Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փոխադարձ ձգտումներ

Սեպտեմբեր 08,1995 16:30

Թուրքիայի կողմից՝ ավելի ուժեղ

Անդրկովկասի, Միջին Ասիայի եւ Բալկանների համար Ռուսաստանի ու Թուրքիայի պայքարը շարունակվում է։ Իհարկե, Թուրքիայից բացի կան այլ՝ ավելի հզոր մրցող կողմեր, բայց նրանք երբեմն ձգտում են հանդես գալ Թուրքիայի թիկունքում, հատկապես Անդրկովկասում եւ Միջին Ասիայում։ Սակայն Թուրքիան միայն մեծ տերությունների կամակատարը չէ այս պայքարում եւ հետապնդում է իր շահերը, ձգտելով ռեգիոնալ գերտերության կարգավիճակի։ Իսկ նրա անմիջական հարեւանը՝ Հայաստանը, փաստորեն, խոչընդոտում է ազդեցության ծավալմանը։ Հայաստանը շրջանցելու տարբերակ Թուրքիան չունի։ Հայաստանը միշտ ապակայունացնող գործոն է լինելու Թուրքիայի համար։ Այս գործոնը մրցակից տերությունները միշտ կարող են օգտագործել Թուրքիայի դեմ։ Հայաստանում ազդեցություն ունենալը, բարիդրացիական հարաբերություններ հաստատելը Թուրքիայի համար կարեւոր ստրատեգիական խնդիր է։ Արեւմուտքը խոշոր վարկեր տրամադրելով Հայաստանին, ինչ-որ առումով օգնում է նաեւ Թուրքիային, որոշ չափով թուլացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից եւ Իրանից։

Թուրքիան հասկանում է, որ չի կարող մեծ ազդեցություն ունենալ Հայաստանում, բայց ձգտում է առնվազն հավասարակշռել ուժերը։ Ռուսաստանն ու Իրանը առաջ են անցել եւ այս առումով ավելի շահավետ դիրքերում են։ Հայաստանում է գտնվում Ռուսաստանի ռազմական հենակետը, Ռուսաստանի մասնակցությամբ վերագործարկվում է մեր ատոմակայանը, Հայաստանի շատ արդյունաբերական ձեռնարկություններ ավանդական կապեր ունեն ռուսական տնտեսության հետ։ Իրանի հետ առեւտուրը գնալով ավելի աշխուժանում է, ապագայում սպասվում է ծավալների ընդլայնում։ Շուտով կսկսվի Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման ցանցի եւ գազամուղի կառուցումը։ Հայաստանի տնտեսության հիմքը՝ էներգետիկան, այսպիսով, կախված է լինելու Ռուսաստանից եւ Իրանից։ Թուրքական ապրանքներն առաջ Հայաստան էին մտնում Սադախլոյից, այսօր՝ Թբիլիսիից։ Անմիջական առեւտուր չկա, եթե չհաշվենք բիզնես-տուրիզմը, որի ծավալներն այսօր շատ են կրճատվել։

Թուրքիան երկխոսության ուղիներ է որոնում։ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու գործում Թուրքիան հանդիպում է մի շարք կարեւոր խոչընդոտների։ Արտաքին, ամենաբարդ խոչընդոտը Ադրբեջանի վերաբերմունքն է։ Թուրքիան մեծ դժվարությամբ վճռեց բացել Հայաստան տանող օդային ճանապարհը՝ Ադրբեջանում դա ընկալվում էր որպես աջակցություն թշնամուն։ Այս փաստարկը օգտագործվում է նաեւ Թուրքիայի ներսում՝ ազգայնական ընդդիմության կողմից։ Այս հանգամանքից ելնելով, թուրքական իշխանությունները չեն կարողանում էական ինչ-որ բան առաջարկել Հայաստանին։ Միակ առաջարկը սահմանները բացելն է եւ անմիջական առեւտուրը, որով Հայաստանն այնքան էլ շահագրգռված չէ. Թուրքիան առաջարկում է Հայաստանին ազգային կոնսոլիդացնող արժեքները փոխանակել թուրքական անորակ ապրանքներով։ Ինչ վերաբերում է դեպի Եվրոպա բացվող ճանապարհին, ապա՝ նախ Թուրքիան դեպի Եվրոպա տանող ուղիներից մեկն է միայն, երկրորդ՝ Հայաստանում չկա եվրոպական բարձրորակ ապրանքների վճարունակ պահանջարկ, եւ երրորդ՝ եղած չնչին պահանջարկը շատ ավելի ցածր գներով բավարարվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հայաստանի տարածքով նավթամուղի անցկացումն ավելի շահավետ է Թուրքիային, քան՝ Հայաստանին։ Նախ՝ սա ամենակարճ ճանապարհն է, եւ երկրորդ՝ նավթամուղի առկայության դեպքում Հայաստանն այլեւս ապակայունացնող գործոն չէ։ Նավթամուղն ինքը կդառնա տարածաշրջանում կայունության երաշխիք։ Սակայն Հայաստանի զիջումները նավթամուղի հարցը չեն որոշում։ Այս հարցը որոշվում է Մոսկվայում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Անկարայում, բայց ոչ Երեւանում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էլ Թուրքիայի դիրքորոշումը մեծ նշանակություն չունի։ Այդ երկրի դիրքորոշման խստացումը միայն ավելի կսրի հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Վահրամ ԲՐՈՒՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930