Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ մամուլի ժամանակը

Սեպտեմբեր 14,1995 14:57

Հարցազրույց «Օրեր» թերթի գլխավոր խմբագիր Միքայել Հայրապետյանի հետ։

– Մենք տեղյակ ենք, որ ազատել եք «Երեւան» հյուրանոցում «Օրեր» թերթի վարձակալած տարածքը, ինչո՞ւ:

– Մեզ ասացին, որ սենյակները տալու են մեկ այլ կազմակերպության, թեեւ պայմանագիրը, որի ոչ մի կետ չենք խախտել, կնքված էր մինչեւ տարեվերջ։

– Երկու համար լույս ընծայվելուց հետո «Օրերը» լռեց, պատճառն արդյո՞ք այն է, որ «Պարբերականը» հրաժարվել էր տպագրել։

– Մենք երկրորդ համարն էլ այնտեղ չտպագրեցինք. այսինքն՝ միշտ էլ կճարվեն տպարաններ։ Պատճառը զուտ ֆինանսական է։ «Օրերի» առաջին համարի խմբագրականում գրել էի, որ եթե ճարվեն անհատներ կամ կազմակերպություններ, ում հարազատ կլինի ընկալման մեր կերպը, կարող են սատարել մեզ։ Սակայն պարզվում է, որ Հայաստանում չկան այնպիսիք, ում պետք է ժողովրդավարության Այբ-ը կազմող իրոք ազատ մամուլը։ Եթե չկային նման շահագրգռվածներ ընտրություններից առաջ, ապա առավել եւս չկան այսօր։ Չթաքցնելով ասեմ, որ բազում առաջարկներ եղել են եւ կան տարբեր թեւերից, սակայն չեմ կարծում, թե պետության կայացման եւ ժողովրդավարության հաստատման համար լավագույն ձեւը կա՛մ համընդհանուր մերժումն է, ամեն ինչ սեւ ցույց տալը, կա՛մ հորթային հրճվանքով վարդագույն պատկերելը։ Առավել եւս այսօր, երբ նման խաղերը կլանային-ինտրիգայինից այն կողմ չեն կարող անցնել, այսօր լուրջ շինարարության ժամանակ է։ Քաղաքական խաղերի մեջ խրված՝ մենք մինչեւ այժմ այդ շինարարությամբ չենք զբաղվել, չենք ստեղծել մամուլ՝ դասական իմաստով։ Իսկ մամուլի առաջնային խնդիրն անկողմնակալ լրատվություն ապահովելն է, երկրորդը՝ հասարակական գիտակցությունը որոշակի արժեքներով կրթելը։ Եթե առաջինն ինչ-որ մակարդակով կա, ապա երկրորդը լրիվ բացակայում է։ Էլ չեմ խոսում որակական, էթիկական, պրոֆեսիոնալ, գեղագիտական, գեղարվեստական եւ այլ կողմերի շատ ցածր կամ իսպառ չլինելու մասին։

– Իսկ Ձեր թերթերը մի՞թե բավարարում էին այդ բարձր չափանիշները։

– 1920-ից ի վեր, կարծում եմ, Հայաստանում ոչ մի թերթ չի բավարարել։ Սակայն փաստ է, որ իմ ընկերներն ու ես փորձել ենք որոշ բաներ անել։ Հանգամանքների բերումով եւ ընդհանուր մթնոլորտի թելադրանքով դա մեզ, բնական է, լավագույնս չէ, որ հաջողվում էր, սակայն թարմությունը, կարծում եմ, ակնառու է. մենք առնվազն մի քանի նորույթ բերեցինք, որոնք այսօր արդեն ավանդույթ են։ Չեմ բացառում, որ շատ ավելին կարելի էր անել։

– Որքանո՞վ են թերթը եւ թերթի խմբագիրը քաղաքականության մեջ գործող կողմ եւ որքանով պրոֆեսիոնալ ֆունկցիաներ կատարող:

– Հասարակական յուրաքանչյուր երեւույթ բնականաբար ունի նաեւ քաղաքական կողմ, հարցն այն է, թե ով ինչպես եւ ինչքան է կարեւորում հենց այդ կողմը։ Պետականություն չունեցած, հետեւաբար գործուն քաղաքականությամբ զբաղվելուց զրկված հայերը մշակել էին քաղաքականության առանձին, ոչ պրոֆեսիոնալ համակարգ, որին եւ հախուռն տրվեցին 1988-ից ի վեր։ Եթե պետական տարբեր կառույցներում դա 5 տարվա մեջ սկսեց պրոֆեսիոնալ եւ հավասարակշիռ դառնալ, ապա հասարակությանը, ցավոք նաեւ մամուլին, շարունակեց բավարարել նույն առտնին, բամբասանքային, անհատականացված, կուսակցականացված «քաղաքականությունը»։ Հասարակությանը, նաեւ մամուլին այսօր ավելի հետաքրքրում են, թե որ պաշտոնյան ում ազգականն է, ով ում հետ ինչ հակասություններ ունի, քան այն, թե որեւէ օրենք ինչքանով է շոշափում իրենց շահերը, ինչքանով է բավարարում, ցավոք հայաստանյան հասարակության մեջ դեռեւս չբյուրեղացած արժեքային համակարգին (մարդու իրավունքներ, խղճի ազատություն, քաղաքացիական հասարակություն, իրավական պետություն եւ այլն): Այսպես, վարչապետը մամուլի համար ներկայացնում է պետության տնտեսական քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների սկզբունքները, իսկ լրատվության ներկայացուցիչներս, փոխանակ խորանալու կոնկրետ խնդիրների մեջ, ամբողջն ընկալում ենք միայն մակերեւույթով՝ անպայման աչքի առաջ ունենալով որոշակի գործիչների կամ ուժերի։ Այսպես մենք միշտ կդոփենք տեղում, եթե չփորձենք մասնագիտանալ, խոսքս «մասնագիտական» մամուլի մասին է։ Այսօր Հայաստանում չկա մի թերթ, որ զբաղված լինի միայն իրավական հարցերով՝ հիմքում ունենալով մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության նորմերը, չկա մի թերթ, որ զբաղված լինի կրոնական խնդիրներով՝ հիմքում ունենալով խղճի ազատության եւ ժողովրդավարության նորմերը, չկա մի թերթ, որ բոլշեւիզմ տեսած երկրում այսօր ծնվող բիզնեսմենին կամ ֆինանսիստին ապահովի անհրաժեշտ տեղեկատվությամբ, հարաբերությունների կանոնների ծանոթացմամբ՝ հիմքում ունենալով լիբերալիզմը։ Ճիշտն ասած, ե՛ւ «Շրջանում», ե՛ւ «Օրերի» 2 համարում փորձեցինք այդ անել, նույնիսկ էջերի մակարդակով առանձնացրինք, սակայն հասկանալի պատճառներով հնարավոր չէր հիմքում ոչ թե քաղաքականությունը, այլ վերոհիշյալ արժեքների համակարգն ամբողջությամբ ունեցող թերթ հրատարակել։ Այսօր քաղաքական ոչ հարաբերական անդորրի շրջանում վերջապես պետք է հենց դա անել, այլապես հայաստանյան մամուլը կդառնա անախրոնիզմ, ինչն արդեն իսկ զգացվում է։

Այս  հատույթով  խնդրին  նայելիս՝ կարծես թե նույնանում են թերթի ու խմբագրի՝ քաղաքականության գործող կողմի եւ պրոֆեսիոնալ գործառույթներ կատարողի հանգամանքները, եթե իհարկե քաղաքականություն կոչվածի հիմքում դրվում է ոչ թե կուսակցականությունը, այլ վերոհիշյալ արժեքների համակարգը։ Թե չէ միշտ էլ հեշտ է եղել կուսակցականացված քաղաքական թերթ շինելը, որի խմբագիրն էլ կենտկոմի կամ բյուրոյի անդամ է լինում։ Դրա ժամանակն անցավ նաեւ Հայաստանի պարագայում, այսօր, եթե կարելի է ասել, վերջապես, «ապաքաղաքական», դասական, խորքային մամուլի ժամանակ է։

– «Օրերի», իսկ դրանից առաջ նաեւ Ձեր անունը կապվեց Վազգեն Սարգսյանի հետ, ի՞նչ խոչընդոտներ կարող էիք ունենալ։

– Չնայած դա ճիշտ չէր, ինչպես ներկա իրողությունն է ցույց տալիս, սակայն Վազգեն Սարգսյանի նման անհատականության անվանը կապվելը, կարծում եմ, շատերի համար կարող է հպարտանք լինել, իսկ դա պատմությունը ցույց կտա։ Այդ բամբասանքը, որ ուղղված էր նրա դեմ եւ սարքված էր ինձ չեզոքացնելու համար, տարածեցին մարդիկ, ովքեր լավ գիտեն բամբասանքի «արժեքը» եւ դրա վարպետներն են, չնայած այս մեկ անգամը չհաջողեցին։ Այնուամենայնիվ, որպեսզի վերջ տրվի դրան, շուտով մեր հիմնադիր խորհուրդը կամ կորոշի լուծարել «Օրերը», կամ ես կհրաժարվեմ հիմնադիր–հրատարակչի իմ մասով իրավունքներից։

– Ձեր լրագրական թիմը կենսունակ եւ բարձրորակ է, ինչո՞վ են զբաղված նրանք 3-4 ամսվա պարապուրդի ընթացքում:

– Ես նրանց բոլորին սիրում եւ գնահատում եմ, ինչ-որ տեղ նաեւ պարտական եմ, քանի որ երբ ես հեռացա «Շրջանից», բոլորը դուրս եկան ինձ հետ։ Այսօր էլ սպասում են։ Երեւի ինչ-որ բան կսարքեմ, ինչպես ժամանակին «Օրերը»։ Ես հասկանում եմ Ձեր հարցի իմաստը, մեզանից յուրաքանչյուրը պրոֆեսիոնալ է եւ կարող է գլխի ճարը տեսնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930