– Որտե՞ղ կարելի է փնտրել Ձեր պոեզիայի արմատները։
– Արագածի լանջին թառած իմ ծննդավայրում (Հնաբերդ), նրան շրջապատող սար ու ձորերում, մեր ավանդույթներում եւ գրականության մեջ։
– Հավատո՞ւմ եք ոգու սովին:
– Չեմ հավատում։ Մարդկությունը միշտ էլ ուժ ու հնար կգտնի իր մեջ իրեն սպառնացող նաեւ այդ մահվան դեմն առնելու։
– Ո՞րն է Աստվածային ստեղծագործությունը:
– Աստվածային ստեղծագործությունն այն է, ինչ հանճարեղ ենք կոչում, այն, որի մեջ Աստծո շունչը կա։
– Որեւէ ստեղծագործություն նվիրե՞ լ եք Աստծուն։
– Ամեն մի ստեղծագործություն միաժամանակ (եւ առաջին հերթին) նվիրում է Աստծուն։ Բայց կան եւ անմիջական նվիրումներ։ 88-ին փորձեցի ինքս էլ խոսք ասել Աստծուն…
– Ո՞րն է Արարատ լեռան խորհուրդը։
– Մարդկության փրկությունը եւ հավերժության գաղափարը: Հայերիս համար՝ նաեւ ազգապահպանության մագնիս, խարիսխ լինելը՝ անկախ մարդկանց կողմից գծված ու փոփոխական ժամանակավոր սահմաններից։
– Որտե՞ղ են թաքնված Արցախյան գոյամարտի ոգու արմատները։
– Մեր ժողովրդի (նրա պատմության, ներկայի, երազանքների) մեջ:
– Արցախն Ավարա՞յր է:
– Արցախն Արցախ է։ Սարդարապատը՝ Սարդարապատ, Զեյթունը՝ Զեյթուն, Ավարայրն՝ Ավարայր… Եվ լավ է, որ Ավարայրը միայնակ չէ։ Ամեն մեկն իր դեմքն ունի, բայց ոգին ընդհանուր է, նույնն է։
– Կարոտը նաեւ ս ե՞՚ր է։
– Կարոտն առանց սիրո չի լինում։ Բայց սերը միայն կարոտ չէ։ Սերն անսահման է։
– Հավատո՞ւմ եք ճակատագրին։
– Կուզենայի չհավատալ… Գիտեմ, սակայն, որ բնությունն իր օրինաչափություններն ունի, որ մեր կողմից ընկալվում են իբրեւ ճակատագիր։
– Ի՞նչ է Ձեզ համար ճանապարհը:
– Կյանքի շարունակություն, ճահճացումից, քարացումից փրկվել։ Լավ գրքերն իրենք էլ ճանապարհ են ու ճանապարհի գիրք («Գիրք ճանապարհի»):
– Գիտեմ, որ նախապես Ֆերդինանդ էիք, ինչպե՞ս դարձաք Երվանդ:
– «Գրական թերթին» բանաստեղծություններ էի տարել։ Այնտեղ էր եւ Մահարին։ Նա եւս կարդաց գրածներս, լավ խոսքեր ասաց, բայց անունս չհավանեց. «Ֆեր-դի-նա՞նդ… Դա ի՞նչ հայ բանաստեղծի անուն է։ Բայց ոչինչ, հիմա քեզ նոր անուն կտանք։ Ֆերդինանդ, Ֆերդինանդ… Երվանդ։ Հնչողությունն էլ մոտ է: Համաձա՞յն ես»: Ասաց եւ ստեղծագործություններիս տակ գրելով Երվանդ Պետրոսյան, տվեց թերթի այն ժամանակվա գրական բաժնի վարիչ Արամ Արմանին. «Դե, տպեք..»:
– Ինչպե՞ս է կոչվելու Ձեր հաջորդ ժողովածուն։
– Այս տարի, հուսամ, լույս է տեսնելու մանուկներին հասցեագրված, երկար սպասված իմ «Մկնագիրքը», իսկ մեծերի համար բանաստեղծություններիս տպագրությունը չեմ կարծում, թե մոտ է։
– Ինչպե՞ս են համատեղ ապրում ու ստեղծագործում բանաստեղծն ու մանկագիրը Ձեր մեջ։
– Նախ մանկագիր կոչվածն ինքն էլ բանաստեղծ է կամ արձակագիր: Եվ հետո մեծերի եւ փոքրերի համար գրված գործերը ոչ միայն չինական պարսպով, այլեւ փոքրիկ ցանկապատով էլ բաժանված չեն իմ մեջ (եւ ոչ միայն իմ): Հիշենք Թումանյանին…
– Առավոտը նոր օրվա սկի՞զբ է միայն։
– Առավոտը կյանքի վերարթնացում է, ուժ, մաքրություն, ձգտում: Արժանի լինենք մեզ վրա բացվող առավոտներին
Հարցազրույցը վարեց՝ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ