Երեկ ՀՀ Գերագույն դատարանում հրապարակվեց ադրբեջանցի զինվորական Էլչին Ջաֆարովի դատավճիռը։ Մինչ այդ, նա, չհրաժարվելով հանդերձ վերջին խոսքից, որեւէ բան չունեցավ ասելու եւ ամեն ինչ թողեց դատարանի հայեցողությանը։
Նշելով, որ գործով անցնող նյութերով հաստատված է Էլչին Ջաֆարովի կողմից Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում չորս հայ կանանց սպանություն իրականացնելու փաստը, ինչպես նաեւ գնահատելով հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիան (նախագահ՝ Ղուկասյան, ատենակալներ՝ Թադեւոսյան, Նուրիմանյան) հիմք ընդունելով ՀՀ Քրեական օրենսգրքի 75 հոդվածի աոաջին մասը եւ 99 հոդվածի չորրորդ եւ վեցերորդ կետերը, Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի տարածքում տեղակայված թիվ 753 զորամասի զինծառայող Էլչին Ջաֆարովին (ծնված 1973թ. Բաքվում), կատարած հանցագործության համար, որոշեց պատժել ՀՀ Քրեական օրենսգրքի 22 հոդվածով նախատեսված բացառիկ պատժամիջոցով՝ մահապատժով։ Վճիռը կարող է գանգատարկվել եւ բողոքարկվել ՀՀ Գերագույն դատարանի նախագահությանը՝ 7-օրյա ժամկետում։
Մեր այն հարցին՝ եթե հանցագործը հարազատներ չունի Հայաստանում, ո՞վ կարող է անել դա, դատական կոլեգիայի նախագահ Զինավառ Ղուկասյանը պատասխանեց, որ ինքը՝ ամբաստանյալը նման իրավունքից զրկված չէ, ինչպես նաեւ նման նախաձեռնություն կարող է հանդես բերել ՀՀ դատախազությունը։
…Երբ Էլչին Ջաֆարովի համար թարգմանվում էր դատավճիռը, վերջինիս դեմքին մեկ մկան իսկ չշարժվեց։ Հավանաբար, վաղուց էր գլխի ընկել, թե իր կատարածի համար ինչ պատժի է արժանի…
Ա. Զ.