Լրահոս
Օրվա լրահոսը

Միսաք Հովենց. «Աստծո շունչն է ճշմարիտ պոեզիան…»

Սեպտեմբեր 20,1995 13:05

– Ի՞նչ տեղ ունի գեղարվեստական գրականությունը Ձեր կյանքում։

– Այն էությունս սնուցողն է միակ եւ իմաստնություն պարգեւողն անձիս։

– Իսկ պոեզիա՞ն:

– Անշուշտ, շնչառությունս։

– Ի՞նչ է լեզուն պոեզիայի համար։

– Ինչպես գույները, երանգների համադրությունը եւ լույսն է կտավի համար, այնպես էլ մեր ճոխ ու ճկուն լեզուն է պոեզիայի համար։ Որքան հարուստ է բանաստեղծի բառաֆոնդն, այնքան համեմված ու շքեղահունչ է նրա լեզուն։

– Ինչո՞վ է չափվում բանաստեղծի մեծությունը:

– Բանաստեղծի մեծությունը պատկերավոր մտածողությունից, բանաստեղծական իդեալից ու տողի կառուցվածքից բացի չափվում է նաեւ նրա բառաշինությամբ։ Սեծ բանաստեղծն, հարկավ, նաեւ մեծ լեզվաշինարար է։

– Պոեզիան օգնո՞ւմ է մարդուն։

– Անշուշտ։ Երբ կարդում եմ Տերյան՝ մաքրվում, բարիանում եմ առավել։ Չարենցն ու Սիամանթոն, Վարուժանն առնական լիցք են հաղորդում էությանս։ Վեհանում, դառնում եմ Աստվածախոհ, երբ Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն եմ կարդում։

– Պոեզիան ոգեղե՞ն է:

– Աստծո շունչն Է ճշմարիտ պոեզիան։

– Նաեւ լուսեղե՞ն է:

– Պոեզիայի լույսը ոգեղենն է, ապրեցնողը, թրթիռներ ծնողը մթամած հոգում։

– Հավատո՞ւմ եք, որ կգա Ոգու սով։

– Մեր ժողովուրդը հացի սով շատ է տեսել, իսկ Ոգու սով… Աստված մի արասցե, կործանարար կլինի նրա համար։

– Բանաստեղծության երեւակայության ուժն ամենակարո՞ղ է:

– Այո։ Երեւակայության ուժը, ասել է թե բանաստեղծող ֆանտազիան, դեն է նետում կյանքի պատահական եւ կամայական պարագաները եւ առաջ է քաշում նրա ներքինն ու բնականը, ձեւավորում ու պատկերավորում է այն։

– Ստեղծագործելը հոգու պահա՞նջ է Ձեզ համար։

– Եթե ստեղծագործությունն արյան եռք է, սրտի հեւք եւ ուղեղի զարկ, ապա ստեղծագործելը պետք է հոգու պահանջ լինի։

– Այս դժվարին օրերին շարունակո՞ւմ եք նույն ոգեւորությամբ ստեղծագործել

– Ես երբեք էլ հեշտին օր չեմ ունեցել։

– Գիտեմ, որ հրատարակել եք «Ոգու հիշողություն» բանաստեղծությունների եւ չափածո դրամատիկական պոեմների ժողովածուն։ Արդյո՞ք շարունակություն ունենալու է այն։

– Այո։ Հաջորդը լինելու է «Մենավոր կղզի» խորագիրը կրող բանաստեղծություններիս ժողովածուն, որը կլինի թվով իմ 8-րդ գիրքը։

– Հրատարակման համար սպասո՞ւմ եք որեւէ հովանավորի:

– Քավ լիցի, հիմա Մանթաշով չկա…

– Հույսը հավատի խաչեղբա՞յրն է:

– Հույսը ոչ միայն խաչեղբայրն է հավատի, այլ նաեւ նրա զուգածինն է։

-Կարելի է անհույս ապրել։

– Անհույս ապրելն ինքնին ավարտված ողբերգություն է։

– Դուք հավատացյա՞լ եք:

– Հավատում եմ նախախնամությանը։ Հավատում եմ Մարդուն եւ Հայկ Նահապետի ցեղի հավերժությանը։

– Կարոտը Հայի անբաժան ուղեկի՞ցն է:

– Հայի մեջ Մասիսված կրակն է Կարոտը։

– Ո՞րն է ճանապարհի խորհուրդը։

– Մեր ազգին դեպի մեզնից խլված հողերը տանելն է…

– Գիտեմ, որ մասնակցում էիք Ազգային ժողովի ընտրապայքարին։ Դուք Ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք։

– Ինձ ազգային գործիչ եմ համարում։

– Ինչո՞վ է տարբերվում քաղաքական գործիչը ազգային գործչից:

– Այսօր դիվանագիտում է թե ազգային գործիչը եւ թե քաղաքականը։ Սակայն մի տարբերությամբ քաղաքական գործիչը դիվանագիտում է իր դիրքի ու կեցության, իսկ ազգայինը՝ ազգի բարօրության համար…

Հարցազրույցը վարեց Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930