Եվ ինչպես են նրանք պայքարում ռամկավարության համար
Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ
– Ընտրությունների ընթացքում ՀՌԱԿ անհաջողության հիմնապատճառ այսօր համարվում է ազդեցիկ առաջնորդների բացակայությունը եւ ժամանակավրեպ գործելակերպը, այսինքն՝ կուսակցությունը պարփակվեց տասնամյակներ առաջ մշակված ծրագրերի շրջանակում: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
– Նախեւառաջ ես համամիտ չեմ այս հարցադրման մեջ առկա մոտեցումներին։ ՀՌԱԿ-ն ընտրությունների չի գնացել տասնամյակներ առաջ մշակված ծրագրով, մեր նախընտրական պլատֆորմը 1995 թվականի ծնունդ փաստաթուղթ է, եւ ըստ մասնագետների՝ ընտրությունների նախաշեմին քաղաքական ասպարեզում ներկայացված առավել լուրջ ծրագրերից մեկը։ Բացի նախընտրական պլատֆորմից՝ մենք հանրապետության տնտեսական, ընկերային եւ քաղաքական զարգացման հարցերի շուրջ մեր մոտեցումներն արտահայտել ենք ամենատարբեր մակարդակներում՝ ընտրողների լսարանին համապատասխան։ ՀՌԱԿ քարոզարշավը կազմակերպված էր գրագետ՝ ե՛ւ քաղաքագիտական, ե՛ւ քաղաքակրթական չափանիշների պահպանմամբ։ Ինչ վերաբերում է ազդեցիկ առաջնորդների բացակայության եւ ժամանակավրեպ գործելակերպի գաղափարներին, ապա ըստ իս, դրանք ոչ թե ընդհանուր հասարակական կարծիքի արտահայտությունն են, այլ «Լրագիր» թերթի
Կարդացեք նաև
տեսակետը։ Ինձ համար դժվար է խոսել ՀՌԱԿ առաջնորդների պատրաստվածության որակի մասին, բայց ես գտնում եմ, որ եթե նման պակաս կա, ապա դա հատուկ է մեր ողջ քաղաքական համայնապատկերին, տվյալ առումով ՀՌԱԿ-ն իրոք բացառություն չէ։
Սակայն նաեւ վստահ եմ, որ քառամյա գործունեության ընթացքում ՀՌԱԿ-ը եղավ որակյալ դարբնոցը շատ կուսակցական գործիչների։ Մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական եւ ազատական սկզբունքներով, դրանցից շեղումը՝ հօգուտ ժամանակի եւ կոնյունկտուրայի, կհանգեցներ այսօրվանից ավելի մեծ կորուստների, մենք կզրկվեինք բարոյական, առարկայական իրավունքից՝ կոչվելու ՌԱՄԿԱՎԱՐ-ԱԶԱՏԱԿԱՆ։
– Մինչ ՌԱԿ համագումար մեկնելը դուք արդեն տեղյակ էիք ՀՎ-ում առկա լուրջ բողոքին։ Նկատի առնելով ՀՌԱԿ առաջին տրոհման նախադեպը՝ փորձել եք ամենասկզբում իսկ փոխզիջման եզրեր գտնել։
– Կարծում եմ, որ կուսակցության առաջին, երկրորդ եւ այլ տրոհումներ չեն եղել։ ՀՌԱԿ անցած տարիներին ապրել է ներկուսակցական զարգացում, որն անհնար է առանց պայքարի։ Ներկուսակցական պայքարն առավել մարտունակ է դարձնում ցանկացած քաղաքական միավորում։ ՀՌԱԿ-ում եղել է երեք անձանց վտարում՝ կուսակցության կանոնադրության խախտման պատճառով։ Վտարվածները բացեցին իրենց քաղաքական միավորումները, հաջողություն նրանց։ Երկրորդ պարագայում մի շատ փոքրիկ խումբ հեռացավ կուսակցությունից եւ ստեղծեց իրենը։ Բայց այդ նույն ընթացքում կուսակցության թվաքանակը կրկնապատկվեց՝ ներառյալ մի շարք անվանի մտավորականների։ Հնարավոր է, որ այդ դեմքերը չգային, եթե ՀՌԱԿ շարքերում մնային վտարվածները կամ հեռացածները։
Ինչ վերաբերում է ՀՎ-ում առկա բողոքին, ապա իրենց անդամությունը վարչությունում կասեցրած երեք անդամները հայտարարությունից զատ հրապարակային ելույթներ ունեցան՝ ուղղակի պիտակավորումներով։ Մեր կանոնադրությամբ անձի վիրավորանքի դեպքում նախատեսվում է պատիժ՝ ընդհուպ մինչեւ հեռացում։ Ես դեմ եմ եղել ոչ միայն հեռացմանը, այլ ընդհանրապես որեւէ պատժական միջոցառման։ Կուսակցության ցանկացած անդամ ոչ միայն կարող է, այլ պետք է քննադատի ղեկավարին, այդ քննադատության առջեւ պատնեշ դնելը ոչ ռամկավարական մոտեցում է։ Անշուշտ, ամեն ոք քննադատում է քաղաքակրթության այն սահմաններում, որ հատուկ է իրեն։ Իմ մեկնումից հետո կատարվեցին կանոնադրական լուրջ խախտումներ. 4-5 հոգով նիստ գումարվեց, ատենապետ փոխվեց: Նույն ընկերները, որոնք պնդում էին, թե դուրսը մեզ չպետք է ղեկավարի, ֆաքսերի տարափ տեղացին ՌԱԿ Ընդհանուր պատգամավորական ժողովին՝ նեղացած երեխաների բողոքը մայրիկին տարբերակով։ Այստեղ զատվեց երկու պարագա. անձնական վիրավորանք, որ ինչ-որ տեղ կարելի է ներել, եւ հակականոնադրական գործողություններ, որոնք իրենց գնահատականը կուսակցության կողմից արդեն ստացան։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ո՛չ ՀՌԱԿ քաղաքական գիծը, ո՛չ կազմակերպչական գործունեությունը երբեւիցե պայմանավորված չեն եղել մի անձի կամքով, այն միշտ կոլեգիալ աշխատանքի արդյունք է եղել։
– Հայաստանի քաղաքական համայնապատկերում ՀՌԱԿ-ՀՀՇ միավորում-միաձուլումը համարվում է օրինաչափ, որովհետեւ երկուսն էլ լիբերալ-դեմոկրատիայի ջատագովներն են։ Կա՞, արդյոք, ձեր դավանանքների եւ ճանապարհների միջեւ տարբերություն։
– Գիտե՛ք՝ իրական լիբերալ-դեմոկրատ հայտարարությամբ կամ բարի ցանկությամբ չեն դառնում։ ՀՀՇ-ն երեկ եւ այսօր ամենամեծ հնարավորություններն ուներ եւ ունի՝ ապացուցելու իր գաղափարական ուղղվածությունը։ Միանշանակ պատասխան տալու իրավունք ես ինձ չեմ վերապահում, միայն մի քանի հարցադրում, եզրակացությունը թողնում եմ ընթերցողներին։ Ա) Կարո՞ղ է քաղաքական կազմակերպությունը կոչվել ժողովրդավարական, եթե համակիրն է հակառամկավար քայլերի՝ մամուլի հետապնդում, փակում, ընդդիմադիր կուսակցության կասեցում (պատրվակները՝ հարգելի կամ ոչ, փաստարկ չեն, դատում են մեղավորների, բայց ոչ կուսակցությանը), զեղծարարությամբ ընտրությունների փոխարինում նշանակումներով… Բ) Կարո՞ղ է տնտեսության մեջ իրեն ազատական համարող կազմակերպությունը գործնականում մոնոպոլիա հաստատել արտադրության, առեւտրի եւ բանկային համակարգի ոլորտներում։ Շուկայական համակարգը նշանակում է մրցակցություն, բայց եթե տվյալ ապրանքի առեւտրով պետք է զբաղվի այս կամ այն անձը, որովհետեւ նա «մեր մարդն է» , ապա մրցակցությունը բացառվում է։ Այսօր բոլոր ոլորտներում իշխում է հայ պաշտոնյայի հարցը՝ «Իսկ ես ի՞նչ ունեմ դրանից», եթե՝ ոչինչ, ուրեմն՝ վերջ։ Օրինակները բազում են. Երեք-չորս տարի առաջ նաեւ ռամկավար շատ գործարարներ ազնվագույն մղումներով եկան Հայաստան աշխատելու, բայց չկարողացան ծավալվել։
– Ի՞նչ կարծիքի եք Ժողովրդական կազմակերպության նախագահ Պետրոս Քացախյանի նախաձեռնության մասին՝ «Բոլոր ռամկավարները պետք է միավորվեն» կոչով
– Պ.Քացախյանին ես ծանոթ եմ, իսկ վերոհիշյալ կազմակերպությանը՝ ո՛չ։ Գիտեմ ընդամենը, որ մասնակցել են ընտրություններին, բայց գաղափարական, կազմակերպական սկզբունքներին անտեղյակ եմ։ Իսկ նախաձեռնություն արձակելը բոլորի իրավունքն է, ուստի հաջողություն մաղթենք, հատկապես եթե շինիչ բնույթի է։ Միայն չգիտեմ, թե ինչու այդ կոչն ուղղված է զուտ մեր կազմակերպությանը, կարելի էր առավել լայն շրջանակներ ներառել՝ թող միավորվեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի ռամկավարները, կառուցեն մի ընդհանուր ռամկավարական տուն, որի ճարտարապետը, հնարավոր է, որ լինի պրն Քացախյանը։ Հաջողություն շինարարական առաջարկին։
Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ