Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարսկական մոտիվներ

Սեպտեմբեր 07,1995 17:37

Երեւանում առաջին հատուկենտ պարսկական բեռնատարների հայտնվելով սկսվեց տնտեսության՝ դեպի Իրան կողմնորոշվելու փուլը։ Աստիճանաբար բեռնափոխադրումների ծավալը հարեւան պետությունների միջեւ մեծացավ, կնքվեցին դրանք եւ այլ բազմաթիվ հարցեր կարգավորող պայմանագրեր, եղան պաշտոնական պատվիրակությունների այցելություններ, հավաստիացումներ փոխադարձ վստահության մասին։ Հետո հայտնվեցին պարսկական խանութները, ու մեր ականջներին անսովոր պարսկերենը կարելի էր լսել ամեն քայլափոխի։ Այսպիսին էր սկիզբը մի երեւույթի, որի իրական գնահատականը կտրվի միայն տարիներ հետո, քանի որ այժմ անաչառ գնահատել հնարավոր չէ։ Դրական եւ բացասական կողմերի հավասարակշռությունը կտրուկ փոխվում է այն բանից, թե ո՛ր տեսանկյունից է այն քննարկվում՝ տնտեսական, ընդհանուր հասարակական, ազգային եւ այլն։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ։ Զերծ մնալով պատմական դառը փորձի, աշխարհագրական կործանարար դիրքի եւ այլ զգացմունքային գաղափարների շահարկումից, փորձենք սթափ գնահատել Հայաստանի տնտեսության վիճակը այն օրերին, երբ սկիզբ դրվեց իրանյան «ինտերվենցիային»։

Խորհրդային Միության փլուզումից հետո, միանգամից կտրվեցին տասնամյակների ընթացքում հաստատված կապերը հանրապետությունների միջեւ։ Հարկադրված ինքնամեկուսացման սինդրոմը հատկանշական էր բոլոր նորանկախ հանրապետություններին։ Բնականաբար, դրանց մասնակի վերականգնումը ու նոր տնտեսական կապերի ստեղծումը դարձել է առաջնահերթ խնդիր։ Հայաստանի համար այն ծանրանում էր առնվազն 2–3 հանգամանքներով։ Պատերազմը Ղարաբաղում եւ սահմանամերձ գոտիներում պահանջում էր հսկայական ֆինանսական եւ տնտեսական միջոցներ։ Ադրբեջանի կողմից իրագործվող շրջափակումը։ Խորհրդային տարիներին բեռնափոխադրումների մեծ մասը իրագործվում էր ադրբեջանական երկաթգծով։ Այդ ճանապարհի մեխանիկական պատնեշը հարկադրում էր նոր ուղիների որոնմանը: Ներքաղաքական եւ ներպետական անկայուն կյանքով ապրող Վրաստանը որոշ ժամանակ համարվում էր Հայաստանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Վրաստանը լիովին գիտակցելով իր կարգավիճակը, բոլոր հնարավոր միջոցներով օգտվում էր դրանից՝ Հայաստանին հասցեագրված բեռների թալանում, գազի անօրինական յուրացումներ, Հայաստան մտնող ավտոտրանսպորտի անվտանգության ոչ մի երաշխիք։ Վերջապես Թուրքիան,  որը փաստացի միացավ ադրբեջանական բլոկադային։

Ահա այսպիսի վիճակում, երբ կտրուկ ընկել էր բեռնափոխադրումների ծավալը, Հայաստանի ներքին շուկան բավական աղքատ էր, եղած ապրանքները իրենց գների, մեծ չափերի հասնող արժեզրկման պատճառով մատչելի չէին շատերին, սկիզբ դրվեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ մերձեցման քաղաքականությանը։ Կարճ ժամանակում կազմակերպվեցին պարսկական ապրանքների մեծածախ առեւտրի տոնավաճառներ, Երեւանի կենտրոնական փողոցներում բացվեցին խանութներ, որոնք լիքն են բազմապիսի ապրանքներով, որոնց նկատմամբ պահանջարկը չափազանց մեծ է։ Սա հավանորեն պայմանավորված է ընդհանուր դեֆիցիտի եւ բերվող ապրանքների մատչելի գներով։

Ստույգ թվային տվյալներ չկան, թե օրական քանի մարդ է գնումներ կատարում պարսկական «սուպերմարկետներում», սակայն մշտապես մեծ թվով մարդկանց ներկայությունը այնտեղ, ինչ-որ բան ասում է…

Մասնագետների կարծիքով, իրանական ապրանքների նման մեծ քանակներով ներկրումը Հայաստան, տեղական արտադրանքի արտահանումը Իրան նպաստեց հայկական շուկայում ստեղծված լարվածության մեղմացմանը։

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ: Անժխտելի տնտեսական դրական տեղաշարժերը գիտակցելով՝ այնուհանդերձ հասարակությունը միանշանակ չընդունեց երեւույթը։ Շատ դեպքերում նույնիսկ անբարյացակամ։ Ինչո՞ւ:

Էթնիկապես միատարր պետության համար հեշտ չէր համակերպվել մեծաթիվ օտարազգիների գրեթե անարգել մուտքին։ Հարեւան պետությունների քաղաքացիների ցանկացած քայլ զգուշությամբ էր ընդունվում: Փողոցներում անբռնազբոս հնչող պարսկերենը (հաճախ գուցե թուրքերենը) մեր քաղաքացիներին լուրջ անհանգստություն էր պատճառում։ Այսպիսի հասարակական կարծիքի ձեւավորումը որքան էլ տարերային բնույթ կրեր, այնուհանդերձ մեծապես կախված էր լրատվական միջոցների պրոպագանդայից։ Օտարազգի առեւտրականներին մեղադրում էին մայրաքաղաքի մաքրությունը չպահպանելու, Երեւանում բնակարաններ գնելու, Հայաստանից մետաղի արտահանման, հայ աղջիկների հետ ինտիմ հարաբերություններ ունենալու եւ այլ աշխարհիկ մեղքերի մեջ։

Երեւանի փողոցները երբեք իրենց մաքրությամբ չեն փայլել, զերծ չեն եղել տարբեր կենդանիների (նույնիսկ բարձրակարգ) արտաթորանքներից՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հայ-պարսկական սահմանը խստորեն հսկվում էր։

Եթե օտար պետության քաղաքացին օրենքի սահմաններում անշարժ գույք է ձեռք բերում, ապա դա չի կարող համարվել պետականությանը վտանգող քայլ։

Մետաղը Հայաստանինն է, արտահանման թույլտվությունը տրվում է տեղական իշխանությունների կողմից, Հայաստանի մաքսային ծառայությունները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում չեն խոչընդոտում։

Սա է իրականությունը։ Գաղտնիք չէ, որ կրոնական չափանիշներն ու նորմերը Իրանում բավական խիստ են։ Երեւանում հանդիպելով բարքերի, միջմարդկային հարաբերությունների համեմատական ազատականացմանը, նրանք բնականաբար չխուսափեցին նոր կապեր հաստատելուց։ Այս հարցում նույնպես առաջնահերթությունը հյուրերին տալ պետք չէ, որովհետեւ հայ կանանց «տուրիստական» արշավները Մերձավոր Արեւելք եւ Թուրքիա սկսվել էին շատ ավելի վաղ:

Ստեղծված «հասարակական անհամատեղելիությունը» գուցե եւ բնորոշ է հարաբերությունների այս փուլին։ Դրանց խորացումը, լուրջ առեւտրատնտեսական գործարքների, պայմանագրերի իրականացումը կստեղծի որակապես նոր վիճակ։ Իսկ ժամանակը աստիճանաբար կհաղթահարի 70-ամյա արհեստական օտարացումը ու կձեւավորի նոր, փոխադարձ ընդունելի հարաբերություններ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930