Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրապայքարի ռուսական տարբերակը

Սեպտեմբեր 19,1995 17:02

Վերջին օրերին ռուսական մամուլի ու հեռուստատեսության ուշադրությունը կենտրոնացած էր սեպտեմբերի 9-ին Պետդումայում տեղի ունեցած միջադեպին։ Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են, սակայն կադրերը, որ ցուցադրում էին, մեկնաբանությունների կարիք չունեին։ Քաղաքակիրթ Ռուսաստանը հասավ պառլամենտարիզմի նոր մակարդակի։ Ներխորհրդարանական բանավեճերը վերածվեցին խմբակային ձեռնամարտի, որտեղ հակամարտ կողմերից էին՝ աջ ծայրահեղ կուսակցության ղեկավարը, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատիայի հայրը, հոգեւորականը, «Նոր ռեգիոնալ քաղաքականություն» խմբակցության ներկայացուցիչը։ Պառլամենտական աշխատանքի տարիներին հակամարտող կողմերը բոլորն էլ աչքի են ընկել անհանդուրժողականությամբ, ծայրահեղ սկզբունքայնությամբ, եւ ձեռնամարտը նրանց միջեւ, այդ դահլիճում, ինչ-որ տեղ տրամաբանական էր։ Ամենավտանգավոր կողմը հակամարտության 5 րոպեների ընթացքում, ինչպես նաեւ դրանից առաջ ու հետո, անտարբեր նստած դահլիճն էր, որը «համապետական» շահերից ելնելով չնկատեց երեւույթը, եւ ոչ էլ նրա պատճառները։ Դրա ապացույցը հաջորդ նիստերին ցուցաբերած սառնասրտությունն ու անտարբերությունը չէ։ Զարմանալի չէ նաեւ, որ իրենց ձայնը չբարձրացրին ֆրակցիաները, որոնց ներկայացուցիչներն էին տուժողները, լռեց «Ռուսաստանի կանայք» ֆրակցիան։ Իրենց ղեկավարի գործունեությունը փառահեղ արդարացրեց լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ապացույցը ներքաղաքական վիճակն է, որ տիրում է Ռուսաստանի Դաշնությունում։

Միջադեպը վերլուծելով, քաղաքական մեկնաբանները դա անմիջականորեն կապում են շուտով Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Ներկայիս պառլամենտի գործունեությունը ավարտվում է, իսկ գալիք ընտրությունները դժվար են լինելու։ Նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ հեռուստագովազդը Ռուսաստանում վճռորոշ գործոն է։ Այս առումով սեպտեմբերի 9-ի միջադեպը մեծ հնարավորություն էր ընձեռում ցուցադրվելու համար՝ ցուցադրվել ուժեղի, իշխողի դերում։ Սակայն դա հնարավորություն էր ցուցադրելու բոլորին՝ շատերին իրենց բնական դիրքերում։ Երեւույթը առավել ճշգրիտ նկարագրել է «Իզվեստիա» թերթի մեկնաբանը. «Ինձ պատել է այն զգացումը, որ սա մի դրվագ էր հնարավոր ապագայից։ Որպես նախազգուշացում, որպես ժամանակին հնչած զգուշավորության եւ խելամտության կոչ։ Իշխանությունը կարող է լինել տարբեր՝ դեմոկրատական, կոմունիստական, լիբերալ, բայց այն չի կարող լինել վտանգավոր»։

Այս վերջին նախադասության հիման վրա զուգահեռ անցկացնենք Ռուսաստանի եւ Հայաստանի նախընտրական արշավների միջեւ։ Գավազդ, ցուցադրում, հերոսի կերպար անհրաժեշտ են բոլոր պետություններին։ Հայաստանի Հանրապետությունում իր ժամանակը սպառող պառլամենտում իրար չծեծեցին, մենամարտ չսարքեցին։ Իրեն զգացնել տվեց ազգային հոգեբանությունը։ Ռուս քաղաքական գործչի ամպլուան անհատականությունն է, մեզ մոտ՝ զանգվածների վրա իշխանություն ունենալը։ Գիտակցելով այս տարբերությունը, մեծ նմանություն է նկատվում այս միջադեպի եւ նախընտրական արշավի օրերին Հայաստանում կատարվող քայլերի միջեւ։

ա. Նախագահական նստավայրի չհիմնավորված շրջափակումը, հնչող կոչերը այն գրավելու մասին, որից առավել սարսափում էին կոչերի հեղինակները։

բ. Բառապաշարի աղքատությունը իշխանություններին ուղղված ելույթներում։ Եվ վերջապես հունիսի 21-ը, որը նախընտրական խաբկանքի վերջին ակորդն էր։ Այդ օրը ընդդիմության ղեկավարները մի քանի րոպեով եկան «իշխանության» ու առաջնորդեցին ժողովրդին (մի քանի հազար մարդ) Ազատության հրապարակ՝ առճակատման, իսկ այնտեղ, անձնական նախասիրություններից ելնելով, ինչ-որ մեկը հրամայեց կրակել…

Արդյունքում եղավ հուլիսի 5-ը, որի հետեւանքով ունեցանք համախոհների Ազգային ժողով, որտեղ ամեն ինչ հանգիստ է, առանց վեճերի, ու որտեղ երբեք անցանկալի միջադեպեր չեն լինելու:

Արդյունքում խուսափեցինք ռուսական դրամայից, մշակեցինք պառլամենտարիզմի նոր, հայկական մեկնաբանումը։

Իսկապես ոչ մեկի անունը տալ պետք չէ, բայց ինչ-որ տեղ մի բան սխալ է։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930