությունը, որ գալիք «ազգայնական աշխարհում» պահպանողական, «միլլեթական» գիտակցություն ունեցող հայ ժողովրդին վտանգ է սպառնում։ Պետք էր ինքնակազմավորվել, դիմակայելու համար ագրեսիվ ազգայնականությանը։ Դրա համար պետք էր հայ ժողովրդի մեջ ոչնչացնել «միլլեթական» մտածողության կոդը։ Եվ դաշնակներն իրենց վրա վերցրին այդ առաքելությունը։ Անշուշտ, դաշնակցական արժեքային համակարգը իր ձեւավորման փուլից սկսած (20-րդ դարի սկզբում ) ամենեւին հումանիստական չէր, ավելին, այն ուներ ընդգծված տոտալիտար բնույթ։ Սակայն այդպիսին էր այն ժամանակվա աշխարհը, եւ այդ իմաստով դա արդարացված էր։ Եթե հայ պահպանողական գաղափարաբանական հիմքում ընկած էին ընտանիքի, համայնքի գաղափարները, ապա դաշնակցական հայ հեղափոխական արժեքային համակարգի հիմքում ընկած էր Հայրենիքի գաղափարը։ Գրականության մեջ գագաթնային գործ էր համարվում Րաֆֆու «Սամվելը», որտեղ որդին հանուն Հայրենիքի սպանում է հորն ու մորը։ ԱՆշուշտ, սա հակադեմոկրատական, հակահումանիստական արժեքային համակարգ էր, եւ այստեղ Սամվելը ոչնչով չի տարբերվում ո՛չ Պավլիկ Մորոզովից, որը հանուն «սոցիալիստական Հայրենիքի» մատնում է հորը, ո՛չ էլ գերմանացի երիտասարդներից, որոնք մինչեւ ամուսնանալը ստուգում էին իրենց ընտրյալների «արիական ծագումը»։ Սակայն ընդունելով դաշնակցական արժեքային համակարգի՝ նման դաժան էությունը, պետք է նշել, որ դա միակ ձեւն էր համարվում 20-րդ դարի սկզբին՝ Ազգն ու Հայրենիքը փրկելու համար։

Երբ Խորհրդային Ռուսաստանը 1920-ին վերանվաճեց Հայաստանը, առանձնահատուկ դաժանությամբ սկսեց արմատախիլ անել դաշնակցական արժեքային համակարգը, փոխարինելով այն պահպանողական համակարգով։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ կոմունիստները, որոնք 1920-ին փոխարինեցին դաշնակներին, «ապազգային» ուժ էին։ Իհարկե ոչ։ Պարզապես դա էր իրականությունը. 1920-ին ռուս-թուրքական բախման հետեւանքով Անդրկովկասը մտավ «նոր Ռուսաստանի» մեջ եւ պետք էր ինչ-որ կերպ հարմարվել դրան։

70 տարի՝ խորհրդային ժամանակահատվածում, Հայաստանում գերակայում էր խորհրդային-պահպանողական- «միլլեթական» արժեքային համակարգը։ Հայ ժողովրդի եւ ռուսական իշխանության միջեւ որպես միջնորդ էին հանդես գալիս Հայաստանի կոմկուսն ու խորհրդահայ մտավորականությունը, փոխարինելով եկեղեցուն։ Խորհրդահայ պահպանողական «արժեքային համակարգի» հիմքում, բնականաբար, ընտանիքն ու հայկական ծագումն էր։ Չունենալով պետական ատրիբուտներ ու պետական գիտակցություն, վերահաստատվեցին հայ ժողովրդի համար հարազատ պահպանողական արժեքները ի դեմս հայկական ծագում ունեցող հայտնի մարդկանց՝ Արամ Խաչատրյանը երաժշտության մեջ, Վիկտոր Համբարձումյանը գիտության մեջ, մարշալ Բաղրամյանը՝ զինված ուժերում։ Այս ամենին գումարվեցին նաեւ մի քանի սիմվոլներ՝ էջմիածինը, Սեւանա լիճն իր թերակղզիով, Գառնի-Գեղարդը եւ Դիլիջանի սառը ջուրը։

Այդ խորհրդանիշները փոխարինում էին հպարտության ավելի իրական ու առարկայական գործոններին, որոնք կարող էին արտահայտվել միմիայն սեփական ազգային պետականության գոյության պայմաններում։ Ազգային թերարժեքության բարդույթը փոխհատուցվում էր օտար հայտնի դեմքերի մեջ հայկական ծագումի փնտրտուքով: Երբ աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը չէր ընդգծում իր հայկական ծագումը, դա ուղղակիորեն բուռն հակակասպարովյան ալիք բարձրացրեց խորհրդահայ պահպանողական մտավորական շրջանակներում։ Փառք Աստծո, գոնե այսօր ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասու մասին չեն խոսում։ Հուսանք, դա նախանշան է, որ մեր հասարակության գիտակցության մեջ ինչ-որ տեղաշարժ է եղել։

1965-ից սկսած հայաստանցիների պահպանողական գիտակցության մեջ սկսվեց դաշնակցական արժեքների ներարկում։ Թե ինչու բրեժնեւյան ռեժիմը թույլ տվեց «հողային պահանջատիրության» որոշ տարրեր, այլ հարց է։ Սակայն բնական էր, որ 1988-ին հայկական ազգային զարթոնքը կրում էր հիմնականում հողային պահանջատիրական բնույթ։ Սկզբում, այդ պահանջատիրությունը հիմնված էր պահպանողական «արժեքային համակարգի» վրա։ Հայ ժողովրդի ու ռուսական իշխանության միջեւ ընկած միջնորդ օղակը, ի դեմս հայ կոմկուսի ու խորհրդահայ մտավորականության, առաջինը փորձեց լուծել այս խնդիրը։ Սիլվա Կապուտիկյանն ու Զորի Բալայանը Գորբաչովի հետ հանդիպելուց հետո, հայ ժողովրդին հայտնեցին, որ «ամեն ինչ լավ կլինի»։ Սիլվա Կապուտիկյանը հայկական հեռուստատեսությամբ հատուկ նշեց, որ «Գորբաչովն ունի շատ հայ ընկերներ»։ Իսկ Զորի Բալայանը Թատերական հրապարակում մարդկանց խոստացավ, որ «Ղարաբաղի հետ միասին կլուծենք նաեւ Մուշի, Վանի եւ Էրզրումի խնդիրները»։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ «Գորբաչովն ավելի շատ ադրբեջանցներին է սիրում», (կամ, որ «նրա պապը թուրք է») իսկ խոստացած «Մուշի, Վանի ու Էրզրումի խնդիրները» սովորական հեքիաթներ էին։ 88-ի շարժումից պարզվեց, որ խորհրդահայ պահպանողական մտավորականությունը հիմնականում կատարել էր իր առաքելությունը հայ ժողովրդի առջեւ։ Հայ ժողովուրդը 88-ից դարձավ ակտիվ քաղաքական գործոն եւ պարզվեց, որ այդ դերի համար պետք չէին հին սիմվոլները՝ ոչ Պետրոս Առաջինի հայկական ծագում ունեցող հայրը, ոչ Ամերիկայի ղարաբաղցի-տիեզերագնացը, ոչ էլ «ծագումնաբանությամբ» զբաղվող գիտնականներն ու մտավորականները։

88-ից սկսած զանգվածների ապստամբությունը, սակայն, միայն դաշնակցական բնույթ չէր կրում։ Ավելի ճիշտ, այդ շարժումը սինթեզված ազգայնական-դեմոկրատական բնույթ ստացավ։ Դաշնակցական արժեքային համակարգի հիման վրա ստեղծվեցին զինված ջոկատները, իսկ դեմոկրատական նոր «արժեքները» օգտագործվում էին սոցիալական, հասարակական խնդիրներ լուծելու համար։

Ինչո՞ւ դաշնակցական կուսակցությունը, ոչ 88-ին, ոչ էլ 90-ից հետո, երբ վերադարձավ Հայաստան, չկարողացավ ղեկավարել ժողովրդական շարժումը։ 70 տարի գործելով Սփյուռքում, դաշնակցությունը ազգային-հեղափոխական կուսակցությունից վերածվեց հայապահպան կառույցի։ Բարդությունն այն էր, որ մի կողմից իր արմատներով դա հեղափոխական էություն ունեցող կուսակցություն էր, մյուս կողմից՝ Սփյուռքի առջեւ գտնվում էին բոլորովին այլ տիպի խնդիրներ, որոնց համար ոչ թե հեղափոխական, այլ պահպանողական մոտեցում էր անհրաժեշտ։ Այդ հակասական իրավիճակը բավականին հետաքրքիր ելք ունեցավ։ Դաշնակցությունը հեղափոխական կուսակցությունից դարձավ մի յուրահատուկ պահպանողական պատմամշակութային թանգարան, որտեղ որպես հավաքածու պահվում էին հեղափոխական, ազգային, սոցիալիստական արժեքներ: Կարո՞ղ էր արդյոք, այս հայապահպան թանգարանային տիպի կառույցը ղեկավարել Հայաստանում դեմոկրատական, եւ միաժամանակ, ազգայնական շարժումը: Կարծում եմ, որ կարող էր, եթե այն փոխեր թանգարանային կոնսերվացված էությունը։ Հակառակ դեպքում, խորին հարգանք տածելով այս կուսակցության հայապահպան գործունեության հանդեպ Սփյուռքում, պետք է նշել, որ այս կազմակերպությունը (հենց կազմակերպությունը, բայց ոչ արժեքային համակարգը) Հայաստանի ժողովրդի համար հասարակական տեսակետից ոչ մի արժեք չունի։ Հայաստանցիները

այն ընկալում են բացառապես որպես պատմական միֆ։

Ազգային-սոցիալիստական-հեղափոխական բնույթից դեպի սոցիալ-դեմոկրատական ժամանակակից կուսակցություն դառնալու անհրաժեշտ քայլը Դաշնակցությունը այդպես էլ չկատարեց։ Այլ կերպ ասած, Դաշնակցությունը հայ կոմկուսի ու հայ առաքելական եկեղեցու հետ միասին այսօր իրենից ներկայացնում է պատմամշակութային թանգարան, կոմկուսը՝ ի հիշատակ ԽՍՀՄ-ի, եկեղեցին՝ ի հիշատակ այն բանի, որ մենք քրիստոնյա ազգ ենք, Դաշնակցությունը՝ ի հիշատակ նրան, որ մենք 20-րդ դարի սկզբին ունեցել ենք հեղափոխական կազմակերպություն։ Ի տարբերություն կոմկուսի, դաշնակցությունն ու եկեղեցին մեծ դեր են կատարել սփյուռքում հայապահպանման գործում եւ այդ առումով իրենցից ներկայացնում են ազգային մնայուն արժեքներ։

Արժեքային համակարգի ստեղծման խնդիրն ընկավ Շարժման գաղափարախոսների վրա։ Սակայն ոչ առանձին վերցրած լիբերալ-դեմոկրատիան, ոչ էլ առավել եւս՝ պահպանողականությունը չեն կարող պետություն կառուցել։ Առանձին վերցրած դաշնակցական արժեքային համակարգի հիման վրա դա հնարավոր է անել։ Սակայն այդ դեպքում մենք կունենանք տոտալիտար կառուցվածք ունեցող, նեղմիտ ազգայնական պետություն՝ Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Իրաքի կամ Լիբիայի տիպի։

Հետեւաբար, ժամանակակից պետություն ստեղծելու համար եկել է սինթեզի ժամանակը։ Շարժումը, որն այսօր արդիական ուժ է, ոչ միայն չպիտի քանդի, ճնշի, ոչնչացնի կամ փնովի նախորդ (դաշնակցական եւ կոմունիստական) արժեքային համակարգերը, այլ փորձի իր մեջ ընդգրկել նրանց լավագույն, պետության համար պիտանի դրսեւորումները։ Անցյալը պետք է մարսել։

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930