Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Աբաջյան. «Ազգային թատրոնը ժողովրդի դեմքն է…»

Սեպտեմբեր 13,1995 16:48

– Շուրջ երկու տասնյակի հասնող թատերական մենագրությունների ու գրքերի, ինչպես նաեւ անթիվ հոդվածների, ռադիո եւ հեռուստատեսային սցենարների հեղինակ եք: Ո՞րն է լինելու հաջորդը:

– «Կանգ առ, ակնթարթ»։ Պատրաստ է արդեն տպագրության, որի հովանավորը դեռեւս չի հայտնվել։

– Իսկ ի՞նչ եք մտադրվել գրելու։

– Մտադրվել եմ գրել պայմանական վերնագրով «Թատերական նվագներ» նովելաշարը, ուր տեղ կգտնեն մեր բեմի մեծ ու փոքր դերասանները։

–Գիտեմ, որ «Վահրամ Փափազյան» հեռուստատեսային սցենարի համար 68-ին արժանացաք ՀՀ ժուռնալիստների միության ամենամյա «Մեսրոպյան գրիչ» մրցանակին։ Ինչպե՞ս կբնորոշեք Փափազյանին։

– Փափազյանը դարի դերասան էր։ Այդպիսի հանճար ծնվել կարող է ժամանակի շատ մեծ հատվածների սահմանագլխում: Նշան Պեշիկթաշլյանը հիանալի է բնութագրել Փափազյան- դերասանի տեսակարար կշիռը. «Ինձի անանկ կթվա, թե Աստված Փափագյանին ստեղծել էր իրեն համար դերասանություն ընելու, բայց այնքան ծանր էր, որ ամպերը պատռվեցան եւ ան իջավ մեզի համար դերասանություն ընելու»։ Այս բնութագրումից հետո, կարծում եմ, անիմաստ է որեւէ հավելում։

– Արվեստը ե՞րբ կարող է ծաղկում ապրել։

– Միայն Հայրենի Հողի վրա:

– Հայրենի Հողը զորավո՞ր է:

– Անկասկած։ Որքան փորձեցի Ամերիկայում գրել՝ չստացվեց։

– Անշուշտ, Ամերիկայում ավելի խորը զգացիք կարոտը:

– Կարոտը մի սուրբ զգացողություն է, որ ամենից շատ Հայ մարդն ունի աշխարհում:

– Հավատո՞ւմ եք ճակատագրին։

– Երեւի այո։ Նախախնամությունն անխուսափելի է ինչպես անհատի, այնպես էլ ժողովրդի կյանքում։

– Այնուամենայնիվ, օվկիանոսից այն կողմ չստեղծագործեցի՞ք։

– «Փարոս» թերթում տպագրեցի մի էսսե՝ «Ինչո՞ւ հանճարեղ չծնվեցի»։ Ծնվեց նաեւ «Գյումրի՝ թատրոնի մարդիկ» գիրքը։

– Փորձեք բնորոշել Ձեր կյանքի ընկերոջը՝ սիրված դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանիև

– Երբեք Վարդուհու մասին չեմ գրել, բայց իմ անտիպ գրքում, որն, ինչպես ասացի, կոչվում է «Կանգ առ, ակնթարթ», մի փոքրիկ դրվագ նվիրել եմ նրան: Ըստ իմ ընկալումների, նա այն բացառիկ դերասանուհիներից է, որը կարող է բեմական հրաշք ակնթարթներ պարգեւել հանդիսատեսին:

– Իսկ ինչպե՞ս կբնորոշեք Ձեր եղբորը՝ ժողովրդական դերասան Վլադիմիր Աբաջյանին:

– Դերասանական ճակատագիրը եղբորս համար տխուր ընթացք ունեցավ, թեեւ նա կարող էր հիանալի դերասան դառնալ։ Չէի կամենա հոլովել պատճառները, թե ինչու այդպես ստացվեց: Երեւի պատճառները մեկից ավելի են, բայց նա կարողացավ ուժ գտնել իր մեջ՝ հաստատելու իսկական արվեստագետ լինելը ասմունքային բեմահարթակում։

– Ինչպիսի՞ ն է ներկայիս թատերական կյանքը:

– Ներկայիս թատերական կյանքը հանրապետությունում ինձ պատկերանում է շատ տխուր տեսքով։ Նախ փշրվել են դասական արվեստի այն հոյակապ ավանդները, որ թողել են մեզ մեր մեծ արվեստագետները։ Ազգային թատրոնը ամեն մի ժողովրդի թատերական արվեստի դեմքն է, ավելին՝ ժողովրդի դեմքը, որովհետեւ ժողովրդի համահավաք զգացումները, իղձերն ու ձգտումներն իրենց խտացված արտահայտությունը գտնում են բեմում։ Այդ բեմում է, որ պիտի հնչի Հայոց արքայական լեզուն իր ողջ մաքրությամբ եւ գեղեցկությամբ:

– Հավատո՞ւմ եք մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրվան։

– Ինձ երբեք հուսահատությունն իր գիրկը չի առել Նույնիսկ ստալինյան աքսորավայրերում։ Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի լուսավոր գալիքին։ Եվ սա գեղեցիկ խոսք չէ պարզապես, որ ասում եմ, այլ խորունկ ու անբեկանելի Հավատ է իմ մեջ։

Հարցազրույցը վարեց՝

Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930