– Սիրելի Հարութ, «Առավոտն» իր ընթերցողների անունից բարի գալուստ է մաղթում Ձեզ։
– Շնորհակալություն։
– Այս՝ թվով 3-րդ այցելության ժամանակ, ինչպիսի՞ ն տեսաք Ձեր մանկության քաղաքը։
– Ժպիտ նկատեցի Երեւանի դեմքին։
– 20 տարի առաջ, երբ ընդամենը 25 տարեկան էիք, մեկնեցիք Ամերիկա: Ինչո՞վ նշանավորվեց Ձեր մուտքը օվկիանոսի այն ափին։
– Թողարկեցի իմ առաջին ձայնագրությունը՝ Արթուր Մեսչյանի «Ո՞ւր էիր, Աստված» երգով։
– Այսօր Ձեզ նվագակցում է «Արցախ» վոկալ-գործիքային նվագախումբը։ Իսկ «Անի» նվագախմբի հետ 10 տարի համագործակցեցիք եւ ծնվեցին շուրջ 15 ձայնագրություններ։ Հատկապես ո՞րը կառանձնացնեիք։
– Ինձ համար միշտ էլ հոգեհարազատ է մնում Արթուր Մեսչյանի «Ռեքվիեմը»։
– Ձեր ո՞ր երգն է ամենաերկարակյացը:
– «Տարիներս անցան» երգը, որը կատարել եմ 10 հազար անգամ։
– Իսկ Դուք սիրո՞ւմ եք լսել Ձեր ձայնագրությունները։
– Ոչ։ Սիրում եմ Շառլին լսել։
– Երբեւէ հանդիպե՞լ եք նրան։
– Այո։ Հոլիվուդում, «Նոր կյանք» թերթի խմբագրատանը։ Նա շատ ուրախացավ, երբ իմացավ, որ իմ երգացանկում ընդգրկել եմ իր հանրածանոթ «Նրանք ընկան» երգը։ «Հայերեն ես երգում՝ ուրեմն հոգ չէ»,- ասաց նա։ Ազնավուրը ոչ միայն Մեծ երգիչ է, այլեւ Մեծ Հայ:
– Ո՞րն է Ձեր երկրորդ նախասիրությունը:
– Եթե ես երաժշտությամբ չզբաղվեի՝ հավանաբար կդառնայի քանդակագործ։ 73-ին ավարտել եմ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը: Դիպլոմային աշխատանքս, որը գերազանց գնահատվեց, կոչվում էր «Որոնողները»։ Պատկերել էի աղջկա եւ տղայի, որոնք ծովի խորքում որոնում էին իրենց երջանկության ոսկե խեցին։
– «Ձախ Հարութ» անվանումն իր դրդապատճառն ունի՞։
– Ձախլիկ եմ։ 12 տարեկանից կիթառը ձախ ձեռքով եմ նվազել։ Անվանումս դրանից է։ Չնայած երեկ մեկը զգուշորեն հարցրեց ինձ. «Ինչո՞ւ են Ձեզ «ձախ» ասում։ Չլինի՞ Դուք էլ ձախակողմյան եք…»։
– Այսօր, երբ կրկին Մայր Հայրենիքում եք, ի՞նչն է ավելի շատ ուրախացնում Ձեզ։
– Այն, որ գրեթե ամեն մի հայ երեխայի շուրթին մեր ազգային-ազատագրական պայքարի երգն է թրթռում։ Գիտե՞ք, որքա՜ն գեղեցիկ է դա։ Մանավանդ այս ծանր ու դժվարին օրերին, երբ մեզ օդի պես անհրաժեշտ է ՀԱՅ ԵՐԳԸ…
Հարցազրույցը վարեց Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ