Հայոց լեզվի աստեղային ժամը Շարժման այն շրջանում էր, երբ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում տերուտնօրինություն էին անում ռուսական տանկերն ու զրահամեքենաները, իսկ Ազատության հրապարակը, մեղմ ասած, օկուպացվել էր։ Այդ ժամանակ էր, որ գոհունակությամբ ու մասնավորապես նշվեց, որ մեր մայրենին միայն պոետների համար չէ «ոսկեղենիկ» ու «հազարագանձ»։ Հիշողներ անպայման կգտնվեն, որ այդ շրջանում ռուսախոս հայերը կամ ջանում էին խոսել թեկուզեւ դժվարությամբ, բայց հայերեն, կամ՝ եթե ռուսերեն, ապա կիսաձայն։ Հետո ռուսական երկաթ-պողպատները գնացին այլ եզերքների պետքերը «հոգալու», Հայաստանն էլ սկսեց իր պետություն դառնալու ծանր շրջանը ապրել՝ հայտնի զրկանքներով։ Սկզբում ցուցափեղկերը ամայացան, հետո զարդարվեցին պատկերասրահային արժեք ստացած երշիկ-կաթնեղենով, հագուստ կապուստով, մեր ԿՎՆ-ն էլ Մոսկվայում հաղթող ճանաչվեց (միայն դրա համար արժե, որ մեր երեխաներին ռուսաց դպրոցներ ուղարկենք), եւ
գոհունակությամբ եւ մասնավորապես նշվեց, որ տանկի վրա ոտքերը չռած-նստած ավտոմատավոր զինվորը ընդամենը շոկոլադ բաժանող բարի քեռի էր։ Եվ կրկին «ոսկեղենիկն» ու «հազարագանձը» պոետների փայաբաժինը դառնալու ետդարձի ճամփան բռնեցին, ու թե պակաս-պռատ բան մնացել էր, ՀՀ ԳԽ լեզվի օրենքի ընդունմամբ ու Լեզվի պետական տեսչության ստեղծմամբ «ամեն ինչ իր տեղն ընկավ»։
Ու հիմա գոհունակությամբ ու մասնավորապես կարող ենք նշել, որ «ռուս քեռու» հանդեպ ժամանակավոր հիասթափությունը միամտորեն շփոթվել է մայրենի լեզվի վերաարժեքավորման հետ։
Եվ անիմաստ ու անտեղի ջուր ծեծել է, ըստ իս, պարբերաբար հիշեցնել ռուսաց դպրոցների անհրաժեշտության օգտին մամուլում հանդես եկողներին, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է (ի ցավ իրենց), կամ իրենց «քաղաքակիրթ» կեցվածքին հակադրել քաղաքակիրթ պետությունների կեցվածքը իրենց պետական լեզվի հանդեպ, կամ բարոյախոսական ճառեր ասել զգայական շաղախով։
Կարդացեք նաև
Ընդամենը իրավական պետության հայտ ներկայացրած մեր երկրի իշխանությունները պարտավոր են հիշել, որ ընդունված օրենքը պատմության դարակներին ի պահ տալու համար չէ։
Արդեն իսկ անպատվաբեր է, որ մեր լեզուն մեզանից պաշտպանելու համար օրենք է ընդունվել։ Սակայն անպատվաբեր է թե ոչ՝ կատարված փաստ է։ Եթե այդ օրենքը ընդունելու անհրաժեշտություն ծագել է, կույր չձեւանանք՝ պաշտպանության կարիք, իրոք, ունի մեր լեզուն։
Պաշտպանիր, ուրեմն, հարգարժան պետություն, քո պետական լեզվի իրավունքները։
Վերամբա՞րձ էր։ Դեմ չեմ։ Ինչ կա որ, աններելի հանցանք չէ։
Լիզա ՃԱՂԱՐՅԱՆ