Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը ակտիվանում է Անդրկովկասում

Սեպտեմբեր 16,1995 17:31

Աշխատանքային այցով, ինչպես արդեն հաղորդվել է մամուլում, Բաքու էր ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիի ներկայացուցիչ Ալդո Այելոն։ Անցած օրը նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին, իսկ մինչ այդ առանձնազրույց է ունեցել նաեւ արտգործնախարար Հասան Հասանովի հետ։ Ըստ նախնական տեղեկատվության, Ալդո Այելոն պետք է այցելի նաեւ Հայաստան ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ իր այցելության տվյալների հիման վրա հաշվետվություն ներկայացնի Բուտրոս Ղալիին։

Հեյդար Ալիեւի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը առանձնակիորեն կարեւորելով ՄԱԿ-ի դերը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, միաժամանակ նշել է, որ առայսօր իրագործված չեն ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձեւերը։ Ինչպես ադրբեջանական աղբյուրներն են ձեւակերպում, նշյալ 4 փաստաթղթերում էլ պահանջվում է «հայկական զավթիչ ուժերը դուրս բերել ադրբեջանական գրավյալ տարածքներից»։ ՄԱԿ-ի մակարդակից տեղափոխվելով ԵԱՀԿ հարթություն, Ադրբեջանի նախագահը Բուտրոս Ղալիի օգնականին ասել է, որ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող բանակցությունները, վերջին հաշվով, պետք է հանգեցնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը եւ նրա սահմանների անխախտելիությանը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, Ալդո Այելոն, իր հերթին, Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ԱԽ ընդունած փաստաթղթերը կյանքի չեն կոչվում միմիայն դրանց իրականացման մեխանիզմների բացակայության պատճառով։ Նրա խոսքերով, այդ հռչակագրերը, հիմնականում, դեկլարատիվ բնույթ են կրում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է նաեւ, որ ինքը մասնակցել է հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան փուլին եւ իր կարծիքով, արդեն իսկ կարելի է խոսել հակամարտության կարգավորման գործում նկատելի առաջընթացի մասին։

Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ առաջընթացի մասին են խոսում նաեւ ադրբեջանական եւ ռուսաստանյան շրջանակները։ Ադրբեջանական պաշտոնական մամուլը, վկայակոչելով հանրապետության ԱԳՆ աղբյուրները, հաջողություն է համարում «ադրբեջանական գրավյալ Շուշի եւ Լաչին քաղաքների հարցը բանակցությունների օրակարգ մտցնելը»։ Սակայն, Բաքվում անգամ կասկածանքով են վերաբերում այդ տեղեկատվությանը եւ նշում, որ այն ենթակա է ճշգրտման։

Միեւնույն ժամանակ, Բաքվի անկախ քաղաքական դիտորդները այն կարծիքին են, որ բանակցություններում արձանագրվելիք առաջընթացի մասին խոսելը դեռեւս վաղաժամ է, քանզի խնդիրը դիտարկում են նավթային հիմնահարցի հետ ուղիղ կապի մեջ։ Նրանց կարծիքով, նկատելի առաջընթաց կարելի է սպասել միայն այն ժամանակ, երբ վերջնականապես կլուծվի Արեւմուտք առաքվելիք ադրբեջանական նավթի ուղու հարցը։ Ինչպես հայտնի է, այժմ ակտիվորեն քննարկվում է երկու տարբերակ, հյուսիսայինը՝ Ռուսաստանի տարածքով եւ արեւմտյանը, որը Վրաստանով անցնելու է Թուրքիա։ Առաջնային նավթի ուղու մասին, ինչպես հայտնի է, վերջնական վճիռ է ընդունվելու հոկտեմբերի առաջին տասնօրյակում։ Նավթային փորձագետներն այն կարծիքին են, որ վաղ նավթը կանցնի Ռուսաստանի տարածքով եւ միայն դրանից հետո Բաքուն Մոսկվայի կողմից կարող է պատասխան քայլեր ակնկալել։

Նոր քամիները, ինչպես ադրբեջանցի դիտորդներն են նշում, կարող են փչել արդեն իսկ հայ-ադրբեջանական բանակցությունների առաջիկա փուլում, որոնք նույնպես տեղի են ունենալու հոկտեմբերի առաջին տասնօրյակում, Հելսինկիում։

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930