Գիտության մեջ եւ արվեստում լինում են չհասկացված հանճարներ, անհատներ, որոնց գործը նշանակություն է ձեռք բերում տասնամյակներ կամ նույնիսկ դարեր հետո։ Հասարակական հարաբերությունները ավելի օբյեկտիվ բնույթ ունեն. քեզ հետ հաշվի են նստում ճիշտ այն չափով, որով դու կշիռ ունես եւ կարող ես ազդել իրադարձությունների վրա։ Զուտ քաղաքական տեսակետից (մի կողմ թողնելով իրավական, բարոյական, պատմական եւ այլ խնդիրները) իշխանություններ-Դաշնակցություն հարաբերությունները տեղավորվում են այդ սխեմայի մեջ։
Աոաջինները պնդում են, որ բոլոր կուսակցությունները Հայաստանում հավասար են եւ պետք է ընդունեն պետության կողմից թելադրված խաղի կանոնները։
Երկրորդը ջանում է հաստատել, որ իր արժանիքների շնորհիվ տվյալ կուսակցությունը կարող է այդ կանոններին չենթարկվել, եւ բացառիկ (իր կարծիքով, իհարկե, միայն դրական) դեր խաղալով հայոց պատմության մեջ, պետք է ունենա այդ դերին համապատասխան կարգավիճակ։
Առաջինի մոտեցումը ամրապնդվում է Հայաստանի Հանրապետությունում հզոր, արդեն ձեւավորված պետական մեքենայի առկայությամբ։
Կարդացեք նաև
Երկրորդի հավակնությունները չեն ամրապնդվում ոչ հասարակական կարծիքով Հայաստանի ներսում, ոչ էլ նույնիսկ Սփյուռքի կուսակցական կառույցների գործուն աջակցությամբ։
Այս պայմաններում ՀՅԴ-ի հայաստանյան մասնաճյուղի առջեւ օբյեկտիվորեն կանգնած է մի պարզ երկընտրանք. կամ ենթարկվել, առանձնանալ եւ դառնալ սովորական հայաստանյան կուսակցություն, կամ էլ հեռանալ։
Հետաքրքիր է, որ առ այսօր ընտրվում է «միջանկյալ» տարբերակ։ Օրինակ, դիմել իշխանություններին՝ Հայաստանում Ընդհանուր ժողով թույլատրելու խնդրանքով։ Պատասխանը, կարծում եմ, նախօրոք հայտնի է դիմողներին։ Սակայն դժվար չէ նաեւ կռահել ՀՅԴ-ի ղեկավարների կեցվածքը մերժում ստանալուց հետո. «Մենք ուզում էինք համապատասխանեցնել մեր գործունեությունը Հայաստանի օրենքներին, բայց մեզ չթողեցին»։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե Ընդհանուր ժողովի նպատակը դա է, ապա այդ շնորհակալ գործը կարելի է կատարել, ասենք, Աթենքում։
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ