Երեկ Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում կայացավ ՀՌԱԿ արտահերթ 5-րդ համագումարը, որի կազմակերպումն ընթացավ թեժ փոխվտարումների, կանոնադրաիրավական սրամարտում, որտեղ ընդվզող կողմի պահվածքը բավական հարձակողական էր: Ութ օր պահանջվեց Հանրապետական վարչությանը այս պաշտպանիչ համագումարը նախաձեռնելու եւ հրավիրելու համար։ Ժամանակի սակավությունը, սակայն, չանդրադարձավ կազմակերպական մթնոլորտի վրա, բնութագրական էր լոկ
լրագրողներից խուսանավելը։ 12.30-ին իրենց ներկայությունն արդեն ամրագրել էին 29 ակումբներից եկած 120 պատգամավորները (ՀՌԱԿ ակումբների ընդհանուր թիվը 36 է. բացակայում էին Երեւանի
Արաբկիր, Էրեբունի, Մաշտոց, Սպանդարյան շրջաններից որոշ ակումբներ եւ Արտաշատինը): Գործարար արագությամբ կազմվեցին նախագահությունը
(5 հոգի), խմբագրական, մանդատային հանձնաժողովները (3-ական հոգի): Պատգամավորների ձեռքերում հայտնվեցին մանդատները եւ ուխտի թերթիկները, վերջինս պարտավորեցնում էր յուրաքանչյուրին երդվել պատվով. «Հանուն Հայրենիքիս եւ ազգիս՝ բարեխղճորեն քննել ու դատել օրակարգի բոլոր հարցերը, վիճաբանություններն ու ընդունված որոշումները»։
Շրջաններից եկած պատգամավորները այնքան էլ քաջատեղյակ չէին ներկուսակցական տարաձայնություններին՝ ընդամենը թերթերից կարդացված հատվածական նյութեր: Նրանք լրջորեն ակնկալում էին ըմբոստացող կողմի ձայնը լսել. Արմավիրի ակումբի պատգամավոր Հենրիկ Խաչատրյանը փաստեց. «Ես դեռ գաղափար չեմ կազմել, թե ինչն է խիստ հակադրության պատճառը, գուցե ինչ-որ բան կա. որի մասին պետք է իմանալ՝ դատելու համար։ Ճիշտը, արդարը պարզ դարձնելու նպատակով նրանց ներկայացուցիչը պիտի լիներ, մի կողմը կարդալ, մյուսին չլսել այնքան էլ տրամաբանական չէ»։
Ըմբոստացողները, սակայն, անտեսեցին սկզբնական կազմակերպությունների այս կամք-ցանկությունը. պատգամավոր ընտրված Գ. Փիրումյանը եւ Ա. Թորոսյանը այդպես էլ չեկան, թեեւ նրանց ակումբի մյուս անդամները ներկա էին, իսկ Գ. Օհանյանը եւ Կ. Կոստանդյանը, որոնց եւս հնարավորություն էր ընձեռվել արտահայտվելու ռամկավարական մեծ լսարանի առջեւ, ոչ
միայն անձամբ, այլեւ ակումբներով հանդերձ, չժամանեցին։ Շ. Աղաբեկյանը ստեղծված իրավիճակը բնորոշեց իբրեւ մտահոգիչ. «Կուսակցությունը լուրջ խնդիրներ ունի, նոր կարգավիճակը (ոչ խորհրդարանական կուսակցության)
պահանջում է նոր վարքագիծ, ուժերի բեւեռացում, դարձ դեպի սկզբնական կազմակերպությունները, դրա փոխարեն մենք տիվ ու գիշեր զբաղված ենք պարզաբանումներով»։
Արմավիրի ակումբի ատենապետի՝ Չ. Մարգարյանի առավել լավատեսական համոզմամբ՝ մտահոգություն չկա. կուսակցությունը միշտ առողջ է մտածում, ժողովրդի պես:
ՀՌԱԿ ՀՎ ատենապետ Ռուբեն Միզախանյանը հայտարարեց օրակարգը. ա)ՀՌԱԿ խնդիրները եւ քաղաքական իրադրությունը եւ բ)ընտրություններ երեք մարմիններում ՀՎ. Կարգապահական ատյան, Հաշվեքննիչ հանձնաժողով։ Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հաղորդումը վերապահված էր ՀՎ ատենապետին, խոսքի առանցքը կուսակցության խախտված կենսագործունեությունն էր, պատճառը ընդվզող կողմի մեղադրանքներն են՝ ԱԺ ընտրությունների արդյունքից ծնված: Որոշ ընկերների եւ պարոնների համոզմամբ՝ ՀՌԱԿ խորհրդարանական անհաջողության պատճառը ազդեցիկ միավորման մաս չկազմելն էր, սակայն ԱԺ ընտրությունները, Ռ. Միրզախանյանի կարծիքով, չեն արտացոլում ժողովրդի իրական վերաբերմունքը դեպ կուսակցությունը։ Զեղծարարության, կեղծիքի չափաբաժինը ակնկալվածից գերավելին եղավ։ Միավորումը ընդամենը կշոյեր կուսակցության որոշ անդամների ինքնասիրությունը: ՀՌԱԿ-ի համար խորհրդարանը, հարկավ, կարեւոր ամբիոն է, բայց ոչ միակ խաղադաշտը։ Օրվա խնդիրն է դարձը դեպի ժողովուրդը, նրա ընկերային-տնտեսական կարիքները, ճանապարհը՝ ռամկավարական մամուլի զորացումը, շարքերի համախմբումը. «Ազգը», «Պայքարը, եւ ստեղծվելիք զանգվածային լրատվության այլ միջոցները դառնալու են որդեգրված նոր մարտավարության հիմքը։ Ընկերային խնդիրների վրա բեւեռվելը պատահական չէ, ազատականության կայացման չափանիշը ժողովրդի բարեկեցությունն է: Ներկուսակցական զարգացումներն անխուսափելի են եւ դրական, բայց դրանց հիմքում չպետք է լինեն կեղծիքը եւ բռնի ուժը։ Ռ. Պետրոսյանի եւ նրա համախոհների գործունեությունը բնորոշվեց իբրեւ «ահաբեկչական»։ Այսօր արդեն ՀՌԱԿ ՀՎ գրասենյակում հայտնվել են եռատյան վերահսկողներ՝ Արդարադատության նախարարություն, Դատախազություն, Հարկային տեսչություն։ Թեեւ դա չի վախեցնում ռամկավարներին, իրենց գործելակերպը մշտապես խարսխվել է օրենքների վրա: Հակառակ կողմի շարքերում ի հայտ է եկել «սարսափելի հիվանդության» ախտանիշը. «ՀՀ ցանկացած քաղաքացու դիտարկել նախ իբրեւ հանցագործ, ապա իբրեւ քաղաքացի՝ ելնելով սեփական օրինակից»։ Պրն Միրզախանյանը վկայեց իր վճռականությունը՝ դատական պատասխանատվության կոչելու ողջ կուսակցության պատիվը ոտնահարող անձանց։
Այնուհետ կարճատեւ հաղորդումներով հանդես եկան Ա. Թադեւոսյանը (Կանոնադրական ատյան) եւ Ա. Ստեփանյանը (Հաշվեքննիչ հանձնաժողով), վերջինս նշեց կանոնադրական խախտում գործած Հ. Առաքելյանի կողմից 17803 դրամ աշխատավարձի վերադարձը կուսակցական դրամարկղ։ Ընդմիջումից հետո սկսվեց ՀՌԱԿ 5-րդ ՊԺ-ի բանաձեւի նախագծի քննարկումը, որն ընդունվեց միաձայն՝ մեկ շտկմամբ՝ խստագույնս գնահատական տալ «ընդդիմադիրներին»։ Ապա առաջադրվեցին երեք ատյանների անդամների թեկնածությունները։ 103 պատգամավորներ հավաստեցին իրենց կամքը (արմենական ուսանողները ընդմիջումից հետո ընտրություններին գերադասեցին աշխարհիկ վայելքները): Ռուբեն Միրզախանյանը 100 կողմ, 3 դեմով ընտրվեց ՀՎ անդամ։ Համագումարն ավարտվեց նորընտիր ՀՎ-ի երդման արարողությամբ, իսկ ամենավերջում նորընտիր ՀՎ-ն գումարեց իր անդրանիկ կարճատեւ նիստը, որտեղ միաձայն ատենապետ ընտրվեց Ռուբեն Միրզախանյանը: ՀՌԱԿ-ը լծվում է աշխատանքի:
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ