Վերջին շաբաթների ընթացքում ռուսաստանյան քաղաքական գործիչները լուրջ քայլեր են ձեռնարկում ԱՊՀ հիման վրա «տնտեսապես եւ քաղաքականապես ինտեգրացված միավորում ստեղծելու ուղղությամբ, որը կարող է արժանի տեղ զբաղեցնել համաշխարհային հանրության մեջ»։ Նշված արտահայտությունը մեջբերում է մի փաստաթղթից, որը կոչվում է «Ռուսաստանի ռազմավարական կուրսը ԱՊՀ երկրների հետ»։
Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, այդ փաստաթուղթը, որն օրերս հաստատել է նախագահ Բորիս Ելցինը, մոտակա տարիների ընթացքում կդառնա Ռուսաստանի համադրույթը ԱՊՀ երկրների հետ նրա հարաբերություններում։ «Ստրատեգիական կուրսի» մեջ որոշված են Մոսկվայի հիմնական խնդիրները, հուսալի կայունության ապահովումը քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլ ոլորտներում, ԱՊՀ երկրներին, որպես Ռուսաստանի բարեկամ պետություններին, աջակցելը, Ռուսաստանի ամրակայումը որպես ետխորհրդային տարածության առաջատար երկրի եւ ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումը։
Միեւնույն ժամանակ, փաստաթղթում հատուկ տեղ է հատկացված «կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծմանը, որը պետք է հիմնված լինի 1992թ. մայիսի 15-ի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների միջեւ երկկողմանի պայմանագրերի վրա»։ Հաշվի առնելով նախագահ Ելցինի հայտարարությունը ետխորհրդային տարածքում Վարշավյան պայմանագրի նման կազմակերպության ստեղծման մասին, կարելի է ենթադրել, որ, Կրեմլի կարծիքով, ավելի սերտ ինտեգրացումը կսկսվի հենց ռազմական բլոկի ստեղծումից։
Սակայն հետաքրքիր է իմանալ, թե որքան հեռու է գնալու Մոսկվան իր այդ մտադրություններում։ Չէ՞ որ, ի վերջո, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդեն գոյություն ունեն սերտ դաշնակցային հարաբերություններ, որոնք Կրեմլը, ըստ երեւույթին, ուզում է մոդել դարձնել ԱՊՀ այլ երկրների հետ հարաբերություններում։ Այնպես որ, շատ հավանական է, որ նշված հայտարարությունները Հայաստանին առանձնապես չեն վերաբերում։
Կարդացեք նաև
Կարեն ԹՈՓՉՅԱՆ