Ամենայն հավանականությամբ, ՀՌԱԿ-ում առաջացած վերջին կոնֆլիկտը, որը կգերազանցի նախորդները՝ կուսակցությունից առաջացած ճյուղավորումների առատությամբ, ունի ավելի խորը արմատներ, քան այն պատճառները, որոնց մասին խոսում են կոնֆլիկտի մասնակիցները։ ՀՌԱԿ-ի նորահայտ դիսիդենտները՝ Ռաֆիկ Պետրոսյանը, Մելս Սահակյանը եւ Լեւոն Բաբայանը դժվար թե հույս ունեին ստանալ կենտրոնական վարչությունում ձայների մեծամասնություն։ Ակնհայտ է, որ «անջատողական խումբը», որն իրեն վարչություն է անվանում, ունի միայն մեկ նպատակ՝ պառակտել կուսակցությունը ներսից։ Հաշվի առնելով կուսակցության վարքը նախընտրական շրջանում, նրա հակասական վերաբերմունքը Սահմանադրության հանդեպ, «Հանրապետություն» միավորմանը մասնակցելուց հրաժարվելը, միամտություն կլիներ դեն նետել ամենապարզ վարկածը, «անջատողականների» խմբի ստեղծումը այն մարդկանցից, որոնց վրա գործադիր իշխանությունները ունեն հզոր լծակներ, ձեռնտու է իշխող կուսակցությանը։
Սակայն այստեղ կա եւս մի կարեւոր խնդիր, որի մասին կոնֆլիկտի մասնակիցները նույնպես գերադասում են լռել՝ ՀՌԱԿ-ի եւ ՌԱԿ-ի (այսինքն, սփյուռքի կուսակցական կառույցի) հարաբերությունները։ Մեր ունեցած տվյալներով, սփյուռքի ավագ կուսակցական եղբայրները ամենեւին էլ հակված չեն սատար կանգնելու Ռաֆիկ Պետրոսյանին եւ նրա ընկերներին։ Սակայն սփյուռքյան կառույցում որոշակի տարաձայնություններ կան հայաստանյան ֆիլիալի ղեկավար Ռուբեն Միրզախանյանի թեկնածության վերաբերյալ։ Հատկանշական է, որ Կիպրոսում անցկացվող Ռամկավար-Ազատական Կուսակցության համագումարում, որն ընթանում էր պրն Պետրոսյանի բուռն գործունեության ծավալման ամենաթեժ ժամանակահատվածում, մայր կազմակերպությունը, այնուամենայնիվ, հրաժարվեց որեւէ պաշտոնական հայտարարությունից։ Հնարավոր է, սփյուռքի շեֆերը դեռեւս սպասում են, հնարավորություն տալով ՀՌԱԿ-ի ներկայիս ղեկավար Ռուբեն Միրզախանյանին շտկել ստեղծված դժվարին իրավիճակը։
Բայց դրա հետ զուգահեռ, սփյուռքի ռամկավարները որոշ հարաբերությունների մեջ են մտնում եւս մի անջատողական, Ռուբեն Միրզախանյանի ոխերիմ թշնամի Վիգեն Խաչատրյանի հետ։ Գոյություն ունեցող վարկածի համաձայն, դա բացատրվում է նրանով, որ Վիգեն Խաչատրյանի կազմակերպությունը ունի իր ներկայացուցիչները խորհրդարանում, մի հանգամանք, որը լիբերալ-դեմոկրատները համարում են քաղաքական պայքարի հիմնական լծակներից մեկը։
Այնուամենայնիվ, ՀՌԱԿ-ում ծայր առած հակամարտությունը դժվար թե բերի առանձին ցնցումների։ Ծայրահեղ դեպքում կստեղծվի մի նոր «ՀՌԱԿ-ատիպ» կազմակերպություն, որը, սակայն, իր ազդեցությամբ չի կարողանա մրցել Վիգեն Խաչատրյանի նմանատիպ կազմակերպության հետ։
Կարդացեք նաև
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ