Ո՞վ ենք մենք
Պատմական, քաղաքական, սոցիալական մի շարք գործոններ մեզ շեղել են մեր բուն նախասկզբից։ Դատապարտվածության զգացումը (աշխարհաքաղաքական դիրքի շահարկումով), կոտորակվածությունը, պետականության երկարատեւ կորուստը եւ, վերջապես, հայի ծանր կյանքը ցավագնորեն աղճատել են մեր պատկերը։ Իսկ կրթության պատմամշակութային գործոնի թերագնահատումը հանգեցրել է ազգային թերարժեքության գիտակցության, ազգային սնապարծության ձեւավորմանը։
Եթե առաջինը փորձում ենք հաղթահարել գոնե արցախյան հողում, ապա երկրորդն այսօր էլ խիստ մտահոգիչ է։ Ժամանակին Սևակը զգուշացրեց այդ վտանգի մասին. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից… Ինքնասպանության զանազան ձեւեր կան, եւ դրանց մեջ ամենադյուրինը սնապարծությունն է… Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը արխայինություն-դինջությունն է»։ Ազգային սնապարծությունը բազմանիստ երեւույթ է. նրա մյուս վտանգավոր երեսը նկատեց Տերյանը դարասկզբին. «Մեռած եւ արդեն ծիծաղելի կուռքերի համառ ճանաչմամբ… ուզում ենք մեզ ազատել գալիքի ստեղծման նեղությունից»։ Ահա սա է ազգային սնապարծության եւ ազգային հպարտության սահմանագիծը, առաջինը մղում է «արխայնության-դինջության», երկրորդը՝ դրդում ստանձնել գալիքի ստեղծման դժվարությունը։
Մեր պատմության ցավոտ խնդիրների եւ ազգային նկարագիրը աղարտող հիմքերի իմացությունն անհրաժեշտ է՝ դրանցից ձերբազատվելու հնարը գտնելու համար։ Դրան ուղղված ջանքերը պիտի ամրանան այն գիտակցությամբ, որ մեզ հարեւան հինավուրց շատ ազգեր անհետացել են պատմության թատերաբեմից նաեւ սեփական հողի վրա, իսկ հնագույն քաղաքակրթություններին տարեկից հայ ազգը մասնակցում է նոր քաղաքակրթության ստեղծմանը։ Եվ, ինչպես միշտ, կարողանում է համընթաց քայլել նրա հետ։
Նոր քաղաքակրթությունը ենթադրում է նոր արժեքներ։ Ժամանակակից առաջատար երկրները կողմնորոշված են դեպի կարեկցանքը, ուրիշների Ես-ի անպայման ընդունումը, հարգանքը օտարի, գերազանցի նկատմամբ։ Այդ արժեքների իրացումը վերապահվում է կրթության ոլորտին։ Մեր պատմությունը եւ մշակույթը տալիս են մի շարք այդօրինակ արժեքներ (խտացված լավագույն ստեղծագործություններում), որ այսօր կարող են դրվել կրթության հիմքում։ Ազատասիրությունը, ստեղծագործելու անսպառ ունակությունը եւ ստեղծագործական յուրացման ձիրքն ու ինքնատիպությունը, սերը գրի ու դպրության նկատմամբ, կարեկցանքն ու այլասիրությունը այն արժեքներից են, որ կազմում են մեր տոհմիկ նկարագիրը։ Ամենօրյա հաղորդակցումն այդ արժեքներին կնպաստի իրոք հայեցի կրթության վերաարմատավորմանը եւ հային բնորոշ տիպարի վերականգնմանը։ «Արդի սերունդին ուղն ու ծուծը պետք է կազմե մեր նախնիներու նկարագիրը» (Դ. Վարուժան):
Նշվածը հարցի մի կողմն է։ Մեզ համար մեր անցյալն ու իր արժեքները վերագտնելուց ու վերաիմաստավորելուց, մեր ներկան ըմբռնելուց զատ, շատ կարեւոր է դրանք պատշաճորեն ներկայացնել աշխարհին։ Ազգային հպարտության լիարժեք զգացումը կարող է պոռթկալ այն ժամանակ, երբ ոչ միայն ճանաչենք, այլեւ ճանաչել տանք։ Սա արդեն ոչ ոք չի անելու մեր փոխարեն։ Կրթության ոլորտում այս խնդրի լուծումը պիտի հանձնառի համալսարանը։ Սուրբ թարգմանչաց տոնը չպիտի խորհրդանշի միայն 5-րդ դարը։ Եվ թարգմանությունն էլ այսօր պիտի լինի ոչ միայն հայերեն, այլեւ հայերենից։
Գաղափարախոսական առումով անգնահատելի է մեր մշակույթի միջազգային իրազեկման դերը։ Իսկ թե որչափ անիրազեկ է մարդկությունը, վկայում է թեկուզեւ այն փաստը, որ մեր դարավոր դաշնակից, հարեւան Ռուսաստանը ժամանակին Հայաստանին, ի թիվս այլ անգիր ժողովուրդների, առաջարկում էր… ռուսական այբուբենի հիմքի վրա ստեղծել սեփական գիր։
Թումանյանը, մեջ բերելով Թորամանյանի ուսումնասիրությունները Եվրոպայում տարածելու անհրաժեշտության մասին օտարազգի մի նշանավոր գիտնականի խոսքը, թե իրենք ճանապարհ են բացում հայ ճարտարապետի թնդանոթների համար, ասել է. «Այո՛ դրանք թնդանոթներ են, հայկական թնդանոթներ եւ թնդանոթներից ամենաազնիվն ու ամենաուժեղը, որ երբեւիցե հնարել է մարդը, իրենց հետ տանում են հայ ժողովրդի ստեղծագործ հանճարն ու կարողությունը, գնում են հայերի համար նվաճելու լուսավոր ազգերի սերն ու համակրանքը, հարգանքն ու հիացմունքը»։ Ահա այս մշակութային նվաճումը պիտի կազմի մեր գալիքի գործի մի մասը։
Ո՞ւր ենք գնում
Մշակութային հարստությունը եւ արժեքները պիտի դրվեն նոր կրթական համակարգի հիմքում։ Միայն նման համակարգը հնարավորություն կընձեռի կուտակելու ազգի մտավոր ու հոգեւոր կարողություններն ու հնարավորությունները, հոգատար վերաբերմունք ցուցաբերել մեր ազգային հոգեբանության, մեր մտածելակերպի պահպանման ու զարգացման գործին։ Այդ համակարգում դպրոցը պիտի լինի ազգային ավանդույթների, մտածելակերպի ու մշակույթի կրողը, համազգային շահերի արտահայտիչը։ Երեխաները պետք է գերազանց իմանան ոչ միայն մեր ժողովրդի պատմությունն ու գրականությունը, այլեւ նրա բնությունը, աշխարհագրությունը, երաժշտությունը։ Միայն այդպես կարելի է սիրել հայրենիքը։ Եվ, ամենակարեւորը, միայն այսպիսի կրթական համակարգը կարող է ապահովել գիտության եւ մշակույթի այնպիսի զարգացումը, որը կերաշխավորի ազգի գոյատեւում։ Աշխարհի օրենքը դաժան է, բայց գուցե եւ միակ հնարավորը։ Ոչ մեկին չեն հուզում պատմական հարախուզությունները եւ հղումները մեր անցյալ վաստակին ու ավանդին։ Գործուն է միայն ազգի արդի ներուժը, նրա օրվա կատարածը, եւ եթե մտադիր ենք հավասարի իրավունքով գործակցել այլ ազգերի հետ ու իրագործել մեզ տրված առաքելությունը մարդկային քաղաքակրթության մեջ, պարտավոր ենք, հիմնվելով ազգային ակունքների վրա, յուրացնել այդ քաղաքակրթության ողջ հարստությունը եւ զարգացնել այն։ Աշխարհում հայի նկարագիրը պիտի զուգորդվի քաղաքակիրթ մարդու կերպարին։ Հայը պիտի իմանա, որ ունի մրցակցության մի զենք՝ գիտելիք։ Բնակչության կրթական համընդհանուր բարձր մակարդակը, անշուշտ, պիտի նպաստի՝ գիտության եւ տեխնիկայի աննախընթաց զարգացմանը եւ ներմուծումների հոսքը կասեցնի հայկական արտադրանքի բարձր որակով։
Բացի այդ, ազգային հպարտության ձեւավորումը եւ առհասարակ ազգային արժեքների դաստիարակումը մի այլ, ավելի խոր ենթատեքստ ունի։ Հայության նոր սերնդին ձերբազատելով ազգային թերարժեքության եւ այլ բարդույթներից՝ այն պետք է ապահովի կրթամշակութային որոշակի ընդհանուր մակարդակ՝ նպաստելու կարեւորագույն գաղափարական խնդրի իրագործման՝ հայության, իբրեւ ազգի, լիարժեք գործառությանը, թե ներազգային շրջանակներում եւ թե համաշխարհային քաղաքակրթության մեջ։
Էդուարդ ՂԱԶԱՐՅԱՆ
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր
ՀԱՅՔ գիտահետազոտական հաստատության (ԱՄՆ-Հայաստան) կողմից ս/թ նոյեմբերին Երեւանում անցկացվելու է համազգային գիտական նստաշրջան: Հաստատության թիվ 6՝ «Հայության կրթական, գիտական եւ տեխնոլոգիական կարողությունների հաշվառում, ներուժի գնահատում եւ ազգանպաստ ռազմավարության մշակում» ծրագրի շրջանակներում կատարված սույն աշխատանքը ընթերցողներին հրավիրում է մասնակցելու արծարծված քննարկմանը թե մամուլում եւ թե՛ նստաշրջանում։