Լրահոս
Օրվա լրահոսը

Ռե-ֆորմ

Սեպտեմբեր 16,1995 17:43

Դպրոցներում հերթական անգամ հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով ոչ միայն նոր ուսումնական տարվա սկիզբը, այլեւ կրթական համակարգում սրընթացորեն իրականացվող ռեֆորմների ավարտը։ «Բլեյանական» ռեֆորմի առաջին քայլերին հուզախառն արձագանքած մամուլն ու լրատվական միջոցները, փաստելով, որ մեր իրականության մեջ գործի բովանդակային, խորքային ուսումնասիրության փոխարեն իսկապես «գրանցվել» է միայն խոսակցություններ վարելու բարի ավանդույթը։ Իսկ խոսակցությունների, ելույթների, խոսքերի եւ բաժակաճառերի մեջ, կարծես թե, տարբերություն չկա։ Կփորձենք ուրեմն անդրադառնալ ոչ թե կրթական համակարգի հիմնահարցերին, այլ դրանց լուծմանը ուղղված գործողությունների ընթացքին ու ճակատագրին։ Գործողություն, որ սկսվեց որպես ռեֆորմ, բայց, ավարտվեց որպես սոսկ ֆորմա, եւ որքան աղմկահարույց էր սկիզբը, այնքան անկենդան էր վերջը։

Կարծես թե անցյալ տարի բոլորի կողմից վերջնականապես ընդունվեց, որ կրթական համակարգում տարեցտարի ձգձգվող ճգնաժամը այնքան է խորացել, որ անհապաղ կտրուկ բարեփոխումների կարիք է զգացվում։ Դա արտահայտվեց ոչ միայն կրթության բովանդակության վերափոխման

անհրաժեշտությամբ, այլեւ ուսուցիչների սոցիալական անմխիթար վիճակով, որն, ի վերջո, հանգեցրեց մասսայական գործադուլների, եւ սեղանին դրվեց հրատապ լուծում պահանջող խնդիրների մի ամբողջ փաթեթ։ Իրավիճակը թելադրում էր շտապ մշակել գործողությունների ծրագիր, դրա շուրջ համաձայնության գալ դպրոցական, ուսուցչական լսարաններում, որից հետո ծրագիրը տեղափոխել իշխանական կառուցվածք՝ համապատասխան վճիռներ

ստանալու եւ իրագործելու նպատակով։ Եվ ինչպես հայերը ժամանակին լուրջ ընդունեցին «Պերեստրոյկան», այնպես էլ Ա. Բլեյանը լուրջ ընդունեց ռեֆորմ իրականացնելու հնարավորությունը։

Տենդագին նախապատրաստական աշխատանքներին հետեւեցին բազմաթիվ հանդիպումներ՝ հանրապետության ուսուցչական կոլեկտիվների հետ։ Առաջին հերթին կարեւորվեց կրթության բովանդակության բարեփոխման հարցը։ Այն սովորաբար կապում են ուսուցիչ փոխելու հետ, բայց 60-70 հազար ուսուցիչ չես փոխի։ Ուսուցչի վերապատրաստման դեպքում ծագում է մանկավարժական բուհի դասախոսներին վերապատրաստելու խնդիրը, եւ շղթան փակվում է։ Որոշվեց բովանդակային բարեփոխումները կատարել նոր դասագրքերի միջոցով։ Այսինքն՝ նյութականացվում, առարկայացվում է կրթության նոր բովանդակությունը, որի յուրացումը պարտադրվում է ոչ միայն երեխային, այլեւ ուսուցչին։ Շատ արագ գտնվեց եւ դասագրքերի հրատարակման ամենաարդյունավետ ձեւը։ Չկապելով այն բյուջեի հետ, միանգամից կապ հաստատվեց բաժանորդ-աշակերտի հետ, ստեղծվեց հնարավորություն, երբ միանգամից 3-4 հրատարակչություն անմիջականորեն մասնակցեցին ձեռագրերի մշակմանն ու հրատարակմանը։ Հավանաբար, իմաստ չկա մանրամասնելու արված յուրաքանչյուր քայլ ու գործ, բայց անհրաժեշտ է նշել, որ մի քանի ամսվա ընթացքում իսկապես տիտանական աշխատանք կատարվեց (ինչը խորթ է մեզանից շատերին):

Սակայն հենց այդ մեխանիզմի պտուտակները սկսեցին աշխատել, արդյունք տալ, պարզվեց, որ շատ մարդիկ խնդրին լուրջ չեն մոտեցել, չեն պատկերացրել, որ այդ ամենը այդքան արագ կարելի էր կատարել, որ դեռ պետք է խոսել, քննարկել…

Եվ ի վերջո, ամենավերջին պահին, եթե ոչ ժխտվեց, ապա արգելակվեց բարեփոխումների ընթացքը, բայց այդ ամենը լուսնի վրա չէր իրագործվում, եւ եթե միջամտելու հարկ կար, այն պետք է արվեր տեղին ու ժամանակին։ Մի խոսքով, ամեն ինչ կարգին է եւ իրար խառնվելու, փոփոխություններ կատարելու կարիք բնավ չկա։ Բայց հարկ է ընդունել, որ խաթարված ռեֆորմի դասերը ոչ միայն ուսանելի, այլեւ մտահոգիչ են։ Առաջին անգամ, չսպասելով, որ ինչ-որ մեկը կլուծի բոլոր հարցերն ու կկատարի բոլորի պահանջները, մանավանդ, որ դրա հնարավորությունը գործնականում բացակայում է, շատ ակտիվորեն փորձ արվեց ռեֆորմ իրականացնել ներքեւից՝ գործընթացին մասնակից դարձնելով բոլոր շահագրգիռ խավերին։ Բայց պարզվեց, որ կարեւորը ոչ թե հասարակության կամ նույնիսկ պատմական ժամանակաշրջանի պահանջներն են, այլ բարեփոխումները կամ բարեփոխումների այդ տարբերակը ընդունող մասնագետների կարծիքները։

Դեռեւս չի հասունացել «ներքեւից» գործողություններ սկսելու ժամանակը, դեռեւս դրանք պետք է սկիզբ առնեն, ուղեկցվեն անհրաժեշտ հրահանգներով ու ցուցումներով, եւ, անկեղծ ասած, մեզանից շատերը դեռեւս ընդունում են վերջին տարբերակը, որովհետեւ առաջինը քիչ թե շատ ակտիվություն է պահանջում։ Դեռեւս մենք ռեֆորմն ընկալում ենք որպես ձեւի փոփոխություն, սահմանազատելով այն՝ բովանդակությունից։ Փաստորեն կրթական համակարգում կատարվեցին միայն կառուցվածքային փոփոխություններ, ճշգրտվեցին պաշտոնները, այս կամ այն կառույցի իրավասությունների շրջանակները, դասավանդման վճարովի եւ անվճար առարկաներն ու դասաժամերը եւ՝ վե՛րջ։ Բայց դա ռեֆորմ չէ։

Հրաչ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930