Գերագույն դատարանում շարունակում է լսվել հանրահայտ Աշոտ Աբրահամյանի եւ նրա 18 գործընկերների գործը։ Սույն պարոնը ճարպկորեն խաբեց ինչպես հանրապետությունում հարգված մարդկանց, այնպես էլ քաղաքական գործիչներին եւ ըստ արժանվույն գնահատվում է որպես թիվ մեկ արկածախնդիր, որն իր հետեւում է թողել անհայտ ու սովորական մարդկանց խաբած JMZ–ը, «Նորինվեստը» եւ մյուսներին։ Անշուշտ, այդ բարձր կոչմանը նա կարող է արժանանալ իր զոհերի նույնքան բարձր սոցիալական կարգավիճակի պատճառով։ Եթե մարդը կարողանում է շահել այնպիսի դեմքերի վստահությունը, որոնք աչքի չեն ընկել միամտությամբ եւ ընդունակ են վարել սեփական խորամանկ խաղը, նրա առջեւ. իհարկե, արժե գլուխ խոնարհել։
Այնուամենայնիվ, ցավ ես զգում մեր երկրի եւ նրա քաղաքացիների համար։ Մանր են, անչափ մանր են մեր պետական արկածախնդիրները։ Աշոտ Աբրահամյանից կամ Եսայի Ստեփանյանից բարձր նրանցից ոչ մեկը չի թռչելու։ Լավագույն դեպքում՝ Արտյոմ Աթալյանցից, որին այդպիսի դյուրությամբ կարողացան բռնացնել Ֆրանսիայի իրավապահ օրգանները: Եվ մնում ես տարակուսանքի մեջ. կամ մեծ արկածախնդրությունների ժամանակն է անցել, կամ էլ մենք (նույնիսկ քաղաքական էլիտան) այնքան ենք միամիտ, որ արժանի չենք մեծ մասշտաբի խաբեբաների։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ