Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորս դեպի համակարգչային գրագիտություն

Սեպտեմբեր 12,1995 13:24

Երեկ «Դրո»-ի դատավարությունում շարունակվում էր Արսեն Արծրունու նախնական քննության ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը։ Մթնոլորտը աշխատանքային էր։ Դատավոր Է. Մանուկյանը կարդում էր արձանագրությունը, հարցնում էր ամբաստանյալին, թե համաձա՞յն է նա, արդյոք, դրա բովանդակությանը, որից հետո Արծրունին պատասխանում էր հարցերին։ Աշխատելով այդ ոգով, դատարանը զգալի տեղաշարժ կատարեց ժամանակի մեջ՝ 94-ի դեկտեմբերից հասնելով մինչեւ 95-ի հունվարը։ Իմաստային առումով, սակայն, երեկվա նիստը առանձին առաջընթաց չբերեց։ Արծրունին հստակորեն պահպանում էր ընտրած մարտավարությունը, որն է. ցուցմունքները տվել եմ ճնշման տակ՝ սկզբից խոստումների եւ համոզումների, այնուհետեւ՝ ֆիզիկական ազդեցության։

Դեկտեմբերի 25-ին, ամբաստանյալի խոսքերով, նրան մանրամասնորեն «բացատրեցին», թե ինչը եւ ինչպես պետք է ասել «Դրո»-ի կաոուցվածքի, թմրադեղերի, զենքերի, «Քերոբ» եւ «Թոփ-1» օպերացիաների մասին։ Դեկտեմբերի 27-ի եւ հունվարի 4-ի հարցաքննություններում նա կատարում էր քննիչների ցուցումները:

Դատավարության ժամանակ Արծրունին տալիս էր չափազանց հակիրճ պատասխաններ. չգիտեմ, չեմ հիշում, քննիչներն ավելի լավ կիմանան։ Իսկ համակարգիչների վերծանման նյութերին վերաբերող հարցերին ընդհանրապես հրաժարվեց պատասխանել, հայտարարելով, որ նրա համակարգչի մեջ նման ոչ մի բան չկար: Այդ առիթով տեղի ունեցավ խառնաշփոթ, որի լուծումը դահլիճում գտնվողներից ոչ մեկը, չտիրապետելով համակարգչային տեխնիկային, չէր կարող գտնել։

Արծրունին հայտարարեց, որ համակարգչային բոլոր փաստաթղթերը կեղծիք են եւ որպես ապացույց ներկայացրեց դրանցից մեկը, որի վրա գրված էր. 12.10.94: «Փաստաթուղթը վերատպվել է հոկտեմբերին, 10-րդ ամսին»,- ասաց Արծրունին։ Ոչ ոք չկարողացավ բացատրել, թե ինչպես կարող էր նրա ձերբակալումից եւ համակարգչի առգրավումից առաջ հայտնվել այդ թուղթը։ Համակարգչային գործում փորձառու Արծրունին առաջարկեց նույնիսկ կանչել փորձագետի՝ համոզվելու համար, որ համակարգչի ժամացույցը հետ չի մնացել։ Զարմանալի է, բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ «12.10.94»-ը նշանակում է 94 թվականի 10-ը դեկտեմբերի, քանի որ համակարգիչը, սովորաբար, նշում է ամիսը, այնուհետեւ օրը, ինչպես դա ընդունված է անգլիալեզու երկրներում: Ինչ արած, հետ ենք մնացել աշխարհից։

Ե.  ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան ԻՇԽԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930