Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կատարյալ ներդաշնակություն չկա

Սեպտեմբեր 08,1995 15:13

«Դրո»-ի դատավարության երեկվա առավոտը ոչ մի լավ բան չէր խոստանում։ Այն սկսվեց փաստաբանների մամուլի ասուլիսից, որի ընթացքում նրանք նկարագրեցին դատավարությունում ստեղծված իրավիճակը ամենասեւ գույներով։ Խոսվում էր անօրինականությունից, դատապաշտպանների անպաշտպանվածությունից, վիճակի անելանելիությունից։ Միաժամանակ, վճռականություն հայտնվեց պայքարել մինչեւ վերջ։ «Ես խնդրում եմ չորրորդ իշխանությանը՝ օգնեք մեզ, օգնեք պայքարելու դատական       իշխանությունների ապօրինության դեմ», կոչ արեց փաստաբան Սահակյանը։

Սակայն երեկվա դատավարության ժամանակ մեր օգնության կարիքը կարծես թե չկար։ Նախագահող Է. Մանուկյանը չափազանց զուսպ էր եւ սիրալիր, խոսք տրամադրելով բոլոր ցանկացողներին։ Այդ մարտավարությունը բերեց իր արդյունքները՝ հաջողվեց հրապարակել Արծրունու հարցաքննությունների երեք արձանագրությունները, իսկ վերջինս, բարեբախտաբար, համաձայնեց մասնակցել դատավարությանը եւ պատասխանեց հրապարակվող փաստաթղթերի վերաբերյալ մի շարք հարցերի:

Ճիշտ է, կատարյալ ներդաշնակություն, այնուամենայնիվ, չստեղծվեց։ Նախագահողի փափկությունը չսառեցրեց պաշտպանության մարտական ոգին։ Միջնորդությունների, հայտարարությունների եւ բողոքների պակաս դատապաշտպանների կողմից չէր զգացվում։ Մեծ խոչընդոտ դարձավ, ըստ դատապաշտպանների, «ոչ պատշաճ ձեւով» կազմված տեղեկանքը, որը վկայում էր Նար-Դոսի փողոցի բնակարանում խուզարկության տեսագրության բացակայության մասին։ Ուշացվում էր նաեւ մի շարք նյութական ապացույցների ներկայացումը, մասնավորապես, Մոսկվայում ՌԴ հակահետախուզության ծառայության կողմից կատարված Արա Հարմանդարյանի հարցաքննության տեսագրությունը։ Դատավորի խոստումները, որ իրեղեն ապացույցների զննման ժամանակ դրանք անպայման կբերվեն, դատապաշտպաններին չհամոզեցին եւ նրանցից մի քանիսը հայտարարեցին, որ միայն ներկա են լինելու դահլիճում, բայց չեն մասնակցելու դատավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվել պահանջվող նյութերը։

Նիստի վերջում Արծրունին խնդրեց տալ հնարավորություն՝ խորհրդակցելու դատապաշտպանի հետ։ Այդ առիթով դատական նիստում հայտարարված է ընդմիջում՝ մինչեւ երկուշաբթի օրը:

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930