– Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար։
– Կյանքիս իմաստը։
– Ո՞րն է երաժշտության բանալին։
– Ոգին, զգացմունքը եւ բովանդակությունը։
– Երգի մեջ ո՞րն է առաջնայինը՝ խո՞սքը, թե՞ երաժշտությունը։
– Առաջնայինը… երգն է։
– Երաժշտության ո՞ր ժանրն եք նախընտրում։
– Նախընտրում եմ գեղեցիկ երաժշտությունը՝ լինի դասական, թե էստրադային։
– Ժողովրդական մեղեդին հավերժակա՞ն է:
– Այո։ Ինձ թվում է, թե այն գեներով անցած է, զտված եւ հարազատ է բոլոր սերունդներին։
– Արվեստը հողի՞ց պիտի ծնված լինի:
– Ոչ միայն արվեստը, այլեւ ամեն ինչ։ Չէ՞ որ առանց հողի ժողովուրդ չի լինում։
– Կոմիտասը պարզապես երգահա՞ն է Ձեզ համար։
– Ինձ համար Կոմիտասը Հայ ազգն է։
– Գիտեմ, որ 92-ին Բեյրութում բեմադրվեց Ձեր «Երաժշտական այբուբենը», որին հրավիրված էիք նաեւ Դուք։
– Այո։ Երկարատեւ պատերազմից հետո վերջապես Բեյրութում վերածնվեց հոգեւոր մշակույթը։ Տեղի «Ծիածան» երգչախումբը, որի մեջ ընդգրկված էին Բեյրութի 9 վարժարանների, ինչպես նաեւ Անճարի «Կաքավիկ» երգչախմբի սաները (ղեկավար՝ Զաքար Քեշիշյան), բեմադրեցին իմ այդ ստեղծագործությունը, որին մասնակցում էր նաեւ այժմ արդեն մեծահարգ կաթողիկոս Արամ Քեշիշյանը։
– Դուք տասը հեղինակային ժողովածուների հեղինակ եք, ինչպես նաեւ հարյուրից ավելի երաժշտական մասնագիտական գրքերում բազմաթիվ ստեղծագործություններ ունեք ընդգրկված: Հատկապես ո՞րն է Ձեզ հոգեհարազատ:
– Բոլորն էլ, ինչպես «Այգաբացի ղողանջները», այնպես էլ «Նաիրյան զանգակները», «Փոքրիկ պատկերները», «Կապույտ երկինքը» եւ այլն։
– Ինչպիսի՞ն է այսօր երաժշտական կյանքը մեր հանրապետությունում։
– Վերջին տարիների լռությունից հետո վերջապես պոռթկաց այն։ Վկա՝ մեր օրերի երաժշտական կյանքի աշխուժությունը։
– Ամեն անգամ, երբ ավարտում եք ստեղծագործությունը, ինչպիսի՞ զգացում եք ունենում:
– Ապրում եմ այն երանելի պահը, թե իմ ամենալավ ստեղծագործությունն է ծնվել։ Այդ զգացումն ինձ ուղեկցում է մինչեւ նոր ստեղծագործության ծնունդը։
– Ի՞ նչ է ստեղծագործությունը:
– Տրամադրություն։ Ինչ-որ բանի ոգեւորության սկզբնաղբյուր, նաեւ՝ նպատակ:
– Ինչպե՞ս ծնվեց Ձեր «Արցախյան շարքը»։
– Այն ծնվել է 13 տարեկան մի աղջնակի՝ Վարսիկ Վարդունու բանաստեղծությունների հիման վրա։ Փորձել եմ այդ երգաշարով պատկերել մեր ազգային վերազարթոնքը փոքրիկ աղջնակի մտապատկերով։ Այն ինձ հոգեհարազատ է ու սրտամոտ։
– Երաժշտության մեջ ունե՞ք Ձեր կուռքը։
– Թեեւ պաշտում եմ Բախին ու Բեթհովենին, բայց սիրում եմ Խաչատրյանին, Չայկովսկուն, Գրիգին, Պրոկոֆեւին, Մենդելսոնին… Մի խոսքով, նրանց, ովքեր հոգով ռոմանտիկ են, զգացմունքային։
– Որեւէ հուշ ունե՞ք Խաչատրյանից։
– Մինչեւ օրս էլ չեմ մոռանում նրա իմաստուն խոսքը. «Հայ ազգը տաղանդավոր է, սակայն ոչ բոլորն են զբաղված նրանով, ինչին կոչված են»։
– Ինչպիսի՞ն եք տեսնում Հայ երաժշտության վաղվա օրը:
– Հուսով եմ, որ եթե կա Հայի տաղանդը, իսկ նա, անշուշտ, կա, ապա անպայման այն իրեն կդրսեւորի եւ իր ծաղկումը կապրի։ Ես հավատում եմ դրան։
Հարցազրույցը վարեց Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ