– Լեւոն, «Առավոտը» շնորհավորում է Ձեր ծննդյան 40-ամյակը։
– Շնորհակալություն։
– Հավատո՞ւմ եք, որ… 40 եք արդեն։
– Բնավ ո՛չ։ Թեեւ հին հույներն այդ տարիքը անվանել են «ակմե», դրա մեջ տեսնելով մարդուս կյանքի բարձրակետը եւ ֆիզիկական ու մտավոր կարողությունների ծաղկյալ շրջանը։
– 40-ը երկու հատ քսա՞ն է:
– Ինձ համար մեկ քսան, եթե ընդհանուր հաշվարկից հանենք գիշերային ժամերը։
– Լեւոն Լաճիկյանն արվեստաբա՞ն է, թե՞ լրագրող։
– Արվեստաբան-լրագրող։ Արածս արվեստաբանություն է պարբերական մամուլում։
– Ինչպե՞ս եք համատեղում երկուսը Ձեր մեջ։
– Թե չլիներ գեղագետիս մասնագիտությունը, ես չէի հավակնի երկու տող անգամ գրել արվեստից։
– Որտե՞ղ փնտրենք Ձեր արվեստասիրության արմատները:
– Իհարկե, Գյումրիում եւ հայրական իմ օջախում։
– Արվեստի ուժը ինչի՞ մեջ եք տեսնում:
– Առ ՄԱՐԴԸ սեր արթնացնելու մեջ։
– Ես ծանոթ եմ Ձեր գիտական հետաքրքրություններին եւ հոդվածներին, որոնք ընդգրկում են Մխիթարյան հայրերի տեսական-գեղագիտական ժառանգությունը։ Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք զբաղվել լրագրությամբ։
– Արածս պարզ լրագրություն չէ։ Ես լուրջ լրագրության կողմնակից եմ։ Գրելով մշակույթի մասին այս դաժան օրերին փորձեցի իմաստավորել կյանքս։ Մենք ունեցել ենք այդ լրագրությունը, որի լավագույն օրինակը հայ լրագրության Նահապետ «Բազմավէպ» հանդեսն է։
– Գիտեմ, որ անցյալ տարի Դուք հրավիրվել էիք Վենետիկ, Սբ. Ղազար կղզի, բանախոսելու «Բազմավէպի» 150-ամյակին նվիրված գիտաժողովում։
– Այո՛։ Գիտակցական կյանքիս ամենավառ էջն էր այդ։ Հաղորդվեցի մեր նախնյաց եւ հոգեւոր հայրերի անանց արժեքներին ու լցվեցի մշակութային գործունեությունս շարունակելու վճռականությամբ։
– Դուք պարբերական մամուլում հազարից ավելի արվեստաբանական հոդվածների հեղինակ եք։ Այնուամենայնիվ, ի՞նչ նպատակ էին հետապնդում Ձեը հրապարակումները։
– Նպատակը մեկն էր. մեր կյանքի դժվարագույն այս շրջանում արժանին մատուցել այն մարդկանց, ովքեր իրենց գրչով եւ վրձնով փորձում են անխաթար պահել ՀԱՅԻ ինքնությունը։ Յուրաքանչյուր հոդվածս խնկարկում է գեղարվեստի մարդուն։
– Որքան ինձ հայտնի է, Ազգային օպերային թատրոնի Հայելապատ սրահը Դուք եք անվանակոչել։
– Այո՛։ Ես ակամա դարձա հիշյալ սրահի կնքահայրը։ Հոդվածներիցս մեկում առաջարկել էի կամերային այդ սրահը այդուհետ կոչել Հայելապատ։ Առաջարկիս ընդամենը մեկ օր անց գործնականորեն արձագանքել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանը։
– Ընթերցողը սովոր էր «Լեւոն Լաճիկյան» ստորագրությունը կարդալ «Ազգում»։ Այսօր որտե՞ղ փնտրել այդ ստորագրությունը:
– Փնտրողը միշտ կգտնի։ Առավել եւս, որ շարունակում եմ գրել։ Իսկ չգրել չեմ կարող…
– Չխորանալով պատճառների մեջ, այնուամենայնիվ, ինչո՞ւ հեռացաք «Ազգից»։
– Պարզապես ուզում էի սովորական ընթերցող դառնալ։
– Ձեր բոլոր հրապարակումնե՞րն են Ձեզ սրտամոտ:
– Այո՛, այնքանով, որքանով որ գրել եմ։ Պատվերով գործ երբեք չեմ արել։ Գիտեմ ստորագրությանս պատիվը եւ պատասխանատու եմ յուրաքանչյուր տողիս համար։
– Վաղը ոտք եք դնում Ձեր կյանքի հաջորդ 40-ի սեմին։ Ինչպիսի՞ մտահղացումներ ունեք։
– Ինչ վերաբերում է հաջորդ 40-ին, քիչ է մնում համոզեք ինձ, թե ես իրոք, 40 տարեկան եմ։ Մտահղացումներիս մասին կասեմ միայն, որ դրանք շատ են…
Հարցազրույցը վարեց՝ Սարո ԳՅՈԴԱԿՅԱՆԸ