Իսկ նեգրը՝ սպիտակ
Պաշտոնաթերթերը, որպես վաղ դեմոկրատիայի օրինական զավակներ, որոնք ծնունդ առան հայրենական առաջին ազատ խորհրդարանից, մի տեսակ որբացան այն ժամանակվանից, երբ նրանց ծնողը բավականին արագ կորցրեց իր ներքին ներդաշնակությունը եւ սկսեց խոսել տարբեր լեզուներով։ Սկզբնական մտահղացումը վատը չէր. «Հայաստանի Հանրապետութիւնը», նրա ռուսական կրկնօրինակ «Ռեսպուբլիկա Արմենիին» (սկզբից, կարծես թե, նախատեսվում էր նաեւ անգլիական տարբերակը, որին այդպես էլ ձեռքերը չհասան) պետք է դառնային դեմոկրատական բազմակարծության ամբիոն։ Սկզբնական շրջանում նրանք վատ չէին նայվում ՀԿԿ ԿԿ-ի եւ ՀամԼԿԵՄ ԿԿ-ի օրգանների ֆոնին, որոնք դեռեւս չէին ճշտել իրենց դիրքորոշումները։ Մյուս կողմից, նոր էր մեկնարկ վերցնում կուսակցական եւ անկախ մամուլը։
Սակայն շատ շուտով օֆիցիոզի տունը քանդեց նրա ծնողի՝ խորհրդարանի բազմակարծությունը, որը իր զավակին քարշ էր տալիս մի կողմից մյուսը։ Ու թեեւ ընտանիքի ապահարզան ձեւական տեսակետից տեղի չունեցավ, եւ «ՀՀ»-ն առ այսօր էլ համարվում է խորհրդարանի պաշտոնաթերթ, այդպիսին նրան կարող է համարել միայն շատ անփորձ ընթերցողը։ Իրականում պաշտոնաթերթերը գտնվում են գործադիր իշխանության՝ կառավարության եւ նախագահական ապարատի աչալուրջ հսկողության տակ։ Խորթ ծնողները, պետք է նրանց արժանին մատուցել, առանձնապես չեն նեղացնում իրենց զավակին՝ կերակրում-խմեցնում են (թույլ չտալով, սակայն, չափից դուրս թռփոշանալ) եւ դաստիարակում են՝ ինչպես կարող են։
Բայց աշխարհի ոչ մի նորմալ երկրում նման պաշտոնաթերթեր չկան։ Կան իշխանամետ թերթեր, նույնիսկ չափից դուրս իշխանամետ, բայց դրսի ոչ մի կառավարություն երբեք չի խոստովանի, առավել եւս, չի ցուցադրի, որ այս կամ այն պարբերականը պատկանում է իրեն։ Գուցեեւ դա չի արգելվում օրենքով, բայց համարվում է ոչ քաղաքակիրթ վարքագիծ։ Եվ այդ մտավախության մեջ, իհարկե, կա որոշակի տրամաբանություն, անվերջանալի կույր գովաբանությունները ոչ մեկի մեջ վստահություն չեն ներշնչում, եւ ճիշտ հակառակը՝ զայրույթ են առաջացնում։ Իսկ այն, որ օֆիցիոզը, ուզում է նա, թե՝ ոչ, չի կարող դրանից խուսափել, ցույց է տալիս մեր պաշտոնաթերթերի օրինակը, որտեղ ձանձրալիորեն ստեղծվում է մեր կյանքի վարդագույն-լավատեսական պատկերը՝ ճակատային քարոզչության տարրերով։ Իսկապես, ո՞վ կուզենա ֆինանսավորել մի պարբերական, որը թույլ է տալիս թքել այն առվի մեջ, որից խմում է՝ կամ խելքը կորցրած մեկենասը, կամ էլ… շատ խելոք մարդը։ Ամենայն հավանականությամբ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տեսակը մեր կառավարությունում առանձնապես առատորեն չի ներկայացված, իսկ հարկատուների կարծիքը, որոնց հաշվին լրացվում է բյուջեն, մեզանում հաշվի առնելը դեռ ընդունված չէ։
Կարդացեք նաև
Նախորդ խորհրդարանը ժամանակ առ ժամանակ փորձում էր հայտարարել իր ծնողական իրավունքների մասին, համենայնդեպս պահանջում էր պաշտոնաթերթերի հաշվետվություն։ Սակայն դա երբեք չէր կատարվում՝ հարցը թաղում էին օրակարգի մակարդակով։ Պարբերականների իսկական տերերին ձեռնտու չէր հարցի քննարկումը եւ երկար-բարակ խոսակցությունները թերթերի կարգավիճակի, ղեկավարության եւ ֆինանսավորման աղբյուրների մասին։ Ավելին, «Ռեսպուբլիկա Արմենիի» թերթի գրանցումը որպես առանձին պարբերական, իրավական տեսակետից, չափազանց խոցելի է։ Նման օրաթերթ ՀՀ ԳԽ-ն չէր հիմնադրել, ուստի նման բան գրելը, մեղմ ասած, թյուրիմացություն է։
Նորընտիր Ազգային ժողովը, ցանկության դեպքում, կարող է հաստատել ամեն ինչ՝ օրինակ, հեռախոսային գրքույկը որպես սեփական պաշտոնաթերթ։ Այնուամենայնիվ, նա այդ խնդրին, հավանաբար, ստիպված կլինի անդրադառնալ, թեկուզ փոխնախարար նշանակված «ՀՀ»-ի խմբագիր Այդին Մորիկյանի հետնորդի հարցը լուծելու նպատակով։ Կհամաձայնի՞, արդյոք, ԱԺ-ն տանիք տրամադրել պաշտոնաթերթերին, թե կգերադասի «ձեռքերը լվալ» դրանցից։ Թեեւ բացառված չէ, որ թերթերի խմբագիրները֊ հպարտորեն կկրեն «պաշտոնակատար» անվանումը, իսկ ԱԺ-ի պաշտոնաթերթերը կշարունակեն «Օվսաննա» երգել գործադիր իշխանություններին։ Թույլ եմ տալիս ինձ ենթադրել, որ դեմոկրատական մամուլ ստեղծելու խնդիրը դեռեւս օրակարգում դրված չէ։
Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ